Ինչպես հայտնել էինք, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություն անել եւ զբոսաշրջային ոլորտին, հյուրանոցներին, հյուրատներին, հանքարդյունաբերողներին հարկային արձակուրդ տալ: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր մի պահ լարվածություն եղավ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի եւ Մելքումյանի միջեւ: Գեւորգյանը հետարքրքվեց՝ ձեր կուսակցության առաջնորդն ասում էր, որ արտակարգ դրության ժամանակ կազինոների հարկերն էլ պետք է պետությունը վճարի, բա կազինոներին ինչո՞ւ չեք ընդգրկել այս օրինագծում: Մելքումյանը հարցին հարցով արձագանքեց. «Ո՞ր կազինոների…դուք արդեն ուրիշ տեղ եք գնում»:
Հայկ Գեւորգյանը պնդեց. «Կազինոներն էլ են տուժել»: Մելքումյանն էլ հակադարձեց, որ Գեւորգյանն ակնհայտորեն ուրիշ ճանապարհով է գնում. «Հանգիստ մնացեք»: «Ես շատ հանգիստ եմ, դուք ձեր կուսակցության առաջնորդի…»,-պատասխանեց Գեւորգյանը, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ կոչ արեց իրար խոսքը չընդհատել. «Ես ոչ մի հեգնական բան չնկատեցի: Խաղատներն էլ են ոլորտային»:
Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Դուք գնացեք-մտածեք ձեր կուսակցության առաջնորդի գործունեության մասին, իսկ մեր կուսակցության առաջնորդի գործերով մի զբաղվեք, խորհուրդ եմ տալիս: Ձեր ասածը տեղին չի: Եթե որեւէ օրինագծում կազինոների մասին բան չկա, նման բան հնչեցնելու իմաստը ո՞րն էր: Հանգիստ եղեք»:
Գեւորգյանը պնդեց մոտեցումը՝ եթե օրինագիծը վերաբերում է հանքարդյունաբերողներին, տուրիզմին, կազինոներին ինչո՞ւ չի վերաբերում, առավել եւս, երբ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պետությունը պետք է փակի կազինոների վնասները:
Կարդացեք նաև
Մելքումյանը նշեց, որ Գեւորգյանը Ծառուկյանի ասածները մանիպուլացնում է. «Ձեր նման հզոր լրագրողը նման հարցեր չպետք է ասեր, ձեր նպատակը ո՞րն է: Նա այլ բանի մասին է ասել՝ սոցիալական աջակցության, իսկ դուք մանիպուլացնում եք: Գնացեք-նայեք, թե նա ինչ է ասել: Որպես «Հայկական ժամանակ»-ի հզոր լրագրող՝ մանիպուլացնում եք նման հարցերը»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում: «Իմ քայլի» որոշ պատգամավորներ վերապահումներ ունեն եւ մատնանշում են, որ հանքարդյունաբերողներին, օրինակ, չպետք է հարկային արձակուրդ տալ:
Ուշագրավ է, որ օրինագծի քննարկման ժամանակ, երբ Մելքումյանն ասում էր, որ գործընկերների առաջարկները պատրաստ է դիտարկել, հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը, նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի վերջին՝ գործադիրին քննադատող հայտարարությունը, Մելքումյանին այսպիսի հարց հղեց. «Եթե ձեր քաղաքական ուժը կարծում է, որ կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, եւ որ կառավարությունում աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ, այլ դիլետանտներ, ո՞նց եք պատկերացնում, որ մեր նման անգրագետների հետ կարող եք բան քննարկել եւ արդյունք ստանալ»:
Մելքումյանը հարցը լսելիս քմծիծաղեց, ապա ասաց. «Չէի սպասում, որ դուք կարող եք նման քաղաքական հարց տալ: Պետական մտածողությունը հուշում է, որ եթե նման օրենսդրական գործիքը կարող է օգտակար լինել ժողովրդին, պետք է առաջ շարժվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