Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում ԵՊԲՀ-ի հետ

Հունիս 10,2020 10:10

Այս մտքերը ես արտահայտում եմ, որպես Երեւանի
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի
Հոգաբարձուների նախկին խորհրդի անդամ:

2019-ի աշնանը բաց նամակով դիմեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարին ԵՊԲՀ-ի Հոգաբարձուների խորհրդից դուրս գալու իմ որոշման մասին, սակայն հետո պարզվեց, որ նամակը պետք էր գրել ուրիշ հասցեով, ես դա չարեցի եւ, փաստորեն, շարունակում էի մնալ Խորհրդի անդամ, ինչու «էի», քանի որ իմացել եմ, որ նման խորհուրդները գտնվում են վերաձեւավորման փուլում:

Վերջին օրերին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների նախկին խորհրդի նախագահ Վահան Արծրունին հանդես եկավ դիմամատյանում (Ֆեյսբուք) մի գրառումով, որում արտահայտեց զարմանք, որ առողջապահության նախարարությունը չի օգտագործում ԵՊԲՀ-ի կողմից ստեղծված ԿՈՎԻԴ-19-ի  մահճակալները, այլ ուղեգրում է հիվանդներին այլ հիվանդանոցներ: Խոսքը գնում է 10 մահճակալի մասին, որոնք առանձնացվել էին Հերացի համալսարանային հիվանդանոցում, ինչի համար օգտագործվել էր նախկին ճաշարանի տարածքը: Այսինքն, 10 մահճակալի ընդգրկումը ընդհանուր ԿՈՎԻԴ-19-ի բուժման համար ծավալված 2000 մահճակալից ավելի հզորությունների մեջ ներկայացվել էր որպես ազգափրկիչ երեւույթ, իսկ ԱՆ-ն, իհարկե, որպես անմարդասեր եւ ինչ-որ անհայտ նպատակներ հետապնդող մի կառույց:

Ստիպված եմ արձագանքել:

2020 թ. Մարտի 1-ից սկսվեց Հայաստանի համար նոր, կորոնավիրուսի դարաշրջան: Այդ օրը առաջին անգամ երկրում հայտնաբերվեց ԿՈՎԻԴ-19-ով  վարակված քաղաքացի: Ի՞նչ պետք է տեղի ունենար դրանից հետո: Իմ միամիտ գիտակցությունը հուշում է, որ անմիջապես ոտքի պետք է կանգնեին համապատասխան մասնագետները` համաճարակաբաններ, վիրուսաբաններ, թոքաբաններ, ինտենսիվ հիվանդներ վարողներ: Եվ առաջին հերթին դա պետք է լինեին մայր ԲՈՒՀ-ի դասախոս-գիտնականները: Արդյոք դա տեղի ունեցա՞վ: Ինչքան հիշում եմ, ոչ:

Դրանից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը չի խուսափելու համաճարակից ու անհրաժեշտ դարձավ մշակել գործողությունների ծրագիր: Տարբերակները մի քանիսն էին՝ հայտարարել արտակարգ դրություն եւ կարանտին, չմտցնել կարանտին, իրականացնել ամենախիստ մեկուսացման կարգ եւ այլն: Ի՞նչ առաջարկեցին ԵՊԲՀ դասախոսները, որոնք այդ ամենը դասավանդում են ուսանողներին: Չեմ հիշում, որ որեւէ խորհուրդ լսած լինեմ այդ հանրույթից: Իրավիճակը լրիվ նոր էր ու փոփոխական: Դիմակ կրել, թե ոչ, ունի նշանակություն ձեռքերի մաքրությունը թե ոչ, անցկացնել հանրահավաքներ, թե ոչ, ինչպես կազմակերպել թեստավորումը, այդ բոլոր հարցերին պետք էր տալ վարկյանական պատասխաններ: Ի՞նչ մեսիջներ էին գալիս ԵՊԲՀ-ից: Ես դրանք չեմ լսել:

Այդ ընթացքում ԱՆ-ը, օգտագործելով իր կառավարման տակ եղած կառույցները, իսկ դա ՀՎԿԱԿ-ն է, ԱԱԻ-ն է, պետական հիվանդանոցներն են, արտակարգ դրության եւ կարանտինի պայմաններում, աննախադեպ արագությամբ մոբիլիզացրեց բոլոր ուժերն ու նախապատրաստեց համակարգը ԿՈՎԻԴ-19-ով ստացիոնար բուժում ունեցող հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Չէ որ կարանտինը չի կարող տեւել անվերջ ու այդ ամենը անհրաժեշտ էր գնալով հիվանդների թվի շատացմանը պատրաստ լինելու համար: Ծավալվեց շուրջ 2000 մասնագիտացված մահճակալ, կազմակերպվեցին դասընթացներ հարյուրավոր բժիշկների համար  վարակաբանական, համաճարակաբանական, թոքաբանական, վերակենդանացման գծով ու վերապատրաստված բժիշկները անմիջապես ուղղվեցին ԿՈՎԻԴ-19 հոսպիտալներ ու սկսեցին փրկել մեր քաղաքացիների կյանքերը: Կայի՞ն դրանց մեջ մայր ԲՈՒՀ-ի դասախոսները, որոնք թվում է, թե միանգամից կարող էին ընդգրկվել այդ գործընթացի մեջ ու ես համոզված եմ, հիմա մենք կունենայինք ավելի արդյունավետ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարող առողջապահական համակարգ: Ոչ, չկային:

