Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստից «Առավոտը» հետաքրքրվեց՝ լինելով համալսարանի մեծ ընտանիքի անդամ, ի՞նչ զգացողություն ունի բուհի հիմնադրման քսանամյակի առիթով:
«Համալսարանի համար 20 տարին կարեւոր տարիք է, 2000 թվականից կարող ենք պատկերացում կազմել այն ճանապարհի մասին, որը համալսարանն անցել է, բայց եթե, օրինակ, համեմատենք Երեւանի պետական համալսարանի հետ, որը նշում է իր հիմնադրման 100-ամյակը, պետք է փաստենք, որ մեր 20-ամյա համալսարանը շատ երիտասարդ է: Երբ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նոր էր ստեղծվում, շատերը միգուցե չէին հավատում, որ այն կդառնար այն, ինչ հիմա է: Այն փաստը, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այլեւս կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, խոսում է այն մասին, որ համալսարանի հիմնադիրները, նախկին եւ ներկա դասախոսները, վարչական անձնակազմը եւ ուսանողները մեծ աշխատանք են կատարել: Այսօր մենք տեսնում ենք բոլորի աշխատանքի հանրագումարը, այն, թե ով ինչ քար է դրել համալսարանի կառուցման հիմքում, ինչ ներդրում ունեցել:
Առաջին հերթին ուզում եմ ընդգծել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի դերը, Հայաստանի կառավարության դերը, որը այն ժամանակ հավատաց այդ ծրագրին եւ ֆրանսիական կառավարության հետ կարողացավ միասին հիմնադրել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը եւ մշտապես աջակցել բուհին:
Մեր համալսարանի մասին խոսելիս ուզում եմ շեշտել, որ այն իսկապես համատեղ է ստեղծված, երկու կողմերի ջանքերն է ներառում: Որպես ռեկտոր՝ ինձ շատ հպարտ եմ զգում այս համալսարանով, մեր շրջանավարտների հաջողություններով, Հայաստանի զարգացմանը մեր ուսանողների եւ շրջանավարտների մասնակցությամբ: Սա այն համալսարանն է, որն ուղղակի դիպլոմներ չի շնորհում, այլ օգնում է Հայաստանի տնտեսության եւ տարբեր ոլորտների զարգացմանը»,-նշեց ռեկտորը:
Կարդացեք նաև
Դոկտոր Լավեստն ասաց, որ համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ ուսանողները գտնում են այն աշխատանքը, որով նպաստում են Հայաստանի հզորացմանը: «Քսանամյակը նաեւ այն տարիքն է, երբ սկսում ես մտածել կյանքի հաջորդ փուլի մասին: Եթե ես ունենայի կախարդական փայտիկ, կցանկանայի ունենալ գեղեցիկ համալսարան՝ գեղեցիկ շենքերով, բայց մասնավորապես կուզենայի, որ այս համալսարանը շատ ավելի բաց լիներ միջազգային հանրության առաջ: Հայաստանը կարիք ունի ընդունել օտարերկրյա ուսանողների: Կցանկանայի, որ համալսարանը շարունակի հետեւել ՀՀ տնտեսական մարտահրավերներին: Վստահ եմ, որ Հայաստանի ապագան կախված է հայկական ուղեղների վրա ներդրում անելուց, տեղի ներուժն օգտագործելուց: Լավ համալսարաններում սովորող լավ ուսանողների միջոցով Հայաստանի ապագան շատ վառ կարող է լինել: Կցանկանայի քսան տարի հետո վերադառնալ եւ տեսնել, թե ինչ է դարձել այս համալսարանը»,-ասաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը:
Ինչ վերաբերում է հայկական կրթական շուկայում նոր մշակույթ ձեւավորելուն, մեր զրուցակիցը նշեց, որ երբ քսան տարի առաջ Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունները որոշեցին համագործակցել, շարժիչ ուժը դարձավ ֆրանսիական մանկավարժությունը, ֆրանսիական կրթական համակարգը ներկայացնելը եւ Հայաստանում ներդնելը: Ժան-Մարկ Լավեստը կարծում է, որ տարբեր համալսարաններում սովորած ուսանողները տարբեր աշխատաոճ ունեն, ու նրա խոսքերով, երբ գործատուն հանդիպում է ուսանողների հետ՝ Ամերիկյան, Հայ-ռուսական համալսարաններից կամ ԵՊՀ-ից, որոշակի պատկերացում է ունենում այն աշխատաոճի մասին, որը նրանց սովորեցրել են իրենց համալսարաններում:
