Լրահոս
Օրվա լրահոսը

Կայունացման միտումի պահպանման պարագայում կանցնենք «կորոնավիրուսի հաղթահարման, ավելի ճիշտ`զրոյացման փուլին». Նիկոլ Փաշինյան

Հունիս 10,2020 19:12

«Վիճակագրությունը Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի կայունացման թույլ նախանշաններ է ցույց տալիս»,-այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ կայունացումը տեղի է ունենում բավականին բարձր նշաձողի վրա. երեկ 428 նոր դեպք է եղել, բայց այս բարձր նշաձողով կայունացումը, ըստ վարչապետի, համատեղ ջանքերի շնորհիվ, մեր առողջապահական համակարգի համար դառնում է տանելի:

«Ըստ էության,  հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրն ամեն օրվա հետ փոքրանում է»,- ասաց նա`հավելելով, որ այս միտումի պահպանման դեպքում արդեն կկարողանանք անցնել «կորոնավիրուսի հաղթահարման, ավելի ճիշտ`զրոյացման փուլին»: Այս խնդիրը լուծելու գործիքը շարունակում է մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը, ինչը այժմ, ըստ վարչապետի ակնհայտ է, որ քաղաքացիներն առավել կարգապահ են անում: Թեեւ դեռեւս ցանկալի արդյունք չունենք, այսօր, օրվա առաջին կեսին ոստիկանները հանրապետության ողջ տարածքում 1800 քաղաքացու են տուգանել`դիմակ չկրելու համար, սակայն վարչապետը հստակեցրեց` տուգանվածների նման մեծ թվի նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանումը:

Վարակի դեմ պայքարի գործում, ըստ վարչապետի, հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ հոգեհանգստյան եւ հուղարկավորությունների արարողությունները, որոնք ընթանում են պարետատան սահմանած կանոններից դուրս`բազմամարդ եւ առանց կանոնների պահպանման: Տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է արարողությունների մեկնարկից առաջ բնակչության շրջանում բացատրական աշխատանք տանել`հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: Շարունակում են խնդրահարույց մնալ նաեւ «ընդհատակյա հարսանիքները»:

Երեկ բուժվածների մասով բացառիկ ցուցանիշ է եղել`775 բուժված: Կա նաեւ տասը մահ կորոնավիրուսից եւ երեք մահ, որոնք կապված չեն համավարակի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930