Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կորոնա-ռևանշ կամ իրական հեղափոխություն

Հունիս 10,2020 14:30

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն բան գլխիվայր է շրջված, այժմ տեսնում են նույնիսկ մոլի հավատացյալները, սակայն դեռևս ոչ բոլորն են պատրաստ ընդունել իրականությունը: Հեղափոխությունից երկու տարի անց կրկին արդիական է նույն հարցը՝ ի վերջո մեր երկրում կլինի իրական հեղափոխություն, թե ոչ, գուցե մեզ սպասվում է ռևանշ նախկին կերակրամանին մոտ կանգնած ուժերի կողմից:

Այն, որ երկու տարի անց մենք արձանագրում ենք հեղափոխական արժեքների և խոստումների տապալում և դեռևս, ինչպես նախկինում, կիսատ ճշմարտություն է համեմվում ժողովրդին, արձանագրվում է բոլոր քաղաքական ուժերի կողմից: Ցավալին կայանում է նրանում, որ երկու տարի անց դեռևս չի ձևավորվել իրական ընդդիմություն, իսկ հեղափոխական իշխանությունը, որդեգրելով մերժվածների վարքագիծը, երկիրը շարունակում է կառավարել իրենց ժառանգություն մնացած ներքին խոհանոցային կանոններով:

Ասել, որ ժողովրդի գիտակից և հեղափոխության աջակից հատվածը, որին մեծամտորեն կամ համեստորեն դասում եմ նաև ինձ, հիասթափված է՝ նշանակում է ոչինչ չասել, քանի որ դեռևս հեղափոխության օրերին ձևավորվել էին այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվել էինք և որոնք այդպես էլ իրականություն չդարձան: Երկու տարի անց մեզ այդպես էլ հնարավորություն չտրվեց պարզել կամ որոշել արդյոք մենք ցանկանում ենք ապրել պառլամենտական Հայաստանում, թե մեզանից խլել են մեր կիսալեգիտիմ սահմանադրությունը և ժողովրդի վզին փաթաթվել է նորը:

Անձամբ ես տեսնելով, թե ինչ է կատարվում ներկայիս քաղաքական դաշտում, որտեղ դեռևս երկրի առաջին դեմքն է գլխավոր բժիշկը և ոստիկանը, հասկանում եմ, որ սա պառլամենտարիզմ չէ, ուստի, դեռ վաղ է տիեզերք թռչել, քանզի սկզբում պետք է տիեզերանավ կառուցել: Ինչ խոսք սահմանադրության լեգիտիմության հարցը հանրաքվեի սեղանին դնելը կլուծեր եթե ոչ բոլոր հարցերը, ապա գոնե հնարավորություն կտար լեգիտիմացնել այն, որի արդյունքում կլուծվեր նաև ներկայիս իշխանությանն այդքան տանջող սահմանադրական դատարանի հարցը:

Հաջորդ գլոբալ հարցը, որն այդպես էլ չլուծվեց և իրական լուծումների փոխարեն ներկայումս պատրաստվում ենք կարկատաններով բավարարվել՝ դատական իշխանությունների հարցն է: Այդքան սարսափելի մի մասի համար և նույնքան ցանկալի նրանց հակառակորդների համար, գրեթե հայհոյանք դարձած «վեթինգ» բառը դեռևս քայլում է մեր մտքերում և կարծես այդպես անորոշ էլ կսատկի մեր գիտակցության մեջ որպես բաղձալի, սակայն անհասանելի մի երազանք, սակայն հնարավոր էր լեգիտիմ խորհրդարանի օգնությամբ կամ ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում ընտրել խղճի դատարան և մեկընդմիշտ լուծել այս հարցը /առաջարկները Առավոտ օրաթերթում տպագրված «Խղճի Դատարան» և «Բադասյանի առաջարկով ներկայացնում եմ նախագիծ» խորագրերով հոդվածներում/:

Վերջ չդրվեց նաև ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկներին, այն է՝ յուրայիններին իշխանության օղակներ խցկելու արատավոր պրակտիկային: Մի խոսքով այն, ինչի շուրջ հեղափոխության օրերին բոլորս հավաքվեցինք, հենց դա էլ մոռացանք, քանի որ հեղափոխականները տրվեցին գայթակղությանը և սկսեցին իրականությանը նայել իրենց աշխատասենյակների և ծառայողական ավտոմեքենաների պատուհաններից:

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ քաոսային քաղաքական դաշտ, որի մերկությունը ժամանակից շուտ բացահայտեց Կովիդ-19-ը: Եվ այսպես Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ակնհայտ ձևավորվում են նոր քաղաքական իրողություններ: Նախկինում պետական կերակրամանին մոտ կանգնած, այժմ «սովամահ» լինող համայնքն անցնում է ռևանշի՝ որդեգրելով պարտիզանական ջոկատներին բնորոշ տակտիկա:

