2019թ.-ը Հայաստանի քաղավիացիայի համար աննախադեպ էր, քանի որ հնարավոր եղավ եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքն ապահովել եւ մատչելի տոմսեր գնելու հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներին: Այս մասին այսօր ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա բնորոշմամբ՝ ավիացիայի շուրջ վերջին իրադարձությունների պատճառները հայտնի են. «Այդ խնդիրները մեկ օրում չեն տեղի ունեցել: Մտահոգություն, բնականաբար, կա: Եթե հնարավոր լիներ դա կանխել, կարվեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդն ենք եւ ամեն թերության պատասխանատուն մենք ենք դառնում: Մեր խնդիրն է տեղական փոխադրող ունենալ, ես դրա ջատագովն եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական փոխադրող՝ ոչ վիրտուալ, ձեւական, գրանցված: Իրական ավիափոխադրողի մասին է խոսքը: Դա մի տարում չէ, որ ստեղծվում է: Արդեն ունենք աշխատանքային փաթեթ՝ խնդիրների լուծման համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