«Հայաստանում Ֆրանսիական համալսարանում սովորելը դժվար է, շատ մեծ ջանքեր եւ աշխատանք է պահանջվում, բակալավրիատի չորս տարիների ընթացքում ուսանողներին իսկապես շատ հանձնարարություններ են տրվում, վեց ամիսը մեկ բավականին բարդ քննական շրջան է լինում: Դա նշանակում է, որ չորս տարվա ընթացքում նրանք ութ եւ ավելի քննական շրջան են անցնում, որպեսզի կարողանան վաստակել իրենց դիպլոմը: Այդ ամենը նրանց օգնում է հետագայում ավելի կազմակերպված աշխատաոճ ունենալ, վերլուծություն եւ սինթեզ անել, եւ երբ նրանք հայտնվում են աշխատանքի շուկայում, մեր համալսարանի շրջանավարտներն ունենում են աշխատաոճի տարբերակիչ հատկություն՝ ի տարբերություն այլ բուհերի շրջանավարտների: Ուսանողները հաճախ կատակում են, թե կարողացել են ողջ դուրս գալ մեր համալսարանից: Նրանք այստեղ սովորում են շատ աշխատել, ինչն ի վերջո տալիս է իր արդյունքը: Այո, մեր շրջանավարտները տարբերվում են, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում էլի կան շատ լավ համալսարաններ եւ մեր համալսարանը միակը չէ: Գործատուների համար հետաքրքիր է հանդիպել տարբեր համալսարաններում սովորած տարբեր աշխատաոճեր ունեցող մասնագետների հետ»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ առաջիկայում պատրաստվում են նաեւ զբոսաշրջության կրթական ծրագրեր իրականացնել, քանի որ այդ մասնագիտության կարիք կա, ու Հայաստանը զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունի: Զրույցի ընթացքում ռեկտորն անդրադարձավ նաեւ նորաբաց ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետին, ասաց, որ ՏՏ ոլորտը ուժեղացնելու համար մաթեմատիկական ավանդույթներ ու գիտնականներ ունեցող Հայաստանը պետք է հզորացնի մաթեմատիկան. «Ֆրանսիան եւս մաթեմատիկոսների օրրան է, մենք կարող ենք տեսնել այն ներդաշնակությունը, որ Ֆրանսիան եւ Հայաստանը կարող են միմյանց փոխանցել մաթեմատիկայի ոլորտում: Կարծում եմ, որ եթե մաթեմատիկայի առանձին ֆակուլտետ բացենք, կրկին համաչափ կքայլենք Հայաստանի տնտեսական պահանջների առումով: Համալսարանի մասին տեսլականս կեզրափակեմ հետեւյալ մտքով՝ մեր համալսարանում ամենակարեւորն ինձ համար դիպլոմ շնորհելը չէ, այլ ուսանողներին տալը ամեն հնարավոր բան, որպեսզի նրանք աշխատանք ունենան, գտնեն իրենց տեղը կյանքում եւ դառնան պատասխանատու քաղաքացի: Կարծում եմ, որ դրանով պետք է առաջնորդվի համալսարանը»:
Ժան-Մարկ Լավեստին խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ հիշել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ կապված, որ պատահել է իր աշխատանքի ընթացքում: «Մեկը 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի դրվագն է, մյուսը՝ 2018թ. հեղափոխության դրվագը: Ինչո՞ւ այդ երկու դրվագները, որովհետեւ որպես ռեկտոր հենց այդ ժամանակ ես զգացի իմ ուսանողների ողջ ուժը: Հաշված ժամերի ընթացքում նրանք մոբիլիզացվեցին, որպեսզի պաշտպանեն իրենց հայրենիքը: Ես այս դրվագները կհիշեմ իմ ողջ կյանքում՝ անգամ Հայաստանից մեկնելուց հետո: Այդ ժամանակ ես իսկապես անհանգստացա իմ ուսանողների համար, բայց միաժամանակ շատ հպարտացա….»,-ասաց պարոն Լավեստը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.06.2020