Բոլորը սպասում էին իշխանության պատասխանին և այն չուշացավ: Կորոնավիրուսից ապաքինված վարչապետը շեշտակի վերադարձավ քաղաքական դաշտ, ի դեպ՝ շնորհակալություն պարոն Ծառուկյանին վարչապետին կորոնավիրուսից ապաքինելու համար, և նախ իր թիկունքն ամրապնդելու նպատակով փոխեց ուժային ամենակարևոր օղակների ղեկավարներին, որն անշուշտ հայտարարություն էր, որ Փաշինյանն ընդունում է Վանեցյանի, Ծառուկյանի, ՀՀԿ-ի, Դաշնակցության և մնացյալ այլ համախմբման գնացող ուժերի մարտահրավերները:

Կարծում եմ սա դեռ վերջնական դիրքավորումները չեն քաղաքական դաշտում, Փաշինյանը քաջատեղյակ է, որ հեղափոխության ընթացքում տված խոստումները մեծամասամբ չկատարելու արդյունքում հանրության շրջանակներում մեղմ ասած գոյացել են դժգոհություններ, ուստի հեղափոխության կողմնակից հանրության մտածող շրջանակների դժգոհության մեղմացման նպատակով կլինեն նաև այլ քավության նոխազներ, գուշակություններ անել չեմ սիրում, սակայն գրեթե համոզված եմ, որ իրենց աթոռներից կզրկվեն արդարադատության, առողջապահության նախարարները, գլխավոր դատախազը և միգուցե նույնիսկ քննչական կոմիտեի ղեկավարը, քանի որ նշված համայնքի դժգոհությունները մեծամասամբ կախված են հենց նշված կառույցների հետ: Դրանից հետո վարչապետը կբացատրի այդ համայնքներին, որ բոլոր հապաղումները պետական մեխանիզմի դիմադրության արդյունք է, ու եթե ժողովուրդը հավատա իր սրտի վարչապետին, ուստի հեղափոխական, սակայն իշխանական թամբից դուրս մնացած ուժերին այլ ելք չի մնա, քան որոշակի առաջարկությունների դիմաց կրկին համախմբվել հեղափոխական առաջնորդի շուրջ, այլապես ամբոխը կարող է զրոյացնել նրանց քաղաքական կշիռը:

Սակայն այս բոլոր սցենարների արդյունքը կախված է նրանից՝ առկա է արդյոք կամք Փաշինյանի մոտ ուղղել սեփական սխալները, թե ոչ, եթե այո, ապա նա կստանա ժողովրդից ևս մեկ վստահության վարկ՝ նախկինների հետ սպասվող ճակատամարտում հաղթանակած դուրս գալու համար: Բոլոր սոցիալական հարցումները և քաղաքական վերլուծությունները համեմված շղարշից մաքրելով՝ պարզ է դառնում, որ նախկինների ուժը փողն է և դրսի ուժերի, մասնավորապես՝ Ռուսաստանի աջակցություն է, սակայն զինվելով ժողովրդի աջակցությամբ վարչապետը դեռևս ի զորու է հաղթել նախկիններին, իսկ Ռուսաստանը պարզապես կսպասի և կանցնի հաղթողների կողմը, քանի որ Հայաստանը ռուսական գերշահերի դաշտում ավելի կարևոր դերակատարություն ունի, քան իր նվիրյալ վասալները, որոնց այժմ «դուխ» է տալիս: ՀՀ-ից հարկահավաքներ նա միշտ էլ կգտնի, սակայն իրական դաշնակից, որն ամուր է պահում իր կովկասյան մուսուլմանական սահմանները, բացի Հայաստանից, մեր տարածաշրջանում գտնելն անհնար է: Բացի այդ Ուկրաինայի, Բելառուսի և Թուրքիայի հետ ծառացած խնդիրները, գազի և նավթի գների զրոյացումը միջազգային շուկայում, թույլ չեն տալիս Ռուսաստանին իր ամբողջ ներուժով կենտրոնանալ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա: Ուստի ևս մեկ անգամ հայ ժողովրդի և Փաշինյանի բախտը բերում է, հարցը միայն նրանում է կարող ենք մենք ազգովի խելամիտ օգտվել Աստծո ընձեռած հերթական հնարավորությունից, ինչպես օգտվեցինք հեղափոխության օրերին:

