Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին. «Արդեն այդ զրույցի թեման հնացել է»

Հունիս 10,2020 13:15

Aravot.am-ը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց՝ արդյոք հիմա աշխատանքի է գնում, քանի դեռ հրաժարականի դիմումը չի ընդունվել: «Այո, ես աշխատանքի եմ հիմա»,-պատասխանեց նա:

Հարցրինք՝ իր բարձրացված հարցերը իր կարծիքով լսվե՞լ են, ինչ-որ ընթացք կստանա՞ն: «Ինչ-որ բաներ լսվել են, բայց ընթացքի մասին շատ բաներից տեղյակ չեմ»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Մեր դիտարկմանը, որ գիտական շրջանակներից ոմանք իրեն որակում են յուրատեսակ «ամբարտակ», որը թույլ չի տա կեղծիքն ու արտագրությունները ներխուժեն գիտական ատենախոսություններ ու ընդհանրապես գիտության ոլորտ, Սմբատ Գոգյանը պատասխանեց. «Ինձ հաճելի է նման բան լսելը, եթե դա իսկապես լավ գիտնականների կողմից է հնչում»:

Հարցրինք՝ իր կողքին կանգնած մարդիկ կա՞ն, որ պատրաստ են պայքարել հանուն արդարության: «Այո, շատ մարդիկ կան, որ աջակցում են ինձ, համարում են՝ ճիշտ եմ անում, լավ են անում, բայց պայքարելու անհրաժեշտություն չեն տեսնում, որովհետեւ համարում են, որ արդեն պայքարել են, իշխանությունն եկավ, եկեք մենք մեր գործով զբաղվենք, հարցերն էլ իշխանությունը լուծի»,-պատասխանեց ԲՈԿ նախագահը:

Հետաքրքրվեցինք՝ ընդհանուր առմամբ գո՞հ է մնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Ասաց, որ հանդիպումը կայացել է իր հրաժարականից հետո մեկ շաբաթվա ընթացքում. «Այդ ժամանակ զրուցել ենք, դրանից հետո էլ չենք զրուցել: Այսինքն՝ արդեն այդ զրույցի թեման հնացել է»:

Պարոն Գոգյանին նորից հարցրինք՝ այնուամենայնիվ, գոհ մնա՞ց իր հրաժարականի եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի կողմից՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու ու նրա դոկտորական ատենախոսության թեմայով ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստից, որը վերջին պահին որոշվեց փակ անցկացնել, արդյոք քննարկումը բավարարե՞ց իրեն:

«Քանի որ շատ մարդիկ չտեսան, թե ինչ կատարվեց ներսում, ես էլ իրավունք չունեմ բարձրաձայնելու, որովհետեւ փակ նիստի ձեւաչափն է դա ենթադրում, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, շատ կուզենայի, որ նիստը բաց լիներ, եւ բոլորը տեսնեին՝ ինչ կատարվեց»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ վերջերս դոկտորական ատենախոսություն պաշտպանած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ աղմուկ հանած աշխատանքով, քանի որ պարոն Հովհաննիսյանը կարգի համաձայն՝ հեղինակավոր ամսագրերում չունի հոդվածներ:

Սմբատ Գոգյանը պատասխանեց, որ կանոնակարգը տարեցտարի խստացրել է չափանիշները, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը պաշտպանել է հին կանոնակարգի ձեւակերպման պահանջներով, եւ այդ առումով դա իրեն բավարարում է: ԲՈԿ նախագահը ընդգծեց, որ հին պահանջներով տասնյակ այլ դոկտորներ են գիտական աստիճան ստացել, որոնք նոր պահանջներին չեն բավարարում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ պրն Գոգյանը նաեւ գրառում է արել ՖԲ իր էջում. «Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․

Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։

Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930