Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատերին թվում է, թե ՊԵԿ-ը մահակը ձեռքին տեսուչների բանակ է, որը պիտի գնա ու տնտեսավարողներին ծեծելով հարկերը հավաքի, բերի». «Ժամանակ»

Հունիս 10,2020 10:43

«Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին իր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով կատարելու համար. նա ոչ միայն կոմպետենտ անձ էր այդ պաշտոնում, այլ նաև իր գործի գիտակ էր ու ազնիվ մարդ: Այդ ոլորտը շատ ծանր ոլորտ էր ու նա կարողանում էր գրագետ ձևով կառավարել այն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը՝ խոսելով ՊԵԿ այլևս նախկին նախագահ Դավիթ Անանյանի մասին:

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց: Նա ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2018-ի մայիսից՝ այդ պաշտոնում փոխարինելով Վարդան Հարությունյանին:

«Շատերին թվում է, թե ՊԵԿ-ը մահակը ձեռքին տեսուչների բանակ է, որը պիտի գնա ու տնտեսավարողներին ծեծելով հարկերը հավաքի, բերի, մինչդեռ այս կառույցի գործառույթները միանգամայն այլ են, ինչը Անանյանը շատ լավ կարողանում էր իրականացնել՝ թե՛ օպտիմալ վարչարարությունը, թե՛ մնացյալ փոխկապակցված հարցերը, որովհետև նա եղած լինելով նաև ֆինանսների փոխնախարար ու հարկային օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ՝ լիակատար տիրապետում էր այդ ամբողջ շղթային, մեր տնտեսության խնդիրներին ու հնարավորություններին: Շատ եմ ափսոսում նրա հեռանալու կապակցությամբ ու հույս ունեմ, որ Դավիթ Անանյանին փոխարինող այս նոր նախագահը կձգտի հնարավորինս արդյունավետ աշխատել, որովհետև ՊԵԿ-ի նման կառույցները կարևորագույն դերակատարում ունեն տնտեսության զարգացման մեջ»,- նկատեց Գագիկ Մակարյանը:

Նշենք նաև, որ ՊԵԿ նոր նախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Անդրադառնալով նաև Էդվարդ Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելուն՝ Գագիկ Մակարյանն ասաց. «Էդվարդ Հովհաննիսյանին անձամբ չեմ ճանաչում, նրա հետ աշխատելու փորձ չեմ ունեցել, սակայն գիտեմ, որ նա մոտավորապես 10 տարի է՝ այս համակարգում է, իրավաբանական բաժինն է համակարգել, օրենքները գիտի, սակայն այ տնտեսական մասով գիտելիքները նա, անշուշտ, պետք է ուժեղացնի, որպեսզի կարողանա ավելի հեշտությամբ ոլորտը ղեկավարել, հակառակ պարագայում, եթե նա ուղղակի վերցնի ու խստությամբ աջ ու ձախ տուգանելու, սանկցիաներ նշանակելու, բիզնեսը հարկերով ու տույժերով սնանկացնելու մեթոդը կիրառի, ապա այդ կերպ հաջողության չենք հասնի ու շուտով անապատ դարձած էկոնոմիկա կունենանք՝ հատկապես այս կորոնավիրուսի պայմաններում»:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930