Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ. «Խնդրում եմ՝ թույլ տան խաղատներն եւ ակումբներն աշխատեն, 1000 հոգի գործազուրկ է, պետությունից 10 դրամ չենք ստացել»

Հունիս 10,2020 19:33

Այսօր կառավարության շենքի մոտ խաղատներից մեկի աշխատակից Գարիկ Կիրակոսյանը միայնակ բողոքի ցույց էր անում. Նա պնդում էր՝ մարտի 21-ից, երբ պարետի որոշմամբ  արգելվեց խաղատների գործունեությունը, չի աշխատում եւ այս ընթացքում հարկադիր պարապուրդի համար պետությունից որեւէ աջակցություն չի ստացել:

«Եթե սահմանափակումներ են անում, թող հավասար բոլորի համար անեն: Հիմա խաղատներին, ակումբներին չեն թողնում աշխատեն, ես էլ էդ ոլորտից եմ ու չեմ աշխատում: Ինչո՞ւ»,-ասաց Կիրակոսյանը:

Կիրակոսյանին ոստիկանները հորդորեցին դադարեցնել ցույցը, քանի որ պարետի որոշմամբ հավաքներն արգելված են՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում  արտակարգ դրություն է հայտարարվել: Ոստիկանները Կիրակոսյանին հինգ րոպե ժամանակ տվեցին, այն լրանալուց հետո հորդորեցին լքել տարածքը, այլապես բերման կենթարկեն:

«Ես պահանջում եմ կառավարությունից մարդ գա, բայց ոչ մեկ չի արձագանքում, հեռախոսազանգերիս չեն պատասխանում, որովհետեւ իրենց էրեխեքի փորը կուշտ է: Ես խնդրում եմ՝ թույլ տան  խաղատներն եւ ակումբներն աշխատեն: Էս ոլորտում 1000 աշխատող կա, չեն աշխատում, գումարած նրանց ընտանիքները»,-ասաց քաղաքացին:

Կիրակոսյանն ասաց, որ հակաճգնաժամային ծրագրից փորձել է օգտվել. «Բայց որը լրացնում էինք, գրում էր՝ դուք մերժված եք, բա ինչո՞վ ապրենք: Խաղատների ու ակումբների աշխատողները 10 դրամ էլ չեն ստացել»:

Կիրակոսյանը վստահեցրեց՝ խաղատների, ակումբների գործատուներն իրենց աշխատակիցներին տուն առ տուն սննդով ապահովել են.«Բայց ինչքա՞ն կարան անեն, մենք ձրիակեր չենք, ուզում ենք աշխատել: Իրենք էլ չեն աշխատում, եկամուտ չունեն, ինչքա՞ն կարան օգնեն: Թող բացեն, աշխատենք, չենք ուզում գողություն անենք, օրենք խախտենք»:

Քաղաքացին հայտարարեց՝ կառավարությանը նամակ է ուղարկել, եթե սպառիչ պատասխան չստանա, վաղը կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց է անելու, այս անգամ մենակ չի լինի.«Ես էդ 1000 հոգուց լիազորված եմ ցույց անել, բոլորս՝ ընտանիքներով գալու ենք ցույց անենք, տեսնենք՝ ինչ են ասելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930