Լրահոս
Օրվա լրահոսը

Չմոռանալ Ալիեւի մերժածը

Հունիս 10,2020 12:00

Ադրբեջանի միջազգային պարտավորությունը՝ զինադադարի հաստատումից եւ ապրիլյան պատերազմից ի վեր

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անցյալ շաբաթ հանդես եկավ հերթական տեսանյութով, որում անդրադարձավ շփման գծում հետաքննության մեխանիզմների կիրառման հարցում նախորդ իշխանության կողմից հետեւողականորեն տարվող գծին:

Միքայել Մինասյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվել էր շատ կարեւոր բան, որին ձգտում էին ՀՀ բոլոր իշխանությունները, եւ առանց որի Հայաստանն անընդհատ վտանգի տակ էր: «Հայաստանի իշխանություններն անընդմեջ բարձրացնում էին հարց, որը հետեւյալն էր, մենք պարտավոր ենք ունենալ դիտորդական առաքելություն, ունենալ տեխնիկական միջոցներ, որպեսզի վերահսկենք շփման գծում զարգացումները, հնարավորություն ունենալու հասկանալու՝ ո՞վ է առաջինը կրակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքից ամենամեծ խաղաքարտը վերցնում են, որովհետեւ Հայաստանը երբեք չի սկսում կրակել, Հայաստանը ուզում է խաղաղ գործընթաց, ինչը երբեք չի ուզում Ադրբեջանը»: Ըստ Միքայել Մինասյանի՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվեց այդ հարցը բերել բարձր մակարդակի եւ Վիեննայում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց մի փաստաթուղթ, որն ամրագրում էր, որ պետք է շուտափույթ միջոցառումներ իրականացնել, որոնք բերելու են միջազգային դիտորդական առաքելության ավելացմանը եւ դրանից բխող տեխնիկական միջոցների ներդրմանը ամբողջ շփման գծի երկայնքով: «Եթե դա արվեր եւ մենք զրոյացնեինք սահմանային միջադեպերի քանակը, գրեթե չէր լինի պատերազմի վտանգ եւ ամենակարեւորը՝ չէինք ունենա զոհեր: Սակայն Նիկոլ Փաշինյանը դա զիջեց՝ խնդրելով ժամանակավոր դադար, որպեսզի շարունակի զավթել Հայաստանի իշխանությունը, զիջեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Դրանից հետո ոչ մեկը չի խոսել այդ պայմանավորվածությունների մասին՝ ոչ եռանախագահները, ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ էլ, իհարկե, Իլհամ Ալիեւը»,- նշեց Մինասյանը:

Թե որքան կարեւոր է հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջի բարձրաձայնումը՝ այդ թեմային բազմիցս անդրադարձել ենք, հորդորելով Հայաստանի այսօրվա իշխանություններին դրանց մասին շարունակաբար հիշեցնել՝ հրապարակային եւ ձգտել հասնել նրան, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարություններում իրենց երբեմնի պահանջը ներառեն:

Իրականում ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց արդեն միջնորդներն իրենց հայտարարություններում սկսեցին չհիշատակել այդ պահանջը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանություններին, ապա նրանք այդ գաղափարը մերժել են վաղուց՝ ոչ միայն ապրիլյան պատերազմից հետո, այլեւ դրանից շատ-շատ առաջ…

Ապրիլյան պատերազմից մեկ տարի առաջ

2015թ. փետրվարին ՀՀ ԱԳ նախկին  նախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված հրապարակեց «Politique Internationale» հանդեսում, որում արձանագրում էր. «Կազանի գագաթաժողովին հետեւեց խաղաղ կարգավորման գործընթացի գրեթե երկամյա լճացումը: Իր ապակառուցողական դիրքորոշմամբ Ադրբեջանը ոչ միայն ձախողեց բանակցությունները, այլեւ նպաստեց հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը: Այս ընթացքում բազմապատկվեցին Ադրբեջանի կողմից իրականացված հրադադարի ռեժիմի խախտումները եւ սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով, ինչպես նաեւ` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Համանախագահներն օժտված են միջազգային մանդատով` դյուրացնելու բանակցային գործընթացը, ինչպես նաեւ նպաստելու հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ամրապնդմանը: Նրանք ներկայացրել են վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների վերաբերյալ մի շարք առաջարկներ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում: Բոլոր այս առաջարկները հավանության են արժանացել մի շարք կարեւոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Դրանք ողջունել են նաեւ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Բայց բոլորը մերժվել են Բաքվի կողմից: Ադրբեջանը մերժել է անգամ իրականացնել հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որին նախագահ Ալիեւը տվել էր իր համաձայնությունը (05.03.2011թ. եւ 23.01.2012թ. Սոչիի հայտարարություններ): Ադրբեջանը նույնիսկ սպառնում էր վետո դնել ԵԱՀԿ 2012թ. բյուջեի վրա, եթե որեւէ ֆինանսավորում հատկացվի հետաքննության նման մեխանիզմի ստեղծման համար»:

