Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք ինչ-որ դիվիդենտներ են փորձում այս ամենից շահել». Գարիկ Սարգսյանը՝ ԲՀԿ-ի ու Հովիկ Աբրահամյանի հողերի մասին

Հունիս 10,2020 14:45

Մեյմանդարի շուկայի շուրջ աղմուկ ու բողոքի ալիք էր բարձրացել, երբ պարետի որոշմամբ պայմանավորված՝ շուկան փակվել էր: Այդ շուկայից հիմնականում Արարատի մարզի հողօգտագործողներն են օգտվում, բացի այդ, ըստ լուրերի, Մեյմանդարի շուկան փակելը նորաբաց շուկայով է պայմանավորված, ոը կապվում է Արարատի մարզպետի անվան հետ: Ուստի այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մեյմանդարի շուկայի խնդրի հետ կապված ասաց, որ շուկայի հետ ինքը կապ ունի այնքանով, որ այդ շուկան գտնվում է Արարատի մարզում:

Խոսելով կորոնավիրուսի հետ կապված տվյալների մասին՝ մարզպետն ասաց, որ մարզում 1165-ից ավելի վարակվածներ կան, որոնցից առողջացել է 474-ը, մյուսները կամ հիվանդանոցային, կամ ամբուլատոր բուժում են ստանում: Երեկվա դրությամբ՝ մարզում կա 17 մահ:

Այն քննադատություններին, որ իշխանությունները ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացը, պետք է կառավարության կազմը 100 տոկոսով փոխվի՝ մարզպետը պատասխանեց, որ արտակարգ դրություն է. «Մենք պայքարում ենք աներեւույթ թշնամու հետ…մեր քաղաքացիները ամեն օր կյանքի ու մահվան կռիվ են տալիս ու նրանց կողմից այդ հայտարարությունները եւ փորձելով խոչընդոտել կառավարության գերլարված ջանքերին՝ նրանք ինչ-որ դիվիդենտներ են փորձում այս ամենից շահել: Դա նրանց գործելաոճն է, առաջին տարին չէ ու նոր չէ»:

Ըստ Գարիկ Սարգսյանի, եթե ԲՀԿ-ն արտահերթ ընտրություն է ուզում, իր խնդիրն է, ժողովրդի հետ իրենց շփումները այլ բան են փաստում:

Մարզպետը նաեւ նշեց, որ իրենց մարզի համայնքապետերի գերակշիռ մեծամասնությունը նախկին իշխանությունների հետ համագործակցած մարդիկ են. «Ընդհանուր առմամբ` աշխատանքային պրոցեսը գործընկերային է: Եթե համայնքի ղեկավարը համայնքի շահերով հետաքրքիր է, մասնակցում է սուբվենցիոն ծրագրերին, գումարը ներդնում է համայնքի շենացմանը, մենք պատրաստակամ ենք նրանց հետ ամենօրյա ռեժիմով աշխատելու: Կան տեղեր, օրինակ, Նորաշեն համայնքում խնդիրն այլ էր, մեզ վերապահված լիազորությունների շրջանակներում մենք իրավական առումով ճիշտ ենք վարվել, ներկայացրել ենք իրավապահ մարմնին, իրավական գնահատական է տրվել համայնքի ղեկավարի գործողություններին, որի հետեւանքով ժամանակից շուտ նրա գործունեությունը դադարեցվել է»:

Հարցին՝ մարզում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ են եղել ու դա կապվում է խոշոր հողատերերի, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի հետ, այդ մասով ուսումնասիրություններ էր արվում, մարզպետարանը ի՞նչ բացահայտումներ է արել՝ Գարիկ Սարգսյանը պատասխանեց, որ ոլորտի պատասխանատուն Ջրային կոմիտեն է, մարզերում՝ ՋՕ-երը. «Ուսումնասիրությունների արդյունքում Արտաշատ ՋՕ-ի մասով խախտումը միլիարդը գերազանցում էր: Այդ տիրույթում է գտնվում նաեւ ձեր կողմից նշված անձնավորության եւ նրա հետ կապվող հողակտորների ոռոգման խնդիրը»: Մարզպետը վստահեցրեց, որ նախկին գործելաոճով չեն աշխատելու, ինչ չափով վնաս հասցրած կլինեն՝ այդ չափով վնասը կվերականգնեն:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանի, Արամայիս Գրիգորյանի հետ չե՞ք հանդիպել, իրենց կշիռը մարզում հաշվի առնելով՝ խնդիրներ չե՞ն առաջացնում՝ Գարիկ Սարգսյանը պատասխանեց, որ Արամայիս Գրիգորյանին հանդիպել է այն օրը, երբ Պապիկյանը ներկայացրել է իրեն, իսկ Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ կերպ չի շփվել. «Ձեզ թվում է իրենք կարող են խնդի՞ր առաջացնել այսօրվա իրավիճակում»: Հիշեցրին, որ Ավշարի դպրոցի խնդրի հետ կապված մատնանշում էր, որ խնդիրներ են առաջացնում՝ մարզպետը պատասխանեց. «Ավշարը փոքր գյուղ չէ, նրանք 3-4 եղբայրներով ապրում են այդ գյուղում, ունեն երկու գործարան, գործարանում աշխատող մեծաքանակ աշխատակիցներ, իրենց հետ փոխկապակցված անձինք, որոնք ինչ-որ ձեւ ուղղորդված էին ու Ավշարի դպրոցի խնդիրը աղմուկ բարձրացրեց»: Հարցին՝ այսինքն՝ ձեր բարեկամը, որին տնօրեն էիք նշանակում, կապ չունե՞ր՝ մարզպետը պատասխանեց, որ իր բարեկամը տնօրեն չի եղել, դա ապատեղեկատվություն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930