Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատանդների փոխանակում. Թրամփի կանաչ լույսն Իրանին

Հունիս 09,2020 17:09

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը և Քովիդ-19 հիվանդության հետևանքով՝ մահացության դեպքերի աճը, ԱՄՆ-ի ոստիկանության կողմից սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո Միացյալ նահանգների տարբեր քաղաքներում ծայր առած բողոքի լայնածավալ ցույցերը և վերջերս ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից սոցիալական ցանցերի դեմ մեկնարկած արշավը քաղաքական և հասարակական լուրջ խնդիրներ են առաջացրել Սպիտակ Տան ղեկավարության համար: Նախագահ Դոնալդ Թրամփի անխոհեմ և հապճեպ քայլերն ու որոշումները կապված երկրի ներքին սոցիալական դժգոհությունների, կորոնավիրուսի տարածումը զսպելու և բուժծառայությունների մատուցման ոլորտում թույլ տված զգալի թերացումները և սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ընթացող բողոքի ցույցերը վերահսկելու և բողոքարարներին ճնշելու նպատակով ոստիկանությանն ու անվտանգության ուժերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արձակված հրամանը, անզսպելի շղթայական ռեակցիա են առաջացրել ԱՄՆ-ի իշխող վարչակազմի, մասնավորաբար նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։

Արտաքին քաղաքականության ճակատում թույլ տված սխալները, միակողմանի քաղաքականությունը և Իրանի ու Չինաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունների ձախողումը ավելի է թուլացրել Թրամփի դիրքերը միջազգային դիվանագիտության ոլորտում։

ԱՄՆ-ում դեռ երկար ժամանակ առաջ ենթահող էր ստեղծվել բողոքի ցույցերի անցկացման համար և Ջորջ Ֆլոյդի սպանությունն ընդամենը մի կայծ էր, որը բորբոքեց հասարակության վրդովմունքը»:

Սա Իրանի համար բացառիկ առիթ ստեղծեց իր քննադատությունների և հակաամերիկյան քարոզչության սլաքն ուղղելու ԱՄՆ-ի վարչակարգի և հատկապես նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, ինչը նաև մեծ ազդեցություն ունի Իրանի ներսում իսլամական համակարգի դեմ ուղղված քննադատությունները թուլացնելու և հասարակական կարծիքը շեղելու արտաքին քաղաքականության վրա և արդարացնելու սեփական ժողովրդի դեմ ուղղված Իրանի իշխանությունների քայլերը։

Հատկապես, երբ նկատի առնենք, որ վերջերս իրանական հինգ նավթային տանկերներից բաղկացած նավատորմը, որոնք Իրանում բեռնավորվել և ուղևորվել էին դեպի Վենեսուելա, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին հաջողությամբ մուտք են գործել Վենեսուելայի ջրեր և այդ երկրի տարբեր նավահանգիստներում բեռնաթափվել են:

Հակառակ բոլոր կանխատեսումներին, որ իրանական տանկերների մուտքը Վենեսուելա կարող էր սրել ԱՄՆ-Իրան հակամարտության լարվածությունը, այժմ փաստերը վկայում են, թերևս կայացած գաղտնի համաձայնությամբ իրանական նավթային 5 տանկերները ԱՄՆ կանաչ լույսով են հասել Վենեսուելայի ջրերը։ Մասնավորապես, պետք է նշել, որ վերջին ժամանակներում տեղի ունեցած նմանատիպ դեպքերին ԱՄՆ-ի կողմից այլ կերպ արձագանքելու ձևը, մտածելու տեղիք է տալիս՝ Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի կիրառած անորոշ քաղաքականության բնույթի մասին: Այս դեպքում միգուցե իրանցիները իրավացիորեն մտածում են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը զուրկ է Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականություն որդեգրելու գործիքակազմից և միայն բավարարվում է տնտեսական պատժամիջոցների ճնշման լծակով իր կամքը պարտադրել Թեհրանին, ինչն փաստորեն ոչ մի ազդեցության չի ունեցել Իրանի հոգևոր արմատական իշխանության և ԻՀՊԿ-ի ծայրահեղական հրամանատարության քաղաքական ընթացքը փոխելու վրա։

