Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քննարկվեց Գյումրու տոնը նշելու համար դրամական միջոցներ հատկացնելու հարցը։
Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ասաց․ «Ընկերներ, շատ ուրախ կլինենք և շատ հաճելի կլինի, որ մինչև Գյումրու օրը նշելն այս կարանտինային վիճակն, այս արտակարգ իրավիճակը վերանա, ու մենք կարողանանք մեր քաղաքի տոնը էլի շուքով նշել։
Ամեն դեպքում, բյուջեով նախատեսված է, մենք սրտանց սպասում ենք, որ օրը գա և հնարավոր լինի միջոցառում անել։ 8 միլիոն նախատեսված դրամը նախագծի ձևով ներկայացնում եմ ձեզ, նախահաշիվ չկա, որովհետև ինքներս չգիտենք՝ ինչ ծախսեր և ինչ ենք անելու և արդյոք անելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, քանի որ մինչև այդ օրերը հասնելն ավագանու նիստ չի լինելու, ես այսօր այս ծախսը ներկայացնում եմ ավագանու հաստատմանը։ Հնարավորություն եղավ, ի վիճակի եղանք, կկատարենք, չէ՝ այդ գումարը կմնա որպես տնտեսում, բյուջեի այլ ծախս»։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ դժվար իրավիճակ է, ամեն դեպքում, Գյումրու տոնակատարություններին համար նախատեսում են գումար՝ անցած տարվա ծախսածի չափով․ այն արդեն իսկ կա հաստատված տարեկան բյուջեում։
Կարդացեք նաև
«Ստացվեց՝ ստացվեց, եթե իրականում վիճակը լավ եղավ, չեղավ կարանտինային վիճակ, Գյումրու օրը կնշենք և անպայման օգոստոսին կնշենք, օգոստոսի վերջին կիրակի կամ շաբաթ օրը։ Իհարկե, այդ մասին կհայտարարենք, եթե հնարավոր եղավ նշելու», -ասաց քաղաքապետը։
ԳԱԼԱ խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը հետաքրքրվեց, թե այս տարի ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված՝ մտածե՞լ են տոնը նշելու այլընտրանքային տարբերակներ, ոչ թե այն ամեն տարվա պես լինի բացօթյա համերգներով, հրավառությամբ։
Լենա Ջիլավյանն ասաց․ «Առայժմ գումարը նախատեսենք, հետո կնայենք, կարող է պատահի հենց էդ օրերին էս վիրուսը երկրից վերացած լինի, ու մենք կարողանանք ոչ թե Գյումրու օր, այլ շքեղ քեֆ անենք, ուրախանանք։ Ամեն դեպքում նախահաշիվ չկա, երբ որ արդեն անելու լինենք, նախահաշիվը կկազմենք, անելուց հետո հաշվետվություն կներկայացնենք»։
Սամվել Բալասանյանն էլ ասաց՝ չգիտեն տոնը կլինի, թե չի լինի, բացօթյա կլինի, թե՞ ոչ, պարզապես սա ավագանու վերջին նիստն է․ ավագանու անդամները արձակուրդ են գնում ու հարցն այդ պատճառով են օրակարգ մտցրել։
Գյումրու ԳԱԼԱ խմբակցության անդամ Արման Գրիգորյանն էլ առաջարկեց ոչ թե 8 միլիոն, այլ 6 միլիոն նախատեսել՝ ելնելով այն հանգամանքից, որ կորոնավիրուսային ճգնաժամով պայմանավորված հավաքագրումներ չեն կատարվում։
Գյումրու քաղաքապետը չառարկեց, իսկ քաղաքի գլխավոր ֆինանսիստը հարցրեց․ «Կասե՞ք Երևանի տոնը ինչքան նստեց»։
Սամվել Բալասանյանը պատասխանեց․ «Հիմա մերը 7 միլիոն է, իրենցը՝ 170 միլիոն, ես չգիտեմ ճիշտն ասած, Երևանը Երևան է․․․ Մենք կֆիքսենք 6-7 միլիոն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