Այո, ՀՀ նախկին իշխանությունները միջազգային բարձր հարթակներից մշտապես հիշեցրել են այդ մասին՝ ամեն անգամ շեշտելով, որ Հայաստանը մշտապես աջակցել է վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցներին՝ համարելով, որ  դրանք թույլ կտան նպաստավոր պայմաններ ստեղծել բանակցությունների համար: Եվ սա միանշանակ ճիշտ քաղաքականություն էր՝ անկախ նրանից, որ Ադրբեջանի իշխանությունները մերժում էին այն:

2015թ. հոկտեմբերին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարածաշրջանային այցի մեկնարկին հանդիպելով հայաստանցի լրագրողների հետ՝ նշել էր, որ՝ «եթե երկու տարի առաջ շփման գծում խնդիրը դիպուկահարներն էին, ապա այժմ ծանր հրետանին, եւ մենք ուզում ենք, որ կողմերը ձեռնպահ մնան այդ գործողություններից»: Ուորլիքն անդրադառնալով դիտարկմանը, թե համանախագահները հավասարության նշան են դնում հրադադարը խախտող Ադրբեջանի եւ պատասխանելու անհրաժեշտություն ունեցող Հայաստանի միջեւ, ասել էր, թե չկա մեխանիզմ, որը թույլ կտար հստակ պարզել, թե որ կողմն է խախտման պատասխանատուն: Նա նկատել էր, որ իրենք հենց այդ մեխանիզմի ստեղծման հարցն են դնում կողմերի առաջ: Ուորլիքը դեռ 2015թ. հոկտեմբերին շեշտել էր, որ այդ մեխանիզմի, հետաքննությունների հնարավորության խնդիրը բարձրացնում են արդեն երեք տարի, եւ թեեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախկինում ասել է, թե բաց է այդ գաղափարի առաջ, այդուհանդերձ, Բաքուն ներկայում չի ընդունում այդ մեխանիզմի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկները:

2015թ. դեկտեմբերին Բեռնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավորություն է տվել հստակեցնել իրենց դիրքորոշումները, արձանագրել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ հավելելով. «Նախագահները քննարկել են բռնության վերջին դեպքերը եւ մտահոգություն են հայտնել ծանր զենքերի կիրառման հետեւանքով գրանցված կորուստների կապակցությամբ՝ ներառյալ քաղաքացիական անձանց շրջանում: Նախագահները սատարել են միջնորդների շարունակական աշխատանքը, որն ուղղված էր շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում բռնության ռիսկի նվազեցմանը, ներառելով հետաքննությունների մեխանիզմը»:

Թվում էր, համանախագահներին երկար ջանքերից հետո հաջողվել էր Իլհամ Ալիեւից համաձայնություն կորզել հետաքննությունների մեխանիզմների ներդրման շուրջ, ինչը խիստ շահեկան էր հայկական կողմի համար: Սակայն մի քանի ամիս անց պարզվեց պաշտոնական Բաքվի իրական նպատակը. ապրիլյան քառօրյա պատերազմ սանձազերծելով՝ Ալիեւը փորձ արեց նոր իրավիճակ ու մթնոլորտ ձեւավորել ադրբեջանական սպասումների հարցում:

Վիեննայի հանդիպման կարեւոր արձանագրումը

2016թ. մայիսի 16-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ հանդիպեցին: Վիեննայի բանակցությունները կայացան ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

