Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանի կենսագրությունը իր առավելություններից է, իր դրական կողմերից մեկն է». Էդգար Ղազարյանը՝ ՍԴ-ի բարձր վստահության ու Թովմասյանի ՀՀԿ-ական լինելու մասին

Հունիս 09,2020 17:39

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե որեւէ մեկը խոսում է ՍԴ ճգնաժամի մասին, ապա պարտավոր է պատասխանել երկու հարցի՝ ե՞րբ է առաջացել այդ ճգնաժամը եւ ի՞նչ հանգամանքներում:

Մեր դիտարկմանը՝ իշխանականները ասում են, որ Հրայր Թովմասյանն ընտրվել է մեքենայություններով, Գագիկ Հարությունյանին հանել են, ծննդյան օրը «փոխել», ժամկետների խախտմամբ ինքն է ընտրվել, այսինքն՝ լեգիտիմ չի՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «ՍԴ դատավորներն ընտրվել են օրինական ճանապարհով, նաեւ՝ Հրայր Թովմասյանը: Դա ոչ մի կերպ չի կարող տրամաբանական վիճարկման առարկա դառնալ»:

Հարցրեցինք՝ ընդունո՞ւմ եք այն քննադատությունները, որ ՍԴ-ն քաղաքականացված մարմին է ու դրանով է պայմանավորված անվստահությունը ՍԴ-ի նկատմամբ՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «ՍԴ-ն վայելում է հանրային մեծ հեղինակություն եւ վստահություն: Այդ են վկայում հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ պարզվել է, որ բոլոր դատական մարմիններից Հայաստանում ամենաբարձր վստահությունն ունի ՍԴ-ն: Դրա մասին է վկայում նաեւ ՍԴ-ի ստացած դիմումների քանակը քաղաքացիներից, իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից, որոնք աննախադեպ են վերջին երկու տարիների ընթացքում: Կարծում եմ, դա վստահության լավագույն դրսեւորումն է: ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է ու այդ առումով ցանկացած քննադատություն սին եւ անհիմն է: ՍԴ դատավորները քաղաքականությամբ չեն զբաղվում: Անձնապես նրանց գործունեությունը ուսումնասիրեք՝ որեւէ դրվագ հնարավոր չի առանձնացնել նրանց գործունեության ընթացքում, որ զբաղված լինեն քաղաքականությամբ: Վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ պրոֆեսիոնալ լինելուց բացի՝ նաեւ մարդկային բարձր ապաքինություններով օժտված մարդիկ են, որովհետեւ օրենքով նրանց առաջարկվեց գնալ վաղ կենսաթոշակի ու նույն վարձատրությամբ, բայց ոչ մի դատավոր՝ այդ 7 հնարավոր շահառուներից չհամաձայնեց այդ տարբերակին՝ ցույց տալով, որ ոչ թե աշխատում են՝ աշխատավարձ ստանալու համար, այլ իրականացնում են առաքելություն՝ մեր երկրում իրականացնելու սահմանադրական առաքելություն: Այդպիսի մարդիկ առանձնահատուկ հարգանքի են արժանի: Այդ օրենքը առիթ հանդիսացավ, որ մեր հասարակությունը տեսնի, թե ինչ բարձր մարդկային մասնագիտական որակներ կրող մարդիկ են այսօր ՍԴ-ում»:

Մենք ճշտեցինք՝ դրա՞ հետ էր կապված առաջարկից հրաժարվելը, թե՞ դա ցույց էր տալիս փոխկապակցվածությունը նախկին իշխանություններին՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Նախկին իշխանությունների հետ փոխկապակցվածություն որեւէ դատավոր չունի»:

Երբ հիշեցրին՝ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ից է եղել՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Պարոն Թովմասյանի կենսագրությունը իր առավելություններից է, իր դրական կողմերից մեկն է: Մեր երկրի ՍԴ նախագահը պետք է լիներ գիտելիքներով հարուստ ու փորձառու մարդ»:

Ղազարյանը որպես Հրայր Թովմասյանի առավելություն, ընդգծեց այն, որ մեր Սահմանադրության հեղինակներից է, մեր դիտարկմանը՝ այն Սահմանադրության համահեղինակներից, որն ապահովում էր Սերժ Սարգսյանի վերարտադրությունը՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Դուք իրավունք ունեք սեփական դատողությունների համար: Իմ կարծիքով, նա այն Սահմանադրության հեղինակներից մեկն է, որը մեր երկրում իրականացրել է ֆունդամենտալ փոփոխություն՝ անցում կատարելով նախագահական կառավարման համակարգից դեպի խորհրդարանական կառավարման համակարգ՝ է՛լ ավելի ամրապնդելով մեր երկրի ժողովրդավարական հիմքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930