Չնայած տնտեսական պատժամիջոցները մեծ ճնշում են բերել Իրանի ժողովրդի վրա, սակայն Իրանի իշխանությունները կարողանում են ճնշման բեռը բարդելով ժողովրդի ուսերին շարունակել իրենց տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Ռազմական սպառնալիքների տեսակետից միայն Իսրայելն է, որ փորձում է հակազդել Իրանի քայլերին Սիրիայում, և վերջին ամիսներին հաճախ իսրայելական օդուժի կործանիչները թիրախավորում են Իրանի պահապանների կորպուսի և նրա դաշնակիցների զինապահեստներն ու ռազմական շարասյուները Սիրիայի տարածքում և տեխնիկական ու կենդանի ուժի կորուստներ են պատճառում նրանց։ Սակայն, Իրանի համար նման վնասները այնքան էլ էական չեն և անմիջապես փոխարինվում են նոր ուժերով ու զինտեխնիկայով։ Իրանը կարողանում է Իսրայելի կողմից ստացած հարվածները Սիրիայում մի կերպ կուլ տալ և չդիմելով հակահարվածի Իսրայելին զբաղեցնել Սիրիայի անապատներում, նրանց հեռու պահելով իր սահմաններից և թեթևացնել Իրանի դեմ ուղղված ռազմական իսկական սպառնալիքը, որը անկասկած ուղղված է Իրանի կենտրոնական և հարավային հատվածներում տեղակայված միջուկային օբյեկտների դեմ։

Այն ​​բանից հետո , երբ 2020 թ․-ի հունվարի 3-ին, ամերիկյան անօդաչուները Բաղդադի օդանավակայնում գրոհեցին Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանի և նրա իրաքցի զինակիցների վրա, որի հետևանքով, սպանվեց գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Իրանը և ԱՄՆ-ը, որոնք անցած տարվա հունվարին ռազմական դիմակայության եզրին էին գտնվում, և նույնիսկ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը սպառնացել էր կանխել իրանական նավթային տանկերների շարժումը դեպի Վենեսուելա, անսպասելիորեն ականատեսն եղանք, որ վերջին օրերին Վաշինգտոնը և Թեհրանը փոխանակել են երեք բանտարկյալների:

Հունիսի 2-ին, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն տեղեկացրեց, որ իրանցի գիտնական Սիրուս Ասգյարին ազատ է արձակվել և ԱՄՆ-ի բանտից և վերադարձել է Իրան:

Հատկանշական է, որ Իրանցի գիտնական Սիրուս Ասգարին ձերբակալվել էր 2019-ի նոյեմբերին՝ Օհայո Համալսարանում առևտրային գաղտնիքները գողանալու մեղադրանքով:

Այնուհետև, հունիսի 5-ին ԱՄՆ քաղաքացի և ծովուժի նախկին նավաստի Մայքլ Ուայքն, որը երկու տարի առաջ այցելել էր Իրան և անհիմն մեղադրանքով կալանավորվել էր Իրանում ազատ արձակվեց բանտից և վերադարձավ ԱՄՆ։

Մայքել Վայթի ազատ արձակվելուն համընթաց, ԱՄՆ-ում ազատ է արձակվել իրանցի բժիշկ Մաջիդ Թահերին, ով ԱՄՆ-ում ձերբակալվել էր իրանական պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով։

Պատանդների փոխանակման համար ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդական բանակցությունները վարել է Շվեյցարիայի կառավարությունը։

Առանց Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերի էջում ողջունելով ամերիկացի Մայքլ Ուայթին ազատ արձակելու Իրանի քայլը, գրել էր. «Մեծ համաձայնության համար մի սպասեք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անցկացմանը, ես ընտրվելու եմ»:

Հակադարձելով Իրանի հետ համաձայնության մասին Թվիթերում արած Դոնադլ Թրամփի գրառմանն՝ ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Պարոն Թրամփ, հակառակ ձեր ենթակաների ջանքերի, մենք համաձայնագիր ունեինք, նախքան ձեր իշխանության գալը»: Նա հավելել է. «Իրանն ու ՀԳՀԾ-ի մյուս անդամները երբեք չեն լքել բանակցությունների սեղանը: Եվ հիմա ձեզանից է կախված, թե երբ կշտկեք ձեր սխալը»: Փաստորեն դիվանագիտական այս ուղերձով Զարիֆը փորձում է Թրամփին հասկացնել, որ բանակցությունների ճանապարհը դեռ բաց է Իրանի համար։

