Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղաղասիրության վարկանիշ․ Հայաստանը գրանցել է դիրքային ամենամեծ առաջընթացը, ավելացել է նաև քաղաքական տեռորի մակարդակը

Հունիս 10,2020 16:42

Ավստրալիայի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի վերլուծական կենտրոնը հրապարակել է խաղաղասիրության համաշխարհային վարկանիշը, որը հիմնված է մի շարք ցուցանիշների վրա՝ ապահովություն և անվտանգություն, ընթացիկ հակամարտություններ, ռազմականացում: Փորձագետները երկրներին շնորհում են գնահատականներ՝ 1-ից մինչև 5: Վարկանիշում տեղ է գտել 163 երկիր:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ գրանցելով մեծ առաջընթաց, հայտնվել է 99-րդ հորիզոնականում: Հայաստանի խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմում է 2.135 կետ, ինչը նշանակում է, որ մեր երկիրը 15 հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Նշվում է, որ Հայաստանը մասնավորապես մեծ առաջընթաց է գրանցել ապահովության և անվտանգության բնագավառում, ինչի շնորհիվ վերջին երեք տարում երկրում 35 տոկոսով նվազել է բանտարկյալների թիվը և այժմ կազմում է 76 ազատազրկված՝ 100 հազար մարդու հաշվով: Այպիսով, Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է Եվրասիական տարածքում: Երկիրը բարելավել է դիրքերը նաև սպանությունների նվազման, քաղաքական կայունության և ահաբեկչության ազդեցության անկման ցուցանիշներով։

Չնայած զգալի առաջընթացին՝ Հայաստանը, ըստ զեկույցի, հետընթաց է գրանցել մի շարք ցուցանիշներով: Փորձագետները փաստում են, որ թեպետ երկրում քաղաքական անկայուն իրավիճակը բարելավել է, բայց դա տեղի է ունեցել կառավարության միջամտության ավելացման շնորհիվ, ինչի հետևանքով ավելացել է քաղաքական տեռորի մակարդակը: Բացի այդ մեր երկիրը հետընթաց է գրանցել ռազմականացման ոլորտում՝ զենքի ներմուծման ծավալների, ռազմական ծախսերի մեծացման պատճառով:

Հայաստանի հարևաններից Ադրբեջանը վարկանիշում զբաղեցրել է 120-րդ, Վրաստանը՝ 95-րդ, Իրանը՝ 142-րդ, Թուրքիան՝ 150-րդ, իսկ Ռուսաստանը 154-րդ տեղը։ Նշվում է, որ խաղաղասիրության ցուցանիշներն ամենից շատ առաջընթաց են գրանցել Հայաստանի և Ադրբեջանի մոտ: Ըստ զեկույցի հեղինակների՝ պատճառը Ղարաբաղյան հակամարտության հարաբերական կայունացումն է։ Նշվում է, որ վերջին խոշոր, բաց հակամարտությունը եղել է 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմը։ Բացի այդ զեկույցի հեղինակները փաստում են, որ 2017-2019թթ. հաստատված հրադադարի ռեժիմից և 2018թ. Հայաստանում այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունից հետո զգալիորեն բարելավել է երկու երկրների միջև հարաբերությունները: Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ սոցիալական ապահովության և անվտանգության ոլորտներում, երկրում բարձր է հանցավորության, քաղաքական անկայունության և տեռորի մակարդակը:

Խաղաղասիրության մակարդակով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Իսլանդիան, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Չեխիան, Ճապոնիան, Շվեյցարիան: Իսկ վատագույն տասնյակում են ներառվել Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Հարավային Սուդանը, Եմենը, Սոմալին, Լիբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930