Այսօր արդեն քաղաքական պայքար է գնում յուրաքանչյուր մանր հաղթանակի համար, քանզի հակադարձ ճամբարը նույնպես ներկայումս հավակնում է որոշակի ժողովրդական զանգվածներին աջակցել: Կարծում եմ մինչ այժմ զգուշավորություն ցուցաբերած և հեռվից միմյանց վրա քար նետած Փաշինյանը և նրա հակառակորդները հասկանում են, որ այս անգամ առճակատումներից խուսափելն անհնարին է, և ահա եկել է պահը, երբ իրապես հեղափոխություն կոչվածն իրականանում է, ըստ էության իշխանափոխությունը վերածվում է իրական հեղափոխության և միակ հարցը նրանում է կայանում, թե կողմերից ով է ավելի պատրաստ այս առճակատմանը: Ուստի, եթե Աստված մի արասցե, ուժերը հավասարազոր են, ապա այն կսասանի երկրի հիմքերը և անդառնալի հետևանքներ կունենա: Իրականում բնական է, որ այս պայքարը հասունացավ և այժմ մտնում է վերջնական փուլ, այն կառավարելի դարձնելու համար մեզ միայն մեկ հարցի պատասխան է պետք՝ պատրաստ է արդյոք երկրի թիվ մեկ իշխանավորը մաքրել երկիրը ոչ միայն նախկիններից, այլ նաև իրեն կպած տզրուկներից: Եթե ոչ, ապա այս երկու տարիներն ապարդյուն էին, քանզի հեղափոխության առաջնորդը հետևություններ չի արել և նրան սպասում է Կերենսկու կամ Տրոցկու ճակատագիրը:

Բաժանիր, որ տիրես գաղափարը Հայաստանում այլևս չի գործում, մնում է համախմբվել առողջ և կարող ուժերի հետ, ընդունել իրականությունը, մեղանչել ժողովրդի առջև և օգնություն խնդրել, իսկ եթե զբաղվել ինքնախաբեությամբ և հավատալ, որ անվերապահորեն գրկել է բախտն իր լեգիտիմությամբ, ապա պարտությունն անխուսափելի է, քանզի լեգիտիմությունը նման է համառ կնոջ՝ այն երբեք չի մնում իր ցանկությունները մերժած տղամարդու մոտ:

Այն, որ այս ամենը հասկանում է նաև վարչապետը մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, հարցը միայն նրանում է ի զորու են արդյոք հեղափոխականները սրբել իրենց վրայից աստղային փոշին, որով տարվեցին հեղափոխությունից հետո, ի զորու են տարանջատել թացը չորից, եթե այո, ապա նրանք ժողովրդի օգնությամբ ի վերջո ՀՀ-ում կիրականացնեն հեղափոխություն, իսկ եթե տառապում են որոշակի անձնական բարդույթներով, ապա կհաղթեն ռևանշիստները և Հայաստանը կվերադառնա նախկին բարքերին, քանի որ այս երկու տարվա մեջ այդպես էլ վերջնականապես չձերբազատվեց նախկին արք ու բարքից:

Եթե իշխանությունը չսթափվի, հեղափոխականների և նախկինների միջև այս անգամ ժողովուրդն ընտրություն չի կատարելու: Այսօր դեռևս ուշ չէ, կա միջոց վերականգնել հեղափոխությունից հետո մսխած հնարավորությունները: Հիմա եկել է այն գեղեցիկ օրը, երբ մեկը պետք է ասի, որ բավական է՝ աթոռի կռիվ այս երկրում այլևս չի լինելու, անարժանները երբեք իշխանության սանդղակներով չեն բարձրանալու, սուտը, կեղծարարությունը և լափամանին մոտենալու համար քծնանքն այլևս Հայաստանի Հանրապետությունում արժեքներ չեն: Անցավ քարեր նետելու ժամանակը, եկել է դրանք հավաքելու պահը, սակայն դատարկ խոսքով դուք այժմ մեզ հավատի բերել չեք կարող, ուստի եթե այսօրվա իշխանությունն իրատեսորեն է մոտենում իրադրությանը, ապա ժողովուրդը սպասում է արդյունավետ և ամենօրյա քայլերի, թե չէ՝ Պողոսը նորից կսկսի փողով ծախվել, իսկ գիտակից հասարակությունը հիասթափված կվերադառնա խոհանոցային ծածուկ կամ վիրտուալ քաղաքական դաշտ ու հեղափոխությունը կտապալվի, քանզի ժամանակից և չափից շատ ոգևորված մենք տոնեցինք նրա հաղթանակը: Այժմ գնդակը ներկայիս իշխանության դաշտում է և միայն իրենցից է կախված կլինի Հայաստանում հեղափոխություն, թե կկայանա ռևանշիստական հակահեղափոխություն:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930