Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում եմ բոլոր քրեական գործերով օբյեկտիվ մոտեցում»

Հունիս 10,2020 13:30

Ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը, անդրադառնալով Վանաձորի` հայտնի «Լճերի գործ»-ին

Հունիսի 4-ին «Առավոտ» օրաթերթում՝ «Քրեական հեղինակության» 65-ամյա հոր խափանման միջոցը չեն փոխում» հրապարակմամբ անդրադարձել էի այս տարվա փետրվարի 9-ին ապօրինի ձեռք բերված հրազենից Աղասի Հովհաննիսյանի եւ մյուսների մասով հարուցված քրեական գործերին, կալանավորված հայր եւ որդի` Կամո եւ Կորյուն Մուրադյաններին:

Պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարինե Գասպարյանն «Առավոտի»  հետ զրույցում ասում է. «Նշեմ, որ իրականում թե Կամո Մուրադյանը եւ թե Կորյուն Մուրադյանը մեղավոր չեն իրենց մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ: Ցավոք, Վանաձորի ոստիկանությունը որդեգրել է նրանց մասով մի սխալ գործելաոճ՝ առանց ապացույցների, վկաների վրա ճնշում գործադրելու ճանապարհով, վարույթն իրականացնող մարմնին փորձել է վերջինս կաշկանդել իրականությունը ճիշտ գնահատելու առումով, ինչի արդյունքում ենթադրություններով կառուցվել է մեղադրանք»: Մեր հարցին, թե պաշտպանը նկատի ունի՞  Վանաձորի՝ հայտնի «Լճերի գործը», պաշտպանը պատասխանեց. «Լճերի գործով»` տուժող Ն. Խ.-ի վերաբերյալ գործով անհիմն գործն ուղարկվել է դատարան: Կորյուն Մուրադյանի նկատմամբ տեւական ժամանակ այս նույն գործով երկարացվել է ընտրված խափանման միջոց կալանքը, մինչեւ վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Դրանից հետո լինելով ազատության մեջ՝ Կորյուն Մուրադյանը որեւէ հակահասարակական արարք թույլ չի տվել, գործն այդպես էլ անհիմն ուղարկվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հուսամ, որ գոնե Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն օբյեկտիվ մոտեցում կցուցաբերի եւ իմ պաշտպանյալին կարդարացնի»:

Կարինե Գասպարյանը տեղեկացրեց, որ նախաքննությամբ այս գործով էլ իրականացրել է եւ դատարանում էլ իրականացնելու է Կորյուն Մուրադյանի շահերի պաշտպանությունը. «Ծանոթ լինելով այս քրեական գործի ողջ նյութերին, խորը հիասթափություն եմ ապրել, որ գործի հիմքում ընկած միակ ապացույց համարվող ենթադրյալ վկայից՝ Ա. Ծ.-ից վերցրած ցուցմունքից հետո նախաքննական մարմինը ոստիկանության հետ համագործակցելով՝ առանց իմ պաշտպանյալի հետ առերեսում կազմակերպելու, կազմակերպել են Ա.Ծ.-ին հանրապետությունից դուրս բերելը: Պաշտպանական կողմը հասավ նրան, որ Ա.Ծ.-ի հետ վերջինիս ցանկությամբ լսեց նրա խոսքը, ով հայտնեց, որ իր անունից, մասամբ իր ձեռագրով լրացված ցուցմունքներն այն մասով, որ իբրեւ ինքը տեսել է, որ Կորյուն Մուրադյանն է կրակել ոմն Ա. Ծ.-ի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, ինքը գտնվել է ոստիկանության ճնշումների ներքո, իր նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ է գործադրվել եւ պահանջել են լքել հանրապետությունը: Երբ քննիչը պետք է հայտներ գործի ավարտի մասին, ես արդեն ունեի երկրորդ տեսանկարահանումը Ա.Ծ.-ի հետ, ով կրկին պնդեց նախկինում պաշտպանին ներկայացրածը, ոստիկանության կողմից իր նկատմամբ կիրառած բռնությունները, ինչի արդյունքում հայտնեց, որ ինքը վախենում է ոստիկաններից, դրա համար էլ Հայաստան չի կարող գալ, բայց պատրաստ է նույն կերպ պատասխանել նաեւ ցանկացած իրավապահի՝ դատախազի, դատարանի հարցերին»:

