Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ կարող են վերաբացվել սրճարաններն ու մոլերը, իսկ երաժշտական կոլեկտիվները անգամ փորձ անել չեն կարող. «Ա1+»

Հունիս 09,2020 21:01

Ինչու՞ կարող են վերաբացվել սրճարաններն ու մոլերը, իսկ երաժշտական կոլեկտիվներն, ինչպես օրինակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է, չեն կարող վերսկսել գոնե փորձերը լիարժեք կազմով:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը մտահոգված է, թե երբ ֆիլհարմոնիկը թույլտվություն կստանա վերսկսել գոնե 40-50 հոգանոց փորձերը, քանի որ առանց ամենօրյա փորձերի, նվագախումբը կարող է կորցնել կատարողական այն բարձր որակը, որին հասել են տարիների աշխատանքի շնորհիվ: Այս մասին նա բարձրաձայնել է ոչ մեկ անգամ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առայժմ չի պատասխանել այս խնդրին:

Այս և այլ հարցերով «Ա1+»-ը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հետ:

– Տիկին Սիրունյան, համաճարակով պայմանավորված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն անցավ օնլայն տիրույթ:

– Ինչպես ամբողջ աշխարհն անցավ: Միշտ ակտիվ ենք եղել սոցցանցերում, առավելապես հիմա, շեշտադրումը ստիպված դրեցինք օնլայն հարթակի վրա և կարողացանք իրականացնել շատ ծրագրեր՝ փոքր համերգներ,  նախկինում արված որակյալ տեսագրությունների ցուցադրություններ: Օրինակ՝ Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիայի որակյալ տեսագրությունը, որն առաջին անգամ հեռարձակեցինք մեր կայքում: Առայժմ նույն ձևով կաշխատենք, քանի որ հասկանում ենք, որ դեռ պարզ չէ, թե երբ կարող ենք ունենալ դահլիճում հանդիսատեսով համերգ: Իսկ առայժմ փորձում ենք կամերային խմբերով մեր ունկնդրին ներկայացնել հետաքրքիր ծրագրեր, որը կարծես հաջողվում է, դատելով մեր էջի հետևորդների անընդհատ ավելացող քանակից և գովասանքի գրառումներից:

– Ի դեպ, փոքր խմբերով համերգները շատերի համար կարծես բացահայտեցին, թե ինչ որակի պրոֆեսիոնալ երաժիշտներ են նվագախմբի կազմում և հիացմունքի խոսքեր հնչեցին, որ մեր ֆիլհարմոնիկը ասես մենակատարների նվագախումբ լինի:

– Այո, այս օրերին գովեստի շատ խոսքեր լսեցինք: Հպարտությամբ կարող եմ ասել, որ հանրապետության լավագույն երաժիշտներն են ընդգրկված մեր նվագախմբում և ասեմ, որ սա նաև մաեստրո Թոփչյանի շնորհիվ է: Նշեմ նաև, որ փոքր խմբերով հանդես գալն իր դժվարությունն ունի: Մի բան է, երբ նվագախումբն է նվագում և գալիս է «մեկ ձայնի» հնչողություն, և  կարելի է «թաքնվել», այլ բան, երբ փոքր խմբով հանդես եկող երաժիշտներից յուրաքանչյուրը կարողանում է բացահայտել իր ընդունակությունն ու պոտենցիալը:

– Գովեստի խոսքեր էին հնչում նաև օնլայն հարթակում իրագործված ծրագրերի ոչ ֆորմալ բնույթ կրելու և մտածված ներկայացնելու մասին: Որպես օրինակ, նվագախմբի առաջին ջութակների կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի ունկնդրին տրված հետաքրքիր տեղեկությունն ու յուրովի մեկնաբանությունը Վիվալդիի կոնցերտի վերաբերյալ, մինչ ստեղծագործության կատարումը:

– Մենք որդեգրել ենք մի համերգաշար, որը կոչվում է «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ», և հավատացնում եմ, մեզ համար կարևոր չէ, ամբողջ նվագախումբն է կատարում, թե մի քանի երաժիշտ, պատասխանատվությունը նույնն է: Աշխատում ենք նույն ձևով, ինչպես մինչ օնլայն հարթակը: Ծրագրերը, իրեն հատուկ բծախնդրությամբ, որոշում է մաեստրո Թոփչյանը: Փոքր կազմերով փորձեր ենք անում, ձայնագրություններ ենք կատարում: Կարող եմ նույնիսկ ասել, որ օնլայն հարթակն իր դժվարությունն ունի: Մի բան է, կատարել դահլիճում՝ 1200 հանդիսատեսի համար, որը դասական երաժշտություն սիրող քո ունկնդիրն է, այլ բան է օնլայն հարթակում: Պետք է կարողանալ մատուցել այնպիսի երաժշտություն, որ հետաքրքիր լինի ավելի լայն հանրության համար:

Շատ պատասխանատու է, քանի որ մեր էջի հետևորդների թիվը գնալով շատանում է և արդեն խոսքը գնում է համացանցում տասնյակ հազարի հասնող դիտումների մասին: Թե երաժիշտների բարձր կատարողական արվեստը, թե համերգի ձայնագրման ու տեսագրման աշխատանքները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, չնայած, որ ամբողջ աշխատանքը իրականացնում ենք միմիայն մեր ուժերով:

Եվ իհարկե, այս ամենն իրականություն չէր դառնա, եթե չլինեին կուլիսներում իրենց գործը կատարող մեր նվիրյալ աշխատակիցները, որոնց աշխատանքն անտեսանելի է, սակայն և անփոխարինելի: Առանց համակարգողների, այս ամենն իրականություն չէր դառնա: Նրանց շարքում է հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Դալլաքյանը, որն այս ամիսներին փայլեց իր պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքով: Մեր օպերատորը՝ Աշոտը, որը միշտ կազմ-պատրաստ է իր գործն անել: Սոցցանցերի հետ կապն ապահովող մեր խմբագիրը՝ Լուսինեն:

– Պարոն Թոփչյանը մտահոգված է, որ նվագախումբն առանց ամենօրյա փորձերի կարող է կորցնել կատարողական այն բարձր որակը, որին հասել են տարիների աշխատանքի շնորհիվ: Ինչպես է այս խնդրի լուծմանը անդրադառնում  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

– Այո, միասնական փորձեր չունենալը կարող է վտանգել տարիների ձեռքբերումը: Բնական է, որ երաժիշտները տանը փորձում են, բայց դա իհարկե բավարար չէ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որի մասին անընդհատ բարձրաձայնում ենք: Նամակով դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի միջնորդեն պարետատանը, որ թույլատրեն փորձեր իրականացնել, անխոս, պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները: Առայժմ պատասխան չենք ստացել, սակայն լիահույս ենք, որ մոտ է այն օրը, երբ կստանանք թույլտվություն: Մենք անհամբեր դրան ենք սպասում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել