Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում է Վահագն Թեւոսյանի, Արման Բաբաջանյանի, Մխիթար Հայրապետյանի հեղինակած` «Տեսալսողական մեդիայի» մասին նախագիծը

Հունիս 10,2020 16:30

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Տեսալսողական մեդիայի» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանը, Մխիթար Հայրապետյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նախագիծը`հեռուստաեթերն, այսպես ասած, մաքրելու եւ վերահսկելու մասին է:

Հարցի հիմնական զեկուցող Վահագն Թեւոսյանն ասաց, որ այս տարի լրանում է հանրային մուլտիպլեքսի (հեռուստատեսության սփռման ցանցի) սլոթ օգտագործողների արտոնագրերի ժամկետները եւ անհրաժեշտ է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հուլիսի վերջին նոր մրցույթ հայտարարի, որը սլոթի օգտագործման արտոնագիր պետք է տրամադրի ևս տասը տարով: Մրցույթները պետք է հայտարարվեին գործող օրենքով: Որպեսզի դա տեղի չունենա, իշխանությունը նոր օրենք է բերել: Եթե նախագիծն ընդունվի մինչեւ հուլիսի 20-ը, հանրային մուլտիպլեքսի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի 20-ին, եւ արդեն ոչ թե առանձին հաճախությունների կամ սլոթերի համար առանձին մրցույթներ կլինեն, այլ ամբողջ փաթեթը կդրվի մրցույթի եւ բոլոր հնարավոր մասնակիցները կմասնակցեն մրցույթին`ռեյտինգային կարգով:

Այս օրենքի ընդունումից հետո, Վահագն Թեւոսյանն ու նախագծի մյուս հեղինակներն ակնկալում են`տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում: Վահագն Թեւոսյանն ասում է իր կարծիքով բարենպաստ եւ հեռանկարային իրավական դաշտ են ստեղել եւ կանոններն ավելի հստակ են սահմանված, քան գործող օրենքում է: Կարծում են, որ նախագիծն ապահովելու է մեդիա ոլորտում հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բարձրորակ լրագրություն, մեդիագրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, ոլորտում սեփականատերերի թափանցիկություն, հավաստի եւ որակյալ արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում:

Նախագծով արգելվում է տեսալսողական հաղորդումներն օգտագործել իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու եւ տապալելու քարոզչությունը, ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու, պատերազմ քարոզելու, քրեական օրենսգրքով արգելված արարքների կոչերը, պոռնկագրություն տարածելը, բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելը: Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:

Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու է կարգավորող պետական մարմինը:

Առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Պահանջ է դրված կրկնօրինակել, հնչյունավորել այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով՝ բացառությամբ օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումների, ինչպես նաև երաժշտական ստեղծագործությունների:

Տեսալսողական մեդիածառայությունները և տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը`մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակելով տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին, ինչպես նաև տեղեկություններ` հիմնադիրների և մասնակիցների մասին: Իսկ եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:

Տեսալսողական մեդիածառայությունները և տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի չափի վերաբերյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ համանման մեկ այլ նախագիծ ներկայացրել էին լրագրողական կազմակերպությունները` Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որը չդրվեց շրջանառության մեջ: Իշխանական պատգամավորների ներկայացրած այս նախագիծը վերոնշյալ կազմակերպությունների կողմից որակվեց հերթական կոսմետիկ փոփոխություն, որը մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը որեւէ կերպ չի նպաստում, քանի որ տրվում է դրա միայն իրավական հնարավորությունը, այն էլ՝ բավականին սահմանափակ եղանակներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930