Այս հանդիպմանը խիստ կարեւոր արձանագրում արվեց՝ համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995թթ. համաձայնագրերով: Այս արձանագրումն արեց անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի պահպանման, կրակի դադարեցման մասին այն տեսքով, ինչ տեսքով դա ամրագրվել է դեռ նախորդ հարյուրամյակի 94-95թթ. համաձայնագրերով: Պայմանավորվել ենք նաեւ այն մասին, որ ԵԱՀԿ-ն կձեւակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում, այն մասին, որ ԵԱՀԿ-ն նաեւ կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը եւ այն մասին, որ հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն իրենց հաջորդ հանդիպման օրը եւ վայրը»:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում պաշտոնապես արձանագրվեց, որ համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը. «Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»:

Պաշտոնական Երեւանը բավարարված էր Վիեննայի հանդիպման արդյունքներով: Բանակցություններից հետո Երեւան վերադարձի ճանապարհին Սերժ Սարգսյանը ինքնաթիռում հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշեց. «Մենք չենք խոսել բանակցությունների մասին, իհարկե, խոսք եղել է, որ լավ կլինի, որ տեսանելի ապագայում հանդիպում լինի, բայց որեւէ պայմանների մասին չենք խոսել։ Մենք խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին, եւ ես ցանկություն եմ հայտնել, որ եթե լինելու է հանդիպում, ապա լինի մոնիթորինգի հաստատումից հետո»։ Համանախագահող երկրների միասնական դիրքորոշմամբ արձանագրումը, որ՝ հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նախագահները համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը, Սերժ Սարգսյանի խոսքով, Ալիեւը չէր առարկել, սակայն Սարգսյանին դա դեռ այն ժամանակ հավատ չէր ներշնչել. «Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագահներին եւ ինձ, ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը։ Վստահ եմ՝ պատկերացնում եք իմ պատասխանը, բայց սա է։ Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը»։ Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը բավարարված էր հանդիպման արդյունքներով, միաժամանակ, զգուշացրել էր, որ եթե Ադրբեջանը դրժի խոստումը՝ խախտելով հրադադարը, Հայաստանը համարժեք պատասխանելու է։

Ի՞նչ պահվածք դրսեւորեց պաշտոնական Բաքուն՝ Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո: Մեկ օր անց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշեց, թե՝ Վիեննայի բանակցությունները՝ «լավ հնարավորություններ են ստեղծում»: «Ես համաձայն եմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականին, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում հակամարտության կարգավորմանը փուլային մոտեցման հիման վրա սուբստանտիվ բանակցություններ սկսելու համար»,- ասել էր Մամեդյարովը:

Նկատենք, ապրիլյան պատերազմից հետո կայացած առաջին իսկ բանակցություններից հետո Բաքուն արդեն իսկ հղում էր կատարում Սերգեյ Լավրովին, որն իսկապես Վիեննայում արդեն իսկ խոսել էր փուլային կարգավորման անհրաժեշտության մասին: Սակայն ադրբեջանցի ԱԳ նախարարի կողմից ոչ մի խոսք չհնչեց հետաքննության մեխանիզմների մասին:

Իսկ Վիեննայի բանակցություններից 2 օր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը «պարզաբանեց». «Վիեննայի հանդիպմանն Ադրբեջանը համաձայնություն է տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ առաջիկայում բանակցությունների շարունակման համար»: Այնուհետեւ ադրբեջանցի պաշտոնյան, մեկնաբանելով հայտարարության՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին դրույթը, հակադարձել էր, թե այդ կապակցությամբ Բաքուն պարտավորություններ չի ստանձնել:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է՝ սկսած 1995թ.-ից: Այս արձանագրումը ՀՀ նախկին իշխանության օրոք ՀՀ ԱԳՆ-ն բազմից արել է՝ հիշեցնելով 1995թ. Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ եռակողմ համաձայնագիրը, որում նշված է կրակի ռեժիմի դադարեցման ամրապնդման եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Ասել է թե՝ այդ մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն էր զինադադարի հաստատումից ի վեր:

2017թ. դեկտեմբերին ՀՀ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն՝ արձանագրել էր. «Ապրիլյան ագրեսիայից հետո պատերազմի հետեւանքները վերացնելու նպատակով համանախագահները կազմակերպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը հրաժարվեց կյանքի կոչել այդ գագաթաժողովների շրջանակներում ձեռքբերված եւ հայտարարված պայմանավորվածությունները, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930