Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«1997-ից Հայաստանում սկիզբ է դրվել մեդիա-տեռորի». Արման Բաբաջանյան

Հունիս 10,2020 17:31

«Գաղտնիք չէ, որ այսօր մեր հեռարձակողների եւ օպերատորների մի մասը սպասարկում է կոնկրետ քաղաքական շահ՝ կոնկրետ կուսակցությունների եւ կոնկրետ մարդկանց, օլիգարխների, եւ դրանով պայմանավորված, կոնկրետ տարածում են ապատեղեկատվություն՝ ամենօրյա ռեժիմով, հանրությանը գցելով տարբեր տեսակի մոլորությունների մեջ: Մենք սահմանափակում ենք դնում, եւ այդ մարդիկ ստեղծում են տնտեսվարողներ՝ այլոց անվան տակ, եւ այդ տնտեսվարողները ֆինանսական միջոցներ են հատկացնում այդ օպերատորներին եւ գումարն, ուղղակի այս ճանապարհով չի գալիս, այլ ճանապարհով է գալիս. մենք ինչպե՞ս ենք դա վերահսկելու»,-այս դիտարկում-հարցն այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հնչեցրեց հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Տեսալսողական մեդիայի» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանը, Մխիթար Հայրապետյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հարցի հիմնական զեկուցող Վահագն Թեւոսյանը, մինչ հիմնական պատասխանը հնչեցնելն, անդրադարձավ խոսքի նախաբանին. «Քաղաքական շահ սպասարկելն, ըստ էության, վատ բան չէ, եթե դա արվում է գոյություն ունեցող էթիկական եւ իրավական նորմերի շրջանակում: Այսինքն՝ եթե մեդիա-ծառայությունները ապատեղեկատվություն չեն տրամադրում, եթե ինչ-որ մեկին խոսք է ուղղված` իրենք տալիս են պատասխանելու իրավունք, եթե իրենք տեղեկացնում են, որ իրենց աղբյուրներն անանուն են կամ մանրամասն ճշտված չեն եւ այլն: Մեզ մոտ այնքան էլ քաղաքական շահ չի սպասարկվում, մեզ մոտ էգոցենտրիզմի, մորթապաշտության, քրեական հետապնդումներից առավելագույնս խուսափելու եւ նման դրսեւորումների սպասարկում է տեղի ունենում, որը եթե ապատեղեկատվություն է, զրպարտություն է, դրանով պիտի զբաղվի կամ դատախազությունը կամ մարդը, որին զրպարտել են»:

Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ «էթիկական նորմ» ասվածի սահմանումը հայտնի չէ, եւ հաճախ միեւնույն նյութը կարելի է մատուցել ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ մանիպուլյատիվ: Իշխանական պատգամավորը հստակեցրեց՝ չի կարծում, թե պետությունը յուրաքանչյուր կոնտենտը պետք է վերահսկի, բայց ընդհանուր չափանիշներ պետք է գործեն:

Նախագծի համահեղինակ Արման Բաբաջանյանն էլ իր ելույթում ասաց, որ 1997-ից Հայաստանում սկիզբ է դրվել մեդիա-տեռորի եւ երբ ասում է, որ իշխանությունը բռնազավթված է եղել, դա եղել է նաեւ մեդիայի միջոցով: «Ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ մերթընդմերթ չեն ընդունում, որ Հայաստանում օլիգարխներ կան, բայց օլիգարխեր կան Հայաստանում, նրանց ողնաշարը կոտրված չէ եւ վկան` մեր հեռուստատեսային իրականությունն է, որտեղ օլիգարխիան ունի խոշորածավալ ներգրավվածություն եւ դերակատարություն, մեդիայի շնորհիվ իրացնում են իրենց ոչ տնտեսական նպատակները»,- ասաց նա:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930