Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ասում է` երկիրը դժոխային իրավիճակում է, պարոն Ծառուկյանը պիտի ասեր` ո՞չ, վարչապետը ստո՞ւմ է, ամեն ինչ հիանալի՞ է». Շաքե Իսայան

Հունիս 09,2020 19:45

«Որեւէ հրատապ նիստ չի եղել, դա մեր խմբակցության հերթական նիստն էր, որի ընթացքում քննարկել ենք պարոն Ծառուկյանի ելույթից հետո առաջացած աժիոտաժը եւ այն արձագանքները, որոնք ստացվել էին ի պատասխան պարոն Ծառուկյանի համախմբման կոչի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն`անդրադառնալով այսօր տեղի ունեցած խմբակցության նիստին:

Տիկին Իսայանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ դիմել են խմբակցության պատգամավորներին, մասնավորաբար Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին, որպեսզի հանդիպեն պարոն Ծառուկյանի հետ եւ քննարկեն նրա առաջարկը. «Ընդամենն այդ ամբողջն ենք ի մի բերել, որպեսզի քննարկումները հետագայում շարունակվեն: Որոշել ենք, որ այս փուլում որեւէ հանդիպման մասին դեռեւս չենք բարձրաձայնում: Երբ հանդիպումներն ու քննարկումները կավարտվեն, կձեւավորվի միասնական օրակարգ` որեւէ հարցի կամ հարցերի շուրջ, այդ ժամանակ հանդես կգանք վերջնական հայտարարությամբ»:

Նիստը տեղի է ունեցել կուսակցության գրասենյակում, մասնակցել է նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ իշխանությունում տարբերակներ են քննարկվում Գագիկ Ծառուկյանին, նրա որդուն, այլ մերձավորների ընդհուպ մինչեւ կալանավորելու որոշումներ կայացնելու համար: Շաքե Իսայանից հետաքրքրվեցինք`այս մասին քննարկումներ եղե՞լ են, նման զարգացումների պատրա՞ստ են:

«Պարոն Ծառուկյանի ելույթից հետո, անմիջապես, ամենատարբեր օղակներից իմ տարբեր գործընկերներ բարձրաձայնել են նման մտահոգություններ, քանի որ ահազանգեր, ազդակներ էին գալիս: Այսօր էլ ես էլ մամուլում կարդացի, որ մարզպետներին է հրահանգ իջեցվել, լոզունգներ են մտածվել, ինչ-որ «Մերժիր» նախաձեռնություն է ստեղծվում եւ այլն: Ես կարող եմ ասել հետեւյալը`որեւէ բան չեմ բացառում, այն ազդակները, որոնք գալիս են, այդ թվում պարոն Ծառուկյանի, նրա որդու հետ կապված, որ կարող են քրեական գործեր հարուցվել, ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում: Այլ բան, որ որեւէ նման տարբերակ մեզ չի լռեցնելու, չի կանգնեցնելու»:

Հիշեցրեցինք, որ 2015-ին, ԲՀԿ-ն` Լեւոն Տեր-Պետրոսյանի հռչակած «հրաշալի քառյակում» դարձյալ ընդդիմադիր լիդերի դերն էր ստանձնել, սակայն, հայտնի է, թե ամենն ինչով ավարտվեց եւ հետաքրքրվեցինք`այժմ նման զարգացումները հավանական համարո՞ւմ եք: Շաքե Իսայանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք իշխանությունների մասով, որ կանեն այն ինչ արեցին նախկին իշխանությունները, օրինակ, մեկ գիշերվա ընթացքում մոտ 700 մարդու կալանավորեցին, իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել: Ինչ վերաբերվում է մեր մասով, եվս մեկ անգամ կրկնում եմ. տարբեր ազդակներ մեզ գալիս են`տարբեր ձերբակալությունների, քրեական գործերի, նախաձեռնությունների եւ ակցիաների մասին, որ որոշել են, օրինակ, ոչ թե բացահայտ, ինչպես առաջին օրերին էր`պատգամավորներով, կառավարության ներկայացուցիչներով արձագանքել, այլ ավելի «ստորգետնյա» գործընթացներով առաջնորդվել: Ես չգիտեմ, մեզ հասնող ազդակներից ո՞ր մասն է համապատասխանում իրականությանը:

