«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հունիսի 10-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) կրկին դատավորի և «Սասնա ծռեր» խմբի անդամ, ամբաստանյալ Պավել Մանուկյանի միջև բանավեճ ծավալվեց:
Մեսրոպ Մակյանը Պավել Մանուկյանին հորդորեց դիմակ կրել, սակայն նա չէր ցանկանում ենթարկվել պահանջին:
Նախագահող դատավորը հայտարարեց. «Պարոն Մանուկյան, դիմակը կրեք: Ասեմ, որ դիմակի կրման սահմանված կանոնները խախտելու առիթով դատարանը ևս մեկ անգամ ցանկանում է հիշեցնել, որ կարող է դիտարկել սույն գործով Ձեր վարքագիծը գործի քննմանը խոչընդոտ, Ձեր դատավարական պարտականությունների չարաշահման պայմաններում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, և Ձեր նկատմամբ կարող են կիրառվել սանկցիաներ»:
Պավել Մանուկյանն արձագանքեց ՝ երբևէ չի եղել, որ ինքը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերի:
Կարդացեք նաև
Նախագահող դատավորն ասաց, թե չի ցանկանում նրա հետ վիճաբանության մեջ մտնել ու փաստեց. «Կա պարետի պահանջ, պարետի որոշում»:
Պավել Մանուկյանն արձագանքեց. «Մարետի (նկատի ունի պարետին,-հեղ.) համար էլ ես կարող եմ դիմակ չդնել»: Այս արտահայտությունից հետո նախագահող դատավորը Պավել Մանուկյանին նկատողություն տվեց դատարանի դահլիճում ոչ պատշաճ իրեն պահելու, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար ու զգուշացրեց. «Սահմանված կարգով դիմակ չկրելու դեպքում Ձեր վարքագծի շարունակման դեպքում կկիրառվի ավելի խիստ սանկցիա, և չի բացառվում, որ այս անգամ ևս հեռացվեք դատական նիստերի դահլիճից»:
Դատական նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, քանի որ պաշտպան Տիգրան Եգորյանը տեղեկացրել էր, որ գտնվում է խցանման մեջ: Նա այսօրվա դատական նիստին պատրաստվում է հանդես գալ միջնորդություններով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