Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ զորակցությունն ու կարեկցանքն եմ հայտնում Աբովյանի գործող քաղաքապետին՝ այդ վիճակում հայտնվելու համար». Ռոմանոս Պետրոսյանը՝ Ծառուկյանի դիսկոմֆորտի մասին

Հունիս 10,2020 15:39

«Այն հայտարարությունները, որ պարոն Ծառուկյանն արել է օրերս, ես Կոտայքում գործելով ու ապրելով՝ երկու տարի լսել եմ ու այդ մրցապայքարի առաջնագծում եմ եղել ու ինձ համար էականորեն այդ հայտարարության պահին ոչինչ չի փոխվել: Կոտայքում իմ գործունեության մեկնարկից հետո ամենաշատ նախկին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչ համայնքապետեր են փոխվել վերջին 1-2 տարիներին, ինչպես նաեւ մարզային ենթակայության դպրոցների շուրջ 35 տոկոս դպրոցների տնօրեններն են փոխվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ի՝ կառավարությանը անվստահություն հայտնելու մասին՝ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի հետ հուշագիր էր ստորագրել ու դրա իմաստն այն էր, որ Ծառուկյանը կիսում է հեղափոխության արժեքներն ու իշխող ուժի քաղաքական կուրսը: Մարզպետն ասաց, որ կառավարության հրաժարականի պահանջն իրավաչափ է համարում, բայց համավարակի այս պայմաններում նման կոչ անել վարչապետի ու կառավարությանը՝ անհասկանալի է: Ընկալելի կլիներ, եթե առարկայական քննադատություն հնչեր, կոնկրետ ծրագրային առաջարկություններ անեին: Լրագրողները նկատեցին, որ ԲՀԿ-ն 7 առաջարկ արել է, Պետրոսյանն արձագանքեց. «Դրանք ինձ համար կենացներից այն կողմ չեն անցել: Այո, ես էլ եմ ուզում ամեն ինչ ավելի բարգավաճ լինի մեր երկրում, թոշակները բազմապատկեն, հարկային մուտքերն ավելանան, բայց նայենք իրականությանը: Եվ հնչեցնողներն ովքեր են՝ տվյալ կուսակցությունը մի քանի շրջան քաղաքական կոալիցիոն կառավարում է իրականացրել մեր երկրում: Ես խնդրում եմ ԲՀԿ-ի պատասխանատուներին իրենց կոալիցիոն գործակցության շրջանի 1, 2, 3 ակնհայտ ձեռքբերումներ մատնացույց անեն նախկին տարիների, սոցիալական ոլորտ են կառավարել, առողջապահության ոլորտ են կառավարել: Իրենք կիսել են պատասխանատվությունը, բայց կարծես միշտ պատասխանատու եղել է Սերժ Սարգսյանը ու ՀՀԿ-ն: Ինձ համար հավասարապես պատասխանատու են բոլոր այն ուժերը, որոնք այդ շրջանում գտնվել են կառավարության կազմում, այդ թվում՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ»:

Այդ դեպքում թե ինչու էին ԲՀԿ-ի նման ուժի հետ հուշագիր ստորագրում՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ խելամիտ են համարել հնարավորություն տալու այդ քաղաքական ուժին վերափոխվելու ու իրենց հետ լծվելու նոր մարտահրավերներին ընդառաջ, բայց՝ նոր քաղաքական մշակույթով: Սակայն մեկ տարի առաջ պարզվեց, որ իրենց ակնկալիքները արդարացված չեն. «Իրենք քրեաօլիգարխիայի կանոններով կայացան Աբովյանում»:

Մարզպետն ասաց, որ կառավարության փոփոխության կոչեր կարող են անել, բայց այդ կոչերը պայմանավորված են մի քանի հանգամանքներով, որոնց մասին խոսեց վարչապետի խոսնակը. «Մենք այսօր հայտարարել ենք, որ ՀՀ-ում օլիգարխիա չկա, կարող է ասածս սենսացիոն թվա, բայց օլիգարխիան կլանային կառավարման այն խավն է, որը ազդեցություն ունի երկրի պետական կառավարման ինստիտուտների վրա: Այդ խավին զրկելով կառավարման համակարգի վրա ազդեցությունից ու բերելով հարկման քվոտավորման դաշտ, բնականաբար, այդ խավն իրեն կարող է դիսկոմֆորտ զգալ ու փորձել անի քայլեր՝ նախկին ստատուս քվոյին վերադառնալու, ավելի կոմֆորտ վիճակում հայտնվելու համար»:

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ նշեց, որ Կոտայքի մարզում իր նշանակումից հետո շուրջ 4 տասնյակ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել, որոնցով անցնում են նախկին ու գործող համայնքի ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, ՏԻՄ ներկայացուցիչներ, որոնց մի մասն էլ սերտ համագործակցության մեջ է գտնվել եւ գտնվում ԲՀԿ-ի հետ. «Ես չեմ կարող ասել՝ պարոն Ծառուկյանն ունի՞ մտահոգվելու տեղ, թե՞ չունի, բայց կարող եմ ասել, որ մարզում «Մուլտի գրուպի» տնտեսվարումով պայմանավորված մի շարք իրավական խախտումներ կան արձանագրված, քրգործեր են քննվում, փորձաքննություն է նշանակված, այդ թվում՝ Աբովյանի տխրահռչակ 19 շենքերից բաղկացած կառուցապատումը: Այդ գործերի հետ առնչություն ունեն ԲՀԿ-ի հիմնադիրները, նախագահությունը, որոշ կարկառուն ներկայացուցիչներ, ովքեր փոխկապակցված են այդ քաղաքական ուժի հետ»:

Մարզպետն ասաց, որ Աբովյանում յուրաքանչյուր պահ հնարավոր համարում է արտահերթ ընտրությունները, արտակարգ դրության ավարտից ու կորոնավիրուսով պայմանավորված վիճակից դուրս գալուց հետո. «Իմ ունեցած տվյալներով՝ կարծես թե իրենց թիմի մի քանի թեւերի միջեւ էլ հաշտ չեն արշալույսները եւ իմ զորակցությունն ու կարեկցանքն եմ հայտնում Աբովյանի գործող քաղաքապետին՝ այդ վիճակում հայտնվելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930