Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Կառավարություն պարզելու համար՝ արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Global Medical Solutions ընկերությունը դիմել է Լոնդոնում գտնվող արբիտրաժային դատարան` Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տարածքում գտնվող ցիկլոտրոնի հետ կապված հայցով՝ ընդդեմ ՀՀ Կառավարության: Եթե այո, ինչ հետեւանքներ կարող է ունենալ դա Հայաստանի համար, եւ որոնք են լինելու հետագա քայլերը:
Կառավարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը, որտեղ մասնավորապես ասվում է. «2019 նոյեմբերի 20-ին Global Medical Solutions (այսուհետեւ՝ GMS) ընկերությունն արբիտրաժային ծանուցում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ՄԱՄԱԻՀ (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն:
2019 թ. դեկտեմբերի 1-ից ի վեր բանակցություններ են ընթանում GMS-ն ընկերության հետ՝ վեճը հաշտարարության եղանակով լուծելու նպատակով: Ինչի արդյունքում արբիտրաժային գործընթացը կասեցված է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Բելգիայի կառավարության օժանդակությամբ կառուցվող այս կենտրոնը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման առաջին փուլն է, որով իրականացվելու են ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոդեղագործության և մոլեկուլյար ախտորոշման գործառույթներ:
Նշենք, որ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա և այլն:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ»: