ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց թափառող շների խնդրից. «Բացի վախ սերմանելուց՝ շները քաղաքացիներին նաեւ ֆինանսական վնաս են հասցնում, կայանված մեքենաներն են վնասում»:
Հայկ Սարգսյանը նախ նշեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, որը, ցավոք, ազդեց ՀՈԱԿ-ի աշխատանքի արդյունավետության վրա. «Դա կարճ ժամանակահատված էր, աշխատանքը վերսկսված է: Մեր թեժ գծով եւս պարբերաբար ահազանգեր ենք ստանում թափառող շների հետ կապված, եւ ՀՈԱԿ-ը հասցեական գնում է զանգերի հետեւից, բայց այս պահին ստերջացման աշխատանքն ընդհանուր ծավալի կեսը կատարված է: Մինչեւ մյուս տարվա կեսն ավելի արդյունավետ համակարգ կունենանք, որովհետեւ ՀՈԱԿ-ի նոր շենքն արդեն շահագործվում է: Մոտ 300 շան տարբեր նպատակներով, այդ թվում՝ բուժման, հնարավոր կլինի պահել շենքի առանձին ճաղավանդակներում, իսկ դա մեծ թիվ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