«Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակման 60 դեպք կա: 18 հիվանդներ Կապանի ԲԿ-ում են, մյուսները մեկուսացված են: Կորոնավիրուսից մահվան դեպք դեռ չենք ունեցել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր չէր եկել ԱԺ՝ նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելու: «Նա կոնտակտավոր է եւ մեկուսացված է»,-հայտնեց Բաբայանը: Ապա` նա անդրադարձավ Քաջարանում, այնուհետեւ՝ նաեւ Կապանում ծավալված վերջին աղմկոտ դեպքերին:
Հիշեցնենք՝ կրակոցներ էին հնչել, կան կալանավորվածներ: Նարեկ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ Քաջարանի դեպքերը քաղաքական ենթատեքստ չունեն, իր եւ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ կապ չունեն: Նարեկ Բաբայանը չցանկացավ մեկնաբանել՝ ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ բռնության դեպքեր եղե՞լ են. «Եթե եղել են, մեղավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն»:
Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, որ Քաջարանի դեպքերը քրեաօլիգարխիկ բարքերի հետ են կապված, Նարեկ Բաբայանը կրկին չցանկացավ գնահատական տալ. «Բայց այն, որ Հունան Պողոսյանի նշանակումից հետո մարզում դրական փոփոխություններ են եղել, ամեն բնակիչ կփաստի: Բոլոր մարզերում էլ կարող են միջադեպեր լինել, իսկ Քաջարանի միջադեպն առանձնացավ նրանով, որ փորձեցին քաղաքական բնույթ տալ դրան»: Փոխմարզպետը նաեւ հերքեց տեղեկությունները, թե իր եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հետ լարված հարաբերություններ ունի. «Պարբերաբար հանդիպում ենք, սուրճ խմում, գործերը քննարկում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