«Հայաստանում կորոնսավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի որոշակի կայունացում ունենք եւ կայունացում ենք ունենալու, բայց այս հանգամանքը մեզ պետք է ոչ թե թուլանալ, այլ ավելի բարձրացնել մեր զգոնությունը:
Մեր բանաձեւը մնում է մեկը՝ մեզանից յուրաքանչյուրի, եւ, ընդհանուր առմամբ հանրային պատասխանատվության մեծացումը ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման առումով: Ուզում եմ եւս մեկ անգամ մեր հայրենակիցներին հորդորել առօրյա կյանքում եւ ընդհանրապես պահել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,- պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կոչ արեց հուղարկավորությունները, հոգեհանգստյան արարողություններն իրականացնել պարետատան կանոնների համաձայն, հարսանեկան արարողությունների ժամանակ եւս կատարել պարետատան պահանջները, նաեւ առաջարկեց, որ սգակիր եւ պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն ՏԻՄ-երի եւ ոստիկանության հետ:
Վարչապետը կարեւորեց նաեւ հանրային իրազեկող խմբերի աշխատանքը, ասաց, որ կարեւոր կլինի, որ ամենաշատը երկու հոգանոց խմբեր շրջեն եւ քաղաքացիներին առանց վիրավորելու իրազեկեն հակահամաճարակային կանոնները պահպանելու մասին, բարձրացնեն նրանց տեղեկացվածության աստիճանը:
Կարդացեք նաև
Ճեպազրույցին մասնակցում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, որը թողնելով աշխատանքը Գերմանիայում, վերադարձել է Հայաստան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին:
Արսեն Մանուկյանը, որն այժմ աշխատում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, ասաց, որ աշխատում է Բավարիայի կլինիկաներից մեկում: Նա փաստեց, որ դեռ որտեղ մարտ-ապրիլ ամիսներին Գերմանիայում ունեցել են մեծաթիվ բուժառուներ՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Հավելեց, որ մայիս ամսին վարակը խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր՝ թողնելով սոցիալ տնտեսական հետեւանքներ, որոշակի նահանջ է ապրել:
Բժշկի համոզմամբ, բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության հետեւանքով էր դա: Նա նշեց, որ այդ ժամանակ հայրենիքում սաստկացող իրավիճակը ամեն օր մտորումների տեղիք էր տալիս իր անելիքների մասին: Իսկ մայիսի վերջին կարդալով առողջապահության նախարարի հայտարարությունը, որ պահանջվում են մասնագետներ, որոշել է գալ Հայաստան:
«Որոշումը քննարկեցի կնոջս հետ եւ հասկացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ եւ խնամել տասն ամսական որդուս»,-ասաց Արսեն Մանուկյանը, որը գործատուից համաձայնություն կորզելուց անմիջապես հետո դեպի Հայաստան՝ առանց հետադարձի ինքնաթիռի տոմս է գնել ու եկել Երեւան:
Բժիշկը նշեց, որ այն աշխատանքը, որ արվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, աննկարագրելի է, ամբողջ բուժանձնակազմը բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի գլխավորությամբ կռիվ է տալիս մահվան դեմ: Նա կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, բացառել ոչ անհրաժեշտ շփումները եւ պահպանել հիգիենան:
«Հուլիսի 18-ին որդիս՝ Լեւոնը կդառնա մեկ տարեկան, հուսով եմ, որ մինչ այդ, կանոնների համատարած պահպանման հետեւանքով համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ եւ մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»,-հորդորեց բժիշկը:
Ֆելիքս Ցոլակյանը խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին՝ ասաց, որ յուրաքանչյուրը հակահամաճարակային կանոնները պահելով կարող է կյանքեր փրկել: Նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ, ավելի քան 900-ին տրվել է բժշկական խորհրդատվություն: Նախարարը նշեց, որ հոգեբանական աջակցություն կարելի է ստանալ նաեւ տեսակապի միջոցով՝ զանգահարելով 911 ծառայություն, իսկ իրենց 24/7 ռեժիմով աշխատող բժիշկների թիվը կրկնապատկվել է: Նախարարը հայտնեց, որ ԱԻՆ 34 աշխատակից ներգրաված է պարետատան աշխատանքներին, այդ թիվը առաջիկայում կքառապատկվի:
Տեղեկացրեց, որ ԱԻՆ 35 աշխատակից վարակակիր է, որոնցից քսանը բուժվել է, նաեւ 82 ինքնամեկուսացած ունեն: Նա եւս հորդորեց պահել պարետատան եւ Առողջապահության նախարարության սահմանած պահանջները: Ցանկացած դեպքում զանգահարել 911 ծառայություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