Բայց եւ անկեղծորեն ասում եմ`ոչինչ չեմ էլ բացառում: Միայն կարող եմ ասել`մեր խմբակցության դիրքորոշումը վերջնական է: Այն, ինչ ասել է պարոն Ծառուկյանն իր հայտարարությամբ, մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք: Մենք գտնում ենք, որ երկիրն այսօր մեր բոլորի օգնության կարիքն ունի: Այո, մենք նախաձեռնել ենք հանդիպումների եւ քննարկումների շարք, որի արդյունքում կունենանք ծրագիր, ճանապարհային քարտեզ` երկիրն այս իրավիճակից հանելու համար: Եթե այդ ամենի համար իշխանությունները պատրաստ են գնալ ամենատարբեր քայլերի, չեմ էլ ուզում մանրամասնել, նախօրեին, մամուլում տեսնում էիք, թե ինչեր էին տարածվում «անհայտ օգտատիրոջ» կողմից, «անհայտ «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ էլեկտրոնային կայքի միջոցով…Եթե իշխանությունը պատրաստ է գնալ նման քայլերի, ապա մեզ համար նման քայլերն անընդունելի են: ԲՀԿ-ի գործունեության հիմքում երբեւէ չի եղել գործելաոճ, երբ ընտանիքը խառնվել է քաղաքական գործընթացներին: Այս անգամն էլ մենք չենք տրվելու սադրանքներին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ իշխանության եւ իրենց գործունեության արդյունքում հասարակությունը կտեսնի իրականությունը եւ կհասկանա այն քաղաքականությունը, որն իրականացնում է իշխանությունը`«ժողովրդավար», «նոր մշակույթ» հասկացողությունների տակ: Իր գնահատմամբ, գործող իշխանության գործելաոճը որեւէ կերպ չի տարբերվում նախորդ իշխանության գործելաոճից, «եթե չասենք, որ իր սահմաններով ո՞ւր է հասնում»:

2006 թվականից`իր ստեղծման օրից, հայաստանյան քաղաքական դաշտում զգուշավոր համարվող ԲՀԿ-ի արտահայտած կոշտ եւ հստակ դիրքորոշումը տարբեր վերլուծություններ առիթ տվեց, առ այն, որ աշխարհաքաղաքական կենտրոններից, մասնավորաբար, ՌԴ իշխող քաղաքական շրջանակի հետ համաձայնեցված են ԲՀԿ առաջնորդի քայլերը`Aravot.am-ի այս դիտարկման առիթով էլ Շաքե Իսայանն ասաց, որ «զգուշավոր» հասկացողությունն ինքը կփոխարիներ «կառուցողական գործելաոճով», ինչը եւ ԲՀԿ-ն արել է իր գործունեության ողջ ընթացքում: Իսկ այն, որ արդեն մի քանի ամիս շարունակ, երկրում իրականացվող համավարակի հետ կապված քայլերի, իշխանության հռչակած տնտեսական հեղափոխության մասով ԲՀԿ-ի մեկնած ձեռքը մերժվել է, իսկ իշխանության կողմից պատշաճ քայլեր չեն իրականացվել, անգամ այն դեպքում, երբ ԲՀԿ-ի առաջարկներն են սեփականաշնորհվել, բնական է, որ կաթիլ-կաթիլ գումարվելով իրենց կառուցողական քննադատությունը մի օր վերածվելու էր կոշտ քննադատության:

«Մեր գաղափարները մերժվում են, իրենք իրենց ծրագրով գնում են, վերջում իրենք էլ են ընդունում, որ արդյունավետ չէ, ձախողել են եւ պլան «Բ» չունեն: Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, իբրեւ նաեւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն. ասենք` կեցցեք, կառավարություն, որ ձախողե՞լ եք: Իհարկե, պետք է կոշտ քննադատենք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այդպես էլ չի հասկանում իր իշխանական գործընկերներին, որոնք ցավագին ընդունեցին Գագիկ Ծառուկյանի քննադատությունը, ընդհուպ մինչեւ անձնական, կոշտ վիրավորանքների, շանտաժի ու սպառնալիքի լեզվով պատասխանեցին: «Եթե վարչապետն ասում է, որ իրենց պայքարն անարդյունավետ է եղել, եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ երկիրը դժոխային իրավիճակում է, պարոն Ծառուկյանը պիտի ասեր` ո՞չ, վարչապետը ստո՞ւմ է, ամեն ինչ հիանալի՞ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930