Թրամփի և Զարիֆի միջև թվիթերյան ուղերձների փոխանակումը միտված է Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների լարվածությունը մեղմելու տարբեր՝ ուղղություններով։ Մի կողմից Թրամփը փորձում է ԱՄՆ ներսում առաջացած լուրջ խնդիրները թեթևացնելու և առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական հաղթանակը ապահովելու նպատակով նախաընտրական քարոզարշավի շրջանակում հանրային կարծիքը շեղել իր ներքին ձախողումներից և այն կենտրոնացնել արտաքին քաղաքականության հաղթանակների վրա, որում միանգամայն ձախողել է նրա կառավարած վարչակազմը։ Իսկ մյուս կողմից Իրանի արտաքին գործերի նախարարը և Իրանի նախագահական ինստիտուտը փորձում են ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմացնելով ժամանակ շահել երկրի տնտեսական փլուզումը կանխելու և ներքին դժգոհությունների հավանական բռնկման հաջորդ ալիքը դիմակայելու համար, առանց այն, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից կրկին հայտնվեն մարդու իրավունքները խախտելու մեղադրանքների թիրախում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմի ծայրահեղական թևին հանգստացնել մինչև առաջիկա նախագահական ընտրությունները չդիմել կոշտ քայլերի Իրանի իշխանությունների և ԻՀՊԿ-ի դեմ։

Սակայն, Իրանի հոգևոր արմատական իշխանությունների և ԻՀՊԿ-ի հրամանատարների արձագանքն բանտարկյալների փոխանակման գործընթացի վերաբերյալ միանգամայն այլ երանգ է ստացել։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է. «Իրանի և ԱՄՄ-ի միջև բանտարկյալների փոխանակումը բանակցությունների արդյունք չի եղել և հետագայում նույնպես ոչ մի բանակցություն չի կայանալու Իրանի և ԱՄՆ-ի միջև»:

Արձագանքելով Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի հետ համաձայնության գալու առաջարկին՝ Իրանի համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղար կորպուսի նախկին հրամանատար՝ Մոհսեն Ռեզային նույնպես ընդգծել է. «Սպիտակ տան հետ բանակցությունները թունավոր են»:

Իրանի երկու բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների նման կոշտ մոտեցումն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հավանականության մասին վկայում է, որ Իրանում դեռ կան ուժային այնպիսի ազդեցիկ կառույցներ, որոնք լիովին դեմ են ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնության հասնելու ձգտումներին և նախագահ Ռոհանիի և ԱԳ նախարար Զարիֆի փոքրիկ քայլերը չեն կարող ազդել Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունների ընդհանուր ռազմավարության փոփոխության վրա։ Ավելին` Իրանի նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիի մրցակից և ընդդիմախոս ԻՀՊԿ-ի նախկին գեներալ և այժմ Իսլամական Խորհրդարանի նոր նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է․« Միացյալ Նահանգների կողմից ապակառուցողական գործողություններին դիմակայելու անհրաժեշտությունը»:

Արդեն ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Իրանի հետ բանակցությունների կամ մեծ գործարքի համար ուղղված առաջարկներն անարդյունավետ քայլեր են, որը չի արժանանում Թեհրանի համարժեք արձագանքին։ Թեհրանից միշտ լսվում են հակասական ձայներ, բայց ի վերջո բոլոր պատասխանները հանգում են մեկ ելակետի, որը դրսևորվում է Իսլամական համակարգի գերագույն առաջնորդի մերժողական և ժխտողական մոտեցումով։

Այստեղ ամենայն վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի անցյալի հերթական և ներկայիս վարչակազմերը հստակ պատկերացում չունեն Իրանի իսլամական համակարգի իշխանությունների կրոնական մտածելակերպի և վարած քաղաքականության վերաբերյալ։ ԱՄՆ-ի վարչակազմերն ակնկալում են, որ Իսլամական համակարգի իշխանությունները կարող են կրոնական գաղափարախոսությանը զուգընթաց ընդունել պրագմատիկ և իրատեսական քաղաքական մոտեցում և հարկ եղած դեպքում, նայած ժամանակներին ու պայմաններին որոշում կայացնել երկրի և իրենց ռեժիմի շահերից բխող հարցերի շուրջ։ Սակայն, այստեղ կա հիմնական և էական տարբերություն երկու վարչակազմերի մտածողության և քաղաքական գործունեության ոլորտներում։

