Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ՝ այս նշանակումով ռուսական ազդեցությունը ԱԱԾ-ի վրա, որը կար և առ այսօր կա, գոնե շեշտակի կնվազի». Դանիել Իոաննիսյանը՝ Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին

Հունիս 09,2020 17:52

«Պաշտոնանկությունների մոտիվները պարզ են: Ամեն ինչ հստակ է: Արտակ Դավթյանը պաշտոնանկ արվեց իր որդու հարսանեկան խնջույքի կազմակերպման համար, իսկ Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանն այդ խնջույքին ոչ միայն մասնակցելու համար, այլ որ ի պաշտոնե ֆունկցիա ունեին կանխելու նման միջոցառումները, բայց մասնակցել էին»,- «Հոդված 3» ակումբի տեսաքննարկմանը հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով վերջին օրերի պաշտոնանկություններին:

Խոսելով Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության դրդապատճառների մասին՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Էդուարդ Մարտիրոսյանի հետ կապված հայտնի է, որ ինքն ինչ-որ առումով Արթուր Վանեցյանի կադրն է եղել: Ամեն դեպքում ինքը երկար տարիներ տարբեր պաշտոններում եղել է Արթուր Վանեցյանի տեղակալը, և այդ առումով չգիտեմ, միգուցե իր մասով խնդիրներ կային, բայց վստահ չեմ»:

ՀՀ ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանն, ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ամբողջությամբ վստահելի կադր էր: Նա մանրամասնեց. «Ես անձամբ որևէ կասկած չեմ ունեցել, որ նա ամբողջովին լոյալ է թե′ Նիկոլ Փաշինյանին, թե′ նաև արժեքներին»:

Խոսելով գլխավոր շտաբի պետի, ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի նշանակումների մասին՝ նա ասաց. «Գլխավոր շտաբի նորանշանակ պետի հետ պատիվ չեմ ունեցել շփվել, բայց ոստիկանության պետի՝ Վահե Ղազարյանի նշանակումը խոստումնալից է: Նա փորձ ունի թե′ ոստիկանության ծառայության տարբեր պաշտոններում, թե′ նաև նախկին օպեր է, թե′ ոստիկանության զորքերում փորձ ունի: Այս առումով իր փորձը բավականին լավն է: Շատ մեծ ակնկալիքներ ունեմ Վահե Ղազարյանից»:

ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման առիթով Դանիել Իոաննիսյանն ասաց. «Թեև Արգիշտի Քյարամյանի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց բաներ կան. իր տարբեր կապերը, այդ թվում Վովա Գասպարյանի հետ, իր հայտարարագրի հետ կապված պատմությունը, բայց ինձ թվում է, որ այդ մարդը սպառիչ պատասխանել էր այդ հարցերին: Արձանագրենք, որ վստահելի կադր է: Նա ԱԱԾ սիստեմի փտած մասը չէ, այն համակարգի մասը չէ, որը շատ խնդրահարույց էր, որից Արթուր Վանեցյանն ու Էդուարդ Մարտիրոսյանն էին: Ինքն առհասարակ ԱԱԾ-ից չէ, փոխկապակցված չէ բոլոր ներքին ԱԱԾ ավանդույթներին, կապերին, ինքը վստահելի է, քանի որ ՊՎԾ-ում իր նախկին գործունեության հետ կապված դրվագներ ինձ հայտնի են: Ինքն ամբողջությամբ վստահելի է. ոչ մի կապ չունի նախորդ իշխանությունների հետ: Վստահություն է նաև ներշնչում այն, որ նա ըստ էության գոնե կոռումպացված չի եղել և նորմալ աշխատող պաշտոնյա է: Այս առումով ԱԱԾ նշանակումն էլ է խոստումնալից»:

Արձագանքելով այն մտահոգություններին, թե Արգիշտի Քյարամյանը երիտասարդ և անփորձ է, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Իհարկե, քննադատում են, որ նա երիտասարդ է, փորձը սահմանափակ է, բայց այս նշանակումով ես հույս ունեմ, որ ռուսական ազդեցությունը ԱԱԾ-ի վրա, որը ամեն դեպքում կար և առ այսօր կա, ամեն դեպքում գոնե շեշտակի կնվազի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930