Աշխարհում տիրող համավարակով պայմանավորված, դիմակը ցավոք սրտի դեռ շարունակում է մնալ մեր առօրյայի անբաժան մասնիկը: Բժշկական պաշտպանիչ դիմակներից զատ, վերջին մեկ ամսում Հայաստանում արվեստի մի քանի կենտրոններ սկսել են նոր ու էսթետիկ տեսք հաղորդել անհրապույր, բայց պարտադիր դարձած մեր կյանքի այս կարեւոր «ատրիբուտին»:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ անակնկալներ են սպասվում Քոչարի գործերը սիրող մեր հանրությանը:
Դիմակների հեղինակը Քոչարի թանգարանի աշխատակիցներից մեկն է, դրանք արված են Քոչարի աշխատանքների տարբեր դիմանկարային մոտիվներով: Նախատեսված են տարբեր տարիքի անձանց համար, ըստ նախասիրության, կա նաեւ կանանց եւ տղամարդկանց համար առանձին ոճեր, որոնք հեղինակն արդեն իսկ տարբերակել է:
Տնօրենը նշեց, որ այս պահին 11 տեսականի ունեն: Իսկ ընդամենը հաշված օրեր անց, երբ որոշակի նրբություններ կհստակեցվեն, թանգարանը կհայտարարի, որ պատրաստ է պատվերներ ընդունել:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ մարդկանց թվում է, որ դիմակով զրկում են իրենց անհատական կերպարներից: Երբ հասկացանք, որ մարդիկ խուսափում են դիմակներ կրել, ինչը, իհարկե՝ ունի որոշակի պատճառներ. շատ անգամ դրանք այնքա՜ն անհրապույր են թվում, իսկ Քոչարի արվեստը շատ բազմաժանր է, բազմաշերտ եւ միշտ էլ հնարավորություն է տվել հետաքրքրիր լուծումներով հուշանվերներ ստեղծել, որոշեցինք այս նորույթը ստեղծել»,-ասաց Կարինե Քոչարը:
Քոչարի թանգարանն այսօր արդեն լուծել են դիմակների փաթեթավորման հարցը: Դրանք պատրաստված են հաճելի թեթեւ կտորներից: Բացի արտաքին նկարազարդ հատվածից, ներսից կարված է բնական կտորից, որը հեշտացնում է շնչելը:
«Իրականում, սրանք դեկորատիվ աքսեսուար են, հուշանվերային, բրենդային օրինակով, որոնք երբեք չի կարելի շփոթել լուրջ բժշկական դիմակների հետ: Անգամ կարելի է բժշկական դիմակի վրայից հագնել»,-ասաց Կարինե Քոչարը:
Այս նորարական դիմակները նախատեսված են բազմակի օգտագործման համար: Ամեն մի դիմակ ունի ուղեկցվող ստեղծագործությունների բացիկ, որի հիման վրա այն ստեղծվել է: Նաեւ առոջության մաղթանք ուղղված յուրաքանչյուր գնորդի: Նկատենք նկարազարդումները լինելու են Քոչարի 1925-ից 1930 թվականների փարիզյան գործերի ոճավորված ստեղծագործությունների հիման վրա:
Իսկ ահա դիմակների մեկ այլ տարբերակ էլ, որը միայն մանուկների համար է նախատեսված, ստեղծում ՀՀ Ազգային պատկերասրահը (ՀԱՊ): Պատկերասրահի կրթական ծրագրեր գիտակրթական բաժինն առաջարկում է բոլոր մանուկներին միանալ մարտահրավերին եւ պատրաստել ձեռագործ դիմակ կամ արդեն պատրաստի դիմակը զարդարել ՀԱՊ-ի հավաքածուներից մեկով։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: