Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում կհարցաքննվեն «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործի չորս ամբաստանյալներ

Հունիս 10,2020 14:04

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հունիսի 10-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) միջնորդություններով հանդես եկավ փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա միջնորդեց, որ դատարան հարցաքննության գան այս գործի անջատված մասով ամբաստանյալներ Գառնիկ Հովակիմյանը, Տիգրան Մանուկյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։ Փաստաբանը հայտարարեց. «Իմ կատարած հարցման և նրանց հայտարարությունների համաձայն՝ այդ անձինք կարող են տվյալներ տալ հետևյալ փաստերի վերաբերյալ. գունդ մտնելու ընթացքում Արմեն Բիլյանի գտնվելու վայրի, մեքենաները վարող անձանց, այն շենքի, որում գտնվում է զինանոցը, դրան մոտենալու և այդ շենքի դռան մոտ հավաքված անձանց վերաբերյալ գործողությունների և այդ շենք մուտք գործելու գործընթացի վերաբերյալ, դրանից հետո Գագիկ Մկրտչյանի՝ իրենց տեսադաշտում հայտնվելու հետ կապված տարբեր դրվագներ: Բնական է՝ բոլորը նույն բանը չեն ասում. տարբեր տվյալներ են: Բոլորը, իհարկե, բոլորին չէ, որ հիշում են, բայց ամեն դեպքում խճանկարի մի հատված կբացահայտվի: Նրանք տվյալներ կարող են ներկայացնել Գագիկ Մկրտչյանի գտնվելու վայրի մասին. այսինքն՝ նրանց տեսադաշտում տարբեր հատվածներում գտնվելու վերաբերյալ, նրա վնասվածքի մասով, այդ շինությունից դուրս գալու, գնդի տարածքից հեռանալու դետալների մասով»:

Այս միջնորդությանը «կողմ» արտահայտվեց ամբաստանյալ Արմեն Բիլյանը. «Մարդիկ պիտի գան և դատավարական ամբողջ բացը լրացնեն: Ես իրենց գալու հետ կապված ասեմ, որ երկու-երեք հոգի էլ ունեմ, որ պետք է գան»:

Ամբաստանյալ Պավել Մանուկյանը հայտարարեց. «Այստեղ հիմնական հարցն այն է՝ Արմեն Բիլյանը եղել է այնտեղ, թե՞ ոչ կամ որևէ մեկն Արմեն Բիլյանին տեսե՞լ է: Հիմա չեմ հասկանում, թե ինչու համար ենք կանչում չորս հոգու, չէ՞ որ բաժանվել են երկու մասի, թող բոլորին կանչեն, հակառակ պարագայում ունենալու ենք շիլաշփոթ»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Տիգրան Եգորյանին խնդրեց ներկայացնել փաստեր, թե ինչպես է հարցումը նշված անձանց հետ կատարել: Տիգրան Եգորյանը պատասխանեց՝ տեսակապի միջոցով և հայտնեց, որ չի կարող ողջ արձանագրությունը ներկայացնել, քանի որ հնարավոր է այդ հարցման մանրամասները վնասեն այդ անձանց:

Նախագահող դատավորը բավարարեց միջնորդությունը ու նշեց. «Այդ անձանց դատարան կանչելու և հարցման վերաբերյալ՝ պարոն Եգորյանի կողմից բավարար փաստեր հնչեցին, որ նրանց կողմից հայտնած տեղեկությունները կարող են էական նշանակություն ունենալ գործի քննության համար»:

Դատարանը տասը րոպե ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո նախագահող դատավորը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ ամբաստանյալ Պավել Մանուկյանին դատարանի հարակից այգում դիմակ չկրելու համար բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, իսկ առանց նրա դատական նիստը շարունակելը նպատակահարմար չէ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 11.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930