Ես նշեցի միայն հանրությանը պարզ ու հասկանալի մասնագիտական ուղղությունները, որոնք պետք է վերադասավորվեին ու անմիջապես սկսեին աշխատել:

Եվ հանկարծ պարզվում է, որ ԵՊԲՀ-ն գերբնական ջանքերով ծավալել է 10 մահճակալ ու պատրաստ է ամբողջ իր գիտադասախոսական հնարավորություններով գցել իրեն համաճարակի դեմ պայքարի: Ռուսներն ասում են` молчи, за умного сойдешь. Չստացվեց, ձայն հանելու եւ իրեն ցուցադրելու մոլուցքը հաղթեց, ու կիսա բժիշկ, կիսա երաժիշտ, կիսա երգիչ եւ կիսա ծոռ Վահան Արծրունի անվան տակ հանդիսացող անձնավորությունը չդիմացավ ու խոսեց:

Հիմա կասեմ մի բան, որը ձեզ, սիրելի ընթերցողներ, կզարմացնի: Արծրունին այստեղ ոչ մի մեղք չունի, նա հանգիստ նստած ծնգծնգացնում էր, այդպես էլ ժողովրդի սիրո բերկրանքը չհամտեսած ու այդպես էլ կշարունակվեր, եթե հանկարծ չորոշվեր, որ ԲՈՒՀ-երում  պետք է ստեղծվեն նոր Հոգաբարձուների խորհուրդներ: ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը  անմիջապես արեց այն, ինչին միշտ սովոր էր` սկսեց ստեղծել իրեն ամեն հարցով հլու հպատակ խորհուրդ եւ ոտքի վրա հնարեց մի հրաշալի հուզիչ պատմություն համալսարանի հիմնադիրներից մեկի ծոռան մասին ու ներդրեց բոլոր ջանքերը այդպիսի խորհուրդ ստեղծելու ու Վահան Արծրունուն նախագահ  հռչակելու հարցում:

Ես ներկա եմ եղել անբողջ նախա ու ընտրական գործընթացին, առաջին նիստի տեսանյութը նույնպես ինձ մոտ է:

Ի դեպ, դիմամատյանում այդ օրերին իմ կողմից հրապարակված բաց նամակը, որտեղ ես եղբայրական ձեւով զգուշացրել էի Արծրունուն այդ կուտը չուտել, հասկանալով, որ ԵՊԲՀ-ի պես վիթխարի ԲՈՒՀ-ին անհրաժեշտ է այլ որակի նախագահ եւ այլն: Ինձ իհարկե ոչ ոք չլսեց, հակառակը՝ ձեւավորվեց Արմեն Մուրադյանի սրտով մի խամաճիկային խորհուրդ, որը հավաքվել է միայն իր որոշումների հաստատման  ու եւս իրանով հիացած լսարան ապահովելու համար:

Իսկ հիմա ամենակարեւորը` խաղաղ կյանքը մի բան է, պատերազմը ուրիշ: Հիմա շատերը ասում են որ մենք պատերազմի մեջ ենք ու թշնամին անտեսանելի է: Այո, այդպես էլ կա: Բայց այս պատերազմը ցույց տվեց, թե ովքեր պատրաստ են անմիջապես ոտքի կանգնել ու առանց նայելու օր է, թե գիշեր, ներդնել ամբողջ ուժն ու ջանքերը ժողովրդին ավելի արագ ազատել անտեսանելի չարիքից, իսկ ով ես կասեի, ոչ թե լինելով թշնամի, հատուկ նպատակով, այլ ուղղակի չունենալով համապատասխան ունակություններ, չի կարողանում կազմակերպել հենց իրեն վստահված ԲՈՒՀ-ի մասնակցությունը այդ ահավոր դժվար պահին: ԲՈՒՀ-ի, որն ունի շուրջ հարյուր տարվա պատմություն, հանդիսանում է մեր երկրի պարծանքը ու որի ավարտականները աշխատում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում ու գրավում են այնտեղ առաջադեմ դիրքերը: Ասեմ նաեւ, որ իմ ընկերները, որոնք շատ են ԵՊԲՀ-ում, խոստովանել են ինձ, որ պատրաստ են առանց որեւէ պայմանների, ընդգրկվել պայքարի մեջ, բայց վախենում են ռեկտորի դժգոհությունից:

Խոսքը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այս պահին ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մուրադյանի մասին է:

Ես դիմում եմ Ա. Մուրադյանին` Արմեն Աբգարիչ, Դուք աշխարհում ճանաչում ունեցող բժիշկ ուրոլոգ եք եւ փայլուն վիրաբույժ: Այն երախտագիտությունը, որը ստանում է բժիշկը մարդու կյանքը փրկելով, ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ, թե ինչ մեծ գին ունի: Արդյոք ավելի ճիշտ չի՞ լինի հեռանալ անշնորհակալ ադմինիստրատիվ աշխատանքից ու զբաղվել Աստծո կողմից շնորհված առաքելությամբ ու մնալ ազգի հիշողության մեջ, որպես ուժեղ մարդ ու նվիրված քաղաքացի: Հավատացեք, այդ քայլը կբերի Ձեզ մի քանի անգամ ավելի մեծ փառք ու հարգանք, քան պաշտոնից կառչելը ու կեղծավոր հիացած հայացքներով շրջապատված լինելը: Ասում եմ այս ամենը որպես ավագ ընկեր, որը հենց Ձեր խոսքով, Ձեզ քայլել է սովորեցրել:

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 ԵՊԲՀ Հոգաբարձուների նախկին խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
10.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930