Պաշտպանական կողմին Ա.Ծ.-ն հայտնել է, որ իր վիճակը տեսել է իր ընկերուհին: Ընկերուհին՝ Ա. Հ.-ն դեռ նախաքննության սկզբում դիմել էր թե՛ պաշտպանին, թե՛ ՀՀ գլխավոր դատախազին, իրավապահ մարմիններին, հայտնել այն, ինչ հայտնել էր Ա.Ծ.-ն պաշտպանական կողմին:

«Նշեմ, որ տուժող Ն. Խ.-ի վերաբերյալ վերոնշյալ քրեական գործով նախաքննության սկզբում հայտնվեց, որ ինքն է եղել նշված զենքից կրակոց արձակողը, ում ասածներն արժանահավատ չհամարեցին, ասելով, որ նա հոգեբուժարանում գրանցված է որպես թմրամոլ, սակայն Կամո Մուրադյանի գործով ընդդեմ վերջինիս ցուցմունքներ տված անձանց ասածները (ովքեր, եւս ըստ մեր ունեցած տվյալների, գրանցված են հոգեբուժարանում) համարում են արժանահավատ  եւ նրանց ասածի հիման վրա առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրանք են առաջադրել իմ պաշտպանյալ Կամո Մուրադյանին: Զարմանալի է, որ քաղաքում, եթե որեւէ հանցագործություն կատարվի (անգամ այն դեպքերում, երբ այդ գործերով տուժող կամ այլ անձ նախկինում արատավորված, դատապարտված անձինք են եղել), նրանց մասին արատավորող որեւէ արտահայտություններ չեն լինում, նրանց արարքներին որեւէ իրավական գնահատական չեն տալիս, թիրախավորվում են Մուրադյանները (անգամ եթե դատվածությունները մարված են): Ինչքան կարող է Մուրադյանների ընտանիքը ամոթով ու վախով ապրի: Անձին հրավիրում են ոստիկանություն, կամովին ներկայանում է ոստիկանության բաժին, լրացնում են, որ նրան բերման են ենթարկել: Եթե որեւէ անձ ասում է, որ իրականում այդ հանցագործությունն ինքն է կատարել, ասում են, որ նա հոգեբուժարանում գրանցված անձ է, արժանահավատ չէ նրա ասածը, իսկ երբ նույն ախտորոշմամբ մեկ այլ անձ ընդդեմ իմ պաշտպանյալների է ցուցմունք տալիս, դա արդեն արժանահավատ  է»,-ասում է Կարինե Գասպարյանը:

Պաշտպանի գնահատմամբ,  բազմակողմանի, օբյեկտիվ քննության իրականացման օրենքի պահանջը մի կողմ թողնելով` անդրադարձ են կատարում շատ վաղ անցյալում անձի կատարած հանցագործություններին, ու փորձում այս ֆոնի վրա անձին մեկուսացնել, թշնամացնել նույն քաղաքում բնակվող անձանց՝ միմյանց հետ: Տարբեր ծանր հանցագործությունների մեջ մեղադրանք են առաջադրել հայր ու որդուն, ում ընտանիքն ապրում է Վանաձոր քաղաքում. վտանգված է նրանց կյանքը, առողջությունը տարբեր առումներով…

Նա նշում է, որ դեռ տարիներ առաջ Վանաձորի ոստիկանությունը թիրախավորել է Կորյուն Մուրադյանին՝ պահանջելով կամ վերցնել ապօրինի զենք պահելու, կամ էլ թմրանյութի հոդված, իսկ եթե ոչ մեկը, այդ դեպքոմ՝ լքել հանրապետությունը: Եղել է ժամանակ, երբ Կորյուն Մուրադյանը ստիպված լքել է իր ծնողներին, ընտանիքին, հայրենիքը, եւ որդեգրել է օտար ափերում դեգերելը, որ անհիմն ոստիկանությունը չմեկուսացնի իրեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930