Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր շտաբի պետ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, եթե մասնակցում են հարսանիքին մի՞թե նրանք այնքան անհամարժեք են, որ չեն պատկերացնում ՀՀ վարչապետի հնարավոր արձագանքը». Հակոբ Բադալյան

Հունիս 09,2020 19:15

«Փոփոխությունների շարժառիթները կարող են տարբեր լինել, բայց ինձ համար կասկած չկա, որ ընդհանրապես փոփոխությունն ունի քաղաքական համատեքստ, և ուժային բլոկում փոփոխությունը չի կարող չունենալ նման համատեքստ»,- «Հոդված 3» ակումբի տեսաքննարկմանը հայտարարեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի և ՀՀ գլխավոր շտաբի պետի փոփոխություններին:

Հակոբ Բադալյանը փաստեց՝ մենք գործ ունեք հիմնարար կառույցների հետ: Եվ անդրադառնալով այն կարծիքներին, թե այս ազատումները կապված էին ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետի որդու հարսանեկան խնջույքի կազմակերպման և մասնակցության հետ, Հակոբ Բադալյանն ասաց. «Մարդիկ, որոնք մասնակցում էին հարսանիքին կարանտինի պայմաններում արդյոք չէի՞ն կարող գիտակցել դրա հնարավոր քաղաքական հետևանքը: Այսինքն՝ գլխավոր շտաբի պետ, ոստիկանապետ, եթե մասնակցում են հարսանիքին մի՞թե նրանք այնքան անհամարժեք են, որ չեն պատկերացնում ՀՀ վարչապետի հնարավոր արձագանքը: Այս հարցադրումներն առաջանում են: Մի՞թե նրանք երեքն էլ կարող էին այդ աստիճան անհամապատասխան լինել իրավիճակին»:

Ըստ Հակոբ Բադալյանի՝ այս նշանակումները ցույց են տալիս, որ նշանակվել են ՀՀ վարչապետի մոտ բավականին մեծ վստահության պաշարով մարդիկ և շարունակեց. «Վահե Ղազարյանը՝ ոստիկանապետը, մեծ փորձ ունի, Օնիկ Գասպարյանը գեներալ է, որը հեղինակավոր գեներալ է՝ որպես զինվորական նաև իր անհատական վարքով և ավելին, նույնիսկ, երբ հեղափոխությունից հետո Մովսես Հակոբյանը պաշտոնանկ եղավ գլխավոր շտաբի պետի պաշտոնից, կար համընդհանուր սպասում, որ Օնիկ Գասպարյանը կնշանակվի: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանի նշանակմանը՝ տեսնում ենք չափազանց երիտասարդ մարդու, որը համակարգում չի եղել, դրսից է գալիս համակարգ: Այստեղ ակնհայտ է, որ վարչապետի դիտարկումը երկարաժամկետ է: Նա պատկերացնում է Արգիշտի Քյարամյանին երկարաժամկետ գործունեության համատեքստում: Վարչապետը, ներկայացնելով նրան ԱԱԾ-ին, խնդիրների լայն շրջանակ դրեց: Դա վկայում է, որ այդուհանդերձ, ԱԱԾ-ն շարունակելու է ներքին ու արտաքին մարտահրավերին դիմագրավելու առումով լուրջ դերակատարություն ունենալ, առավել ևս, մի միջավայրում ենք, երբ միշտ լինելու ենք հիբրիդային վտանգների ազդեցության ներքո: Այս տեսանկյունից ԱԱԾ-ն լրջագույն կառուցվածքային վերանայումների կարիք ունի: Դրա համար նաև մասնագետներ են անհրաժեշտ»:

Ըստ Հակոբ Բադալյանի՝ ռուսական ազդեցությունը ՀՀ ԱԱԾ-ի նկատմամբ ակնհայտ է: Նա այս առիթով որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Ոչ միայն խորհրդային անցյալի բերումով, այլև որոշակի օբյեկտիվ պատճառների բերումով մեր ԱԱԾ-ն էականորեն կախված է ռուսական հատուկ ծառայություններից: Սա ինչ-որ հարցերում թույլ է տալիս խնդիրներ լուծել, բայց նաև բերում է զուտ ոչ թե մեկ կառույցի ազդեցության, այլ ընդհանրապես քաղաքական ազդեցության: Այստեղ լուծումները երկար ժամանակ են պահանջելու և մանրակրկիտ դիտարկումներ, որ կարողանանք բարձրանել մեր հատուկ ծառայության անկախությունն ու արդյունավետությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930