Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստաբիլություն ձևավորելու փոխարեն իշխանությունն էլ ավելի դեստաբիլիզացիայի է գնում՝ թե՛ քաղաքական, թե՛ կառավարման համակարգի ներսում». «Փաստ»

Հունիս 10,2020 12:03

Կառավարման համակարգում միանշանակ կան թաքնված գործընթացներ, որոնք մենք չենք տեսնում առօրյա կյանքում, բայց դրանք ժամանակ առ ժամանակ դրսևորվում են այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի տեսքով: Այս համոզմանն է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի կարծիքով, նման դրսևորումներ դեռ հետագայում էլ կտեսնենք:

«Բայց անգամ այս իրավիճակում իշխանությունը հետևություններ չի անում: Հիմա արդեն ակնհայտ է, որ իշխանության բարձրագույն կրողն իր գործողությունները տանելու է քաղաքական համակարգում, իշխանության ներսում ոչ թե որոշակի կայունություն ձևավորելու, այլ ընդդիմադիրներին չեզոքացնելու ուղղությամբ:

Մեծ հաշվով, ստաբիլություն ձևավորելու փոխարեն իշխանությունն էլ ավելի դեստաբիլիզացիայի է գնում՝ թե՛ քաղաքական, թե՛ կառավարման համակարգի ներսում: Իսկ այս ճանապարհն առաջին հերթին վտանգավոր է պետության անվտանգ զարգացման տեսանկյունից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում առկա գործընթացներին՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց. «Դեռ անցած տարվա վերջում էի կարծիք հայտնել, որ 2020 թ.-ին քաղաքական պայքարի ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհի ենք ականատես լինելու: Եվ հիմա արդեն տեսնում ենք մի շարք գործընթացներ. տարբեր տեղերից վարչապետի հրաժարականի կոչեր, նոր քաղաքական միավորների ձևավորում, բացի այդ, առաջին դեմքերն ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորության մասին էլ ավելի բացեիբաց են խոսում: Սա շատ բնական գործընթաց է, որովհետև բոլորը տեսնում են, որ իշխանությունն անկարող է ճգնաժամային իրավիճակում փոփոխություններ իրականացնել»:

Նրա խոսքով, հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հրաժարականի պահանջները. «Բայց դրա հետ մեկտեղ մի կարևոր հանգամանք կա.  մինչև Ն. Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանում ձևավորված մի կարծիք կար՝ «ով ուզում է լինի, միայն Սերժ Սարգսյանը չլինի»: 2018թ. փոփոխություններն այդ տրամաբանության մեջ եղան, և այսպես ասած, ով ուզեց՝ եղավ: Եվ մենք տեսնում ենք, որ երբ ով ուզում՝ լինում է, երկրում ոչ միայն դրական փոփոխություններ տեղի չեն ունենում, այլև ճգնաժամային իրավիճակում իշխանությունը չի կարողանում էֆեկտիվ մենեջմենթ իրականացնել: Հետևաբար, պետք է ոչ միայն ասել՝ եկեք փոխենք վարչապետին կամ կառավարությանը, այլ տրամաբանությունը հետևյալը պետք է լինի. մարդիկ պետք է հստակ հասկանան, թե իրենք եթե ոչ Փաշինյանի, ապա ո՞ւմ հետևից են գնալու: Պետք է տեսնեն, որ եթե Փաշինյանը գնաց, վաղը գալու է այս մարդն ու այս պրոֆեսիոնալ թիմը: Դրանից հետո արդեն քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և արդեն կարողանում ես փոխել իշխանությունը, առավել ևս, որ մեր Սահմանադրությունը տարբեր կետերով դրա հնարավորությունը տալիս է:

Կգնանք այդ ճանապարհով, օրինակ, 115- րդ հոդվածի համապատասխան անվստահություն կհայտնե՞նք վարչապետին և միանգամից նոր թեկնածու կառաջադրե՞նք, թե՞ ոչ, կախված է քաղաքական իրողություններից, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական վերնախավի ադեկվատ մոտեցումներից, որոնք կապված են նաև երկրում ստեղծված իրավիճակի վերլուծություն, ինչպես նաև մարդկանց այլընտրանքներ առաջարկելու հետ: Ասել՝ «ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», սխալ ճանապարհ է, որը մեզ տանում է փակուղի»:

Բենիամին Մաթևոսյանը նկատեց՝ երբ 2018 թ Ն. Փաշինյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, գրեթե չկար մի ուժ, որը պատրաստ չէր փոփոխություններ իրականացնելու հարցում օժանդակել նրան. «Բայց քանի որ նա իշխանական համակարգի ձևավորման տրամաբանության առումով այլ պատկերացումներ ուներ, անձամբ իր իշխանությունն ամրապնդելու այլ ճանապարհներ էր տեսնում և այլ մտադրություններ ուներ, 2018թ. իշխանափոխությունից հետո չգնաց իրական, լայն քաղաքական կոնսոլիդացիայի և չօգտագործեց ժողովրդի ու այդ քաղաքական ներուժը:

Իշխանափոխությունից մեկուկես-երկու տարի անց կրկնեց նույնը՝ մերժեց բոլորին, նաև առաջարկները:

Ընդհանուր առմամբ, հասկանում ենք, որ քաղաքական անհրաժեշտությունը կամ նեղ անձնական քաղաքական օրակարգը իշխանությունների համար ավելի կարևոր է, քան համաճարակային պայմաններում կարող ուժերի միասնությունը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930