«Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագծով՝ որոշակի ոլորտների ներկայացուցիչներին հարկային արտոնություններ են տրվելու: Ինչպես ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտնեց օրինագծի հեղինակ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ առաջարկվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ավելի խոցելի դարձած ոլորտներին՝ հյուրանոցային տնտեսություններին, զբոսաշրջությանը, հանրային սննդի օբյեկտներին, հյուրատներին, գեղեցկության սրահներին, հանգստի, զվարճության կենտրոններին վեց ամսով տալ հարկային արձակուրդ, իսկ մետաղական հանքաքար արտահանող ընկերություններին, բացառությամբ՝ ոսկի արդյունահանողներին, երեք ամսով զիջել շահութահարկը՝ հաշվի առնելով միջազգային շուկայի գնանկումները:
Մելքումյանի խոսքով՝ տուրիզմն ու հյուրանոցներն ամենաշատն են տուժել, մեծ մասը տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել կառավարության աջակցության ծրագրերից. «Միայն տասը տոկոսն է օգտվել աջակցության ծրագրերից»:
Հիշեցնենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