Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների համար, ժամանակավոր կացարանը դարձել է բնակության անժամկետ հասցե: Երկրաշարժից հետո, ավելի քան 30 տարի, ընտանիքն ապրում է 27քմ մակերեսով վագոն-տնակում: Անշուք ու արդեն քայքայված կացարանում 3 երեխա է մեծացել: Աղջիկներն արդեն ամուսնացել են եւ հեռացել ճնշող պատերից: Կացարանում հիմա տան կրտսեր որդին է ապրում՝ ծնողներ հետ: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել եւ շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել:
«Շատ դժվարություններ ենք հաղթահարել այս կացարանում: 90-ականներից այստեղ ենք ապրել: Ներսում ջուր եւ գազ չունենք, խոհանոց էլ չկա: Մի փոքրիկ հատված ենք հարմարեցրել, որն օգտագործում ենք միայն ամռանը. ձմռանն այնքան ցուրտ է, որ ամեն ինչ սառում է: Անունով խոհանոց է, բայց նպատակին չի ծառայում: Անձրեւներից ամբողջությամբ դեֆորմացվել է, առաստաղը պոկվել է եւ դուրսն ու ներսը չեն տարբերվում: Մենք 7 թոռնիկ ունենք: Երբ ամբողջ ընտանիքս հավաքվում է՝ ներսում կանգնելու տեղ չի մնում»,-ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:
Ընթացիկ տարվա գարունը որքան դժվար, նույնքան ավետաբեր է եղել Հակոբյանների համար: Ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Համավարակը փոխել է աջակցության մեթոդները. շինհրապարակում կամավորական խմբեր չկան: Ծրագիրը, սակայն, ընթացքի մեջ է: Անշուք կացարանում ծնված ու երիտասարդության տարիներն անցկացրած տղան՝ Մանվելը, փորձում է իրականացնել ծնողների երազանքը եւ ավարտին հասցնել տարիների կիսակառույցը: Հայր եւ որդի համոզված են, որ արտաքին աշխարհի հետ ժամանակավոր սահմանափակումների ընթացքը կարող են շինարարությանը ծառայեցնել:
Կարդացեք նաև
Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են ակտիվ աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված ընտանիքները ոգեւորված են՝ տարիների երազանքն իրականացնելու հնարավորության համար: Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն էլ կարեւոր են համարում աջակցության թիրախն ու նպատակը: Վագոն-տնակներից եւ անբարենպաստ պայմաններից մարդկանց ազատելու որոշումն այս տարի տարածվելու է 37 ընտանիքի վրա:
«Առավոտ» օրաթերթ
09.06.2020