Առանց կասկածի կարելի է ասել, որ Լիբերալ-աշխարհիկ համակարգերի և կրոնական-ամբողջատիրական ռեժիմների շահերն անհամատեղելի են և չկա նրանց միջև համեմատության և համաձայնության եզրեր։ Հետևաբար` Դոնալդ Թրամփի կամ նրան նախորդող և հաջորդող վարչակազմերը երբեք չեն կարող իրենց քաղաքական պրագմատիկ և ռեալ պոլիտիկ հայացքներով որևէ հարցի շուրջ մեծ գործարք կնքել Իրանի իսլամական համակարգի կրոնական-իռացիոնալ հոգևոր իշխանությունների հետ, դա պարզապես ապարդյուն ջանքեր են, քանի որ Իրանի հոգևոր իշխանությունները երբեք չեն ընդունելու ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոյի կողմից առաջադրված 12 կետանոց պայմանները; Դա ուղղակի նշանակում է հրաժարվել Իրանի իսլամական համակարգի գոյության և էության փիլիսոփայությունից և դառնալ նորմալ իշխանություն, որն ընդունում է միջազգային կայացած և հաստատված աշխարհիկ օրենքները, լիբերալ և ազատ տնտեսական փոխանակումների և միջազգային իրավունքով ամրագրված համաշխարհային համակարգը։ Իրանի իսլամական համակարգի հիմքերը ամրագրված են հեղափոխությունը տարածելու, Արևմուտքին ժխտելու և իսլամական օրենքներն ու կրոնական արժեքները համաշխարհայնացնելու ձգտումների վրա։

Դոնալդ Թրամփն ուղղակի շփոթմունքի մեջ է, երբ կարծում է բիզնեսմենի դիրքերից ելնելով՝ կարող է Իրանի հոգևոր իշխանությունների հետ, ինչպես Հյուսիսային Կորեայի միապետ առաջնորդ Կիմ Չեն Ինի նման նստել բանակցության սեղանի շուրջ և հիշատակի լուսանկարներ հանելով հասնել մեծ գործարքի Այաթոլլահ Խամենիի հետ։ Իր ներքին քաղաքականության սխալները շտկելու և ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու համար Դոնալդ Թրամփը վտանգավոր խաղի մեջ է մտել Իրանի հետ և ավելի լավ կլինի արտաքին քաղաքականության ոլորտում հաջողություն արձանագրելու նպատակով հենց դիմի Հյուսիսային Կորեայի դուռը թակելու դիվանագիտության, քանի որ Կիմ Չեն Ինը աշխարհիկ-մատերիալիստական հայացքներով ղեկավար լինելով ավելի շատ պատրաստ է հանդիպել ու բանակցել ԱՄՆ-ի առևտրական նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քան՝ Իրանի կարծրատիպ և կրոնական ղեկավարությունը։

Միգուցե մեր հիմնավորումները ամփոփելու համար վատ չլինի մեջբերել Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները ուղղված ԱՄՆ-ի նախագահի վերջին թվիթերյան գրառումներին։ Խոսելով այն մասին, թե ինչու Իրանը չի ցանկանում բանակցել ԱՄՆ-ի հետ, ԻԻՀ առաջնորդը տվել է ամենապարզ պատասխանը: Նա ասել է. «Բանակցություններ վարելով, ԱՄՆ-ը ցանկանում է ոչ թե գտնել արդար լուծում, այլ պարտադրել իր կոպիտ պահանջներն Իրանին»:

Խամենեին հավելել է. «ԱՄՆ կառավարություն առավելագույն ճնշում է գործադրում Իրանի վրա ՝ տարբեր պատժամիջոցների, սպառնալիքների և զանազան անհեթեթությունների տեսքով, քանի որ այդ երկրի վարչակազմը կարծում է, որ Իսլամական հանրապետությունը չի կարող ծնկի բերել կեղծ հաճոյախոսություններով և ստիպել ընդունել իր պայմանները»:

Իրանի իսլամական համակարգը երկար անցյալ և մեծ փորձ ունի ԱՄՆ-ի նախագահներին և հերթական վարչակազմերին Սպիտակ տան դռնից ճանապարհելու գործում։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930