Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը հորդորեց ՍԴ-ի, ՍԴ դատավորների մասին խոսելիս լինել զուսպ, հավասարակշռված, վիրավորական արտահայտություններ թույլ չտալ

Հունիս 09,2020 16:38

ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունն է քննարկվում ու երբեւէ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ Էդգար Ղազարյանին այսքան հարցախեղդ չէին արել, որքան այսօր: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի սկի մի հարց չեն տվել: Այնուամենայնիվ, վստահեցրեց, որ միտում այդտեղ չի տեսնում, պատգամավոր են, իրավունք ունեն հարց տալ, թող տան:

Հարցին՝ առանձին պատգամավորներ շարունակում են պնդել, որ կորոնավիրուսի հույսին մնացած Սահմանադրական դատարան ունենք, համաձա՞յն եք՝ ի պատասխան Էդգար Ղազարյանը հորդորեց ՍԴ-ի, ՍԴ դատավորների մասին խոսելիս լինել զուսպ, հավասարակշռված, վիրավորական արտահայտություններ թույլ չտալ. «Առավել եւս՝ պատգամավորների կողմից: Պատգամավորները, ԱԺ-ն ՍԴ-ի սուբյեկտ են հանդիսանում եւ յուրաքանչյուրը պետք է կոռեկտ գտնվի բարձր դատարանի հասցեին, դատավորների հասցեին որեւէ տեսակետ հայտելիս: ՍԴ-ն իր կազմավորման օրվանից աշխատում է բնականոն ռեժիմով»:

Էդգար Ղազարյանն ասաց, որ ՍԴ-ն քաղաքացիներից, նախագահից, ստանում է դիմումներ, քննում, պատասխանում, ոչ մեկի հույսից կախված չէ:

ՍԴ-ն կորոնավիրուսի այս պայմաններում հեռավար աշխատանքների է անցել, Ղազարյանի խոսքով՝ աշխատանքները որեւէ չափով չեն տուժել: Հարցին՝ Վահե Գրիգորյանն ինչքանո՞վ է ներգրաված այդ աշխատանքներում, որովհետեւ մամուլում հրապարակումներ եղան, որ նա նիստերի չի մասնակցում, ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, բայց աշխատավարձ է ստանում, գործի անցնելուց հետո նա քանի՞ օր է մասնակցել աշխատանքներին՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Եթե վերաբերում է ՍԴ նիստերին, որին մասնակցելը ՍԴ դատավորների պարտավորությունն է ու ըստ էության ՍԴ դատավորների աշխատանքն արտահայտվում է նիստերի մասնակցելով, պարոն Գրիգորյանը ոչ մի նիստի պաշտոնը ստանձնելու օրվանից չի մասնակցել, այդ թվում եւ աշխատանքային նիստերին: Բոլոր ամիսներին աշխատավարձ ստացել է»:

Հարցին՝ իրավունք չունե՞ք իրեն զրկել աշխատավարձից, որեւէ ընթացակարգ չկա՞ դրա համար՝ Ղազարյանը պատասխանեց, որ դա կարող է անել ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ հրաժարվելով աշխատավարձից կամ որոշելով այն փոխանցել հիմնադրամի:

Էդգար Ղազարյանն ասաց, որ Վահե Գրիգորյանին ամեն դեպքում ՍԴ շենքում հաճախ է տեսնում, տեսնում է նաեւ այն ծառայողական մեքենան, որը կցված է Վահե Գրիգորյանին, բայց դատարանի աշխատանքներին մասնակցելիս չի տեսնում: Հարցին՝ այսինքն, անգործությա՞ն է մատնված՝ նա պատասխանեց. «Ես կարող եմ փաստը արձանագրել»:

Հարցին՝ տեղեկություն կա, որ Վահե Գրիգորյանին զրկել են պարգեւավճարից՝ Ղազարյանը պատասխանեց, որ չի կարելի ասել՝ զրկվել է, դա լրացուցիչ վճարում է, ՍԴ նախագահի կարգադրությամբ՝ Վահե Գրիգորյանը պարգեւավճար չի ստացել, բայց Հրայր Թովմասյանը հրաժարվել է նաեւ իրեն պարգեւատրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930