Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես Գագիկ Ծառուկյանին խղճում եմ, ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը եւ անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից». Լոռու մարզպետ

Հունիս 10,2020 16:09

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ակտիվորեն կիսվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ շուրջ 40 տարվա վաղեմության քրգործով: Այսօր նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Իրավական առումով գուցե վճիռ կա դրանից հետո, բայց արդեն բոլորս հասկանում ենք, թե ինչ ձեւով է եղել այդ վճիռը: Ես գտնում եմ, որ մեր քաղաքացիները պետք է տեղյակ լինեն դրան, ես ճիշտ եմ համարել, որ կիսվեմ ու եթե այդ քաղաքական ուժը համախմբվելու կոչ է անում, կարծում եմ, այդ դրվագին պետք է մեր քաղաքացիները տեղյակ լինեն»:

ԲՀԿ-ականները մատնանշում են դատարանի վճիռը այդ գործով, մարզպետը վստահեցնում է, որ դատավորներն այդ ընթացքում անաչառ չեն եղել:

Անդրեյ Ղուկասյանը նաեւ հայտարարեց. «Որեւէ կեղտոտ միջոց չկա, ընդամենը փաստն ենք արձանագրել: Ես, որպես քաղաքական գործիչ, ճիշտն ասած Գագիկ Ծառուկյանին խղճում եմ, ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը եւ անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից: Այդ դեպքը եւս բացառություն չէ: Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք եւ բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»:

Հարցին՝ ասացիք, որ խղճում եք Գագիկ Ծառուկյանին, կասե՞ք ձեզ, որպես քաղաքական գործիչ, մինչեւ հեղափոխությունն ո՞վ էր ճանաչում ու եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ արդյունք կգրանցեիք՝ Ղուկասյանը պատասխանեց, որ ինքը մասնագիտությամբ բժիշկ է ու որպես բժիշկ իրեն շատերն են ճանաչել, ունեցել է բավականին հաջողություններ, ճանաչողություն:

Ըստ մարզպետի, Գագիկ Ծառուկյանի վերջին քայլը՝ այլ ուժերի հետ համախմբման, շատ կոպիտ սխալ էր:

Aravot.am-ի հարցին՝ իշխանականների պահվածքը, երբ նման քաղաքական սրացում է լինում, ամբողջ թիմով լծվում են ԲՀԿ-ին քարկոծելու գործին, ինչքանո՞վ է նորմալ՝ նա պատասխանեց. «Քաղաքականությունը թիմային աշխատանք է ու թիմով պետք է որոշումներ կայացնել»: Մեր դիտարկմանը՝ ԲՀԿ-ականներն ասում են, որ իշխանականները լկտիության սահմաններն անցնում են արդեն, երբ 40 տարվա վաղեմության քրգործերն են հանում մեջտեղ՝ Ղուկասյանը պատասխանեց. «Կներեք, խմբակային բռնաբարություն եւ կողոպուտ իրականացրած անձի ընդամենը անցյալը հիշեցնելու մեջ լկտիության որեւէ նշույլ անգամ չկա: Քաղաքացիները դրա մասին պետք է ավելի շուտ տեղյակ լինեին կամ դրա մասին պետք է հայտարարեին կամ խոսեին հենց ԲՀԿ-ական պատգամավորները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930