Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզում կա 133 վարակակիր, որոնցից 26-ը բուժկենտրոններում են, ինտենսիվ թերապիայում երեկվա դրությամբ 3 հոգի է եղել: Ընդհանուր առմամբ մարդիկ պահպանում են պարետի որոշումները, սպասարկման կազմակերպությունների նկատմամբ մեծ հսկողություն կա:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե անտառահատումերի գործով ինչ զարգացումներ կան՝ մարզպետը պատասխանեց. «Վերջին 1 տարվա ընթացքում խիստ ծանրաբեռնված ենք եղել այդ աշխատանքով, ոչ միայն շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառի» ուժերով, այլև ոստիկանության ուժերով ու կարող ենք արձանագրել, որ մասսայական անտառահատումները Տավուշի մարզում այլեւս վերացած են ու գոյություն ունեցող ոչ օրինական անտառահատումները հիմնականում հայտնաբերվում են ու դրանց ընթացք է տրվում»:
Մարզպետը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին անտառային բալանսի մեջ մեծ փոփոխություններ կունենան:
Հարցին՝ «Հայանտառի» կադրային քաղաքականությունից գո՞հ եք, որովհետեւ տեղեկություններ կան, որ նախկին իշխանությունների հետ շատ լավ համագործակցած անտառապահները նշանակվում են լավ պաշտոնների՝ Չոբանյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ «Հայանտառի» եւ մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի եւ 100%-ով պետք է ամբողջ անձնակազմը փոխվի: Այո, ճիշտ եք, նախորդ շրջանում փոխկապակցված են եղել «Հայանտառի» աշխատակիցները ե՛ւ կրիմինալ կառույցների հետ եւ այն օժանդակ կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը: Այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն: Դրա համար պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, Աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս, որ այդ մարդկանց ազատեն աշխատանքից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