Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսով հիվանդները տառապում են, տառապում են նաեւ բուժաշխատողները»

Հունիս 09,2020 17:00

Կորոնավիրուսային հիվանդացության տարածումը օր օրի ահագնանում է: «200 հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին, երկու մահվան դեպքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել: Մենք դժոխք արդեն մտել ենք, բայց հումանիտար աղետի չենք հասել»,-օրերս ասել է վարչապետը:  Երկրի ղեկավարի այս խոսքերից հետո էլ, կարելի է ասել, մարդիկ էլի հավաքվում են, քեֆ են անում, վերջում էլ մի հատ հրավառություն են անում:

Հիվանդանոցներում տեղ չկա, գերծանրաբեռնված են ու դեռ կան մարդիկ, որոնք կարծում են՝ կորոնավիրուս չկա:

«Կորոնավիրուս կա եւ եթե բոլորս համախմբված դրա դեմ չպայքարենք, իրավիճակը սարսափելի կլինի»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է բժիշկ, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի անեստեզոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, 15 տարի այս համալսարանում դասավանդող, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Մուսեյանը: Նա ապրիլի 1-ից Արտաշատի բժշկական կենտրոնում է աշխատում, ինքն է դիմել նախարարությանը, եւ հայտնել իր աջակցության մասին, ու թողնելով ընտանիքը, մայրաքաղաքում իր աշխատանքը, տեղափոխվել  այդ բուժկենտրոն, որտեղ բացառապես կորոնավիրուսով հիվանդներին են բուժում:

«Իմ կարծիքով՝ հիմա  հոսպիտալացվում են այն հիվանդները, ովքեր չէին հավատում վիրուսի գոյությանը, ովքեր շատ ազատ շփվում էին իրենց հարազատների հետ,  հիմա ունենք իրավիճակ, երբ հիվանդանոցները լեփ-լեցուն են ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներով»,-ասում է Մուսեյանը: Հիվանդանոցներում ընտանիքներով են պառկում, հաճախ երիտասարդները կարծում են, թե կորոնավիրուսն իրենց կողքով աննկատ կանցնի, բայց դա թյուր կարծիք է: Բժիշկը պատմում է՝ հենց հիմա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երիտասարդ հիվանդ կա,  երբ հոսպիտալացվել էր, նրա վիճակը միջին ծանրության էր, հետո շատ ծանր վիճակ զարգացավ ու հասավ ծայրահեղ ծանրի: Բայց հիմա այս երիտասարդի մոտ բավականին դրական արդյունք է գրանցվել եւ վիճակը գնում է դեպի միջին ծանրության:

«Կորոնավիրուսով ախտորոշված հիվանդները գալիս են բավականին ծանր վիճակում, լրիվ պարզ գիտակցությամբ, հիվանդները տառապում են, տառապում են նաեւ բուժաշխատողները»,- ասում է Մուսեյանը:

Նա շեշտում է՝ դժբախտաբար, կան զոհեր, մահանում են նաեւ երիտասարդներ. «Կարծում եմ՝ բոլորս ենք մեղավոր, որովհետեւ մտածել ենք սա հորինված է, սա հեքիաթ է, խաղ է, շահերի բախում է, քաղաքականություն է եւ այլն: Բոլորովին կարեւոր չէ, թե հիմքում ինչ է, հիմա կարեւորն այն է, որ այսօր մեր ժողովուրդն ունի բուժօգնության կարիք: Ծանր իրավիճակ է, բուժաշխատողներն էլ ծանր վիճակում են, նրանք գերհոգնած են, հետեւաբար, այդ կանոնները մեզ համար պետք է դառնան կյանքի կանոններ, որպեսզի հիվանդացության տարածվածությունը կարողանանք մեղմել եւ դադարեցնենք  գործընթացը»:

Կորոնավիրուսը վարակիչ հիվանդություն է, եւ ինչպես բժիշկն է նշում, այն հնարավոր է  առաջին հերթին կանխել, կանխարգելել, հետո նոր՝ բուժել. «Այն բուժելի է, պարզապես ժամանակ է հարկավոր, համաշխարհային բժշկագիտությանը  ժամանակ տանք, որպեսզի կարողանանք  անհրաժեշտ  թիրախային ազդեցություն ունեցող դեղամիջոցը կամ պատվաստանյութը հայտնաբերեն»:

Բժիշկն ասում է՝ այս հիվանդացությամբ մարդիկ, որքան էլ վատ լինեն, ամբողջ ընթացքում պարզ գիտակցություն ունեն եւ նրանք հստակ հասկանում են ինչ է իրենց հետ կատարվում: Հիվանդությունը սկսվում է մեղմ գանգատներով, հետո ծանրանում, բժիշկն ասում է՝ սկսվում է շնչահեղձությունը, հեւոցը, օդի անբավարարությունը, եւ հիվանդների մոտ սկսվում է տագնապ, անհանգստություն, որովհետեւ պարզ գիտակցությամբ են՝ մինչեւ արհեստական շնչառության սարքին միացնելը. «Նրանք այդ ընթացքում օգնություն են խնդրում, պատասխանում բժիշկների հարցերին, բայց երբ զգում են շնչահեղձությունը, երբ զգում են, որ խեղդվում են, նրանց մոտ  ընկճախտ է առաջացնում: Հետո, երբ դրական միտում է գրանցվում, 2-3 օրից տրամադրությունը փոխվում է, հոգեվիճակը՝ նույնպես, չեք պատկերացնի հետո ինչպիսի երախտիքի խոսքեր ենք լսում, երբ ապաքինվում են»:

Բժիշկները տառապում են հիվանդների հետ, առավել շատ տառապում, երբ չեն կարողանում փրկել մարդուն:  Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսով հոսպիտալացված  մի կնոջ  մահը, ինչպես բժիշկն է ասում՝ երբեք չի մոռանա. «Մի կին ունեինք, որն անհանգստանում էր իր զավակի համար, նա ժամկետային զինծառայող է: Այս մոր խնդրանքը մեկն էր՝ փրկել իրեն հանուն երեխայի: Սա չես կարող մոռանալ, սա չի մոռացվում, սա անցնում է քո բոլոր բջիջներով ու ապրում այնտեղ: Ցավոք, դժբախտաբար, չկարողացանք փրկել այս կնոջը»:

Կորոնավիրուսով հիվանդներրին բուժող շատ բժիշկների պես, Լիլիթ Մուսեյանն էլ տուն չի գնում, որպեսզի հարազատներին չվտանգի. ապրիլի մեկից ընտանիքին՝ ամուսնուն ու երկու երեխաներին, հարազատներին չի տեսել:

Այս օրերին այնքան ծանրաբեռնված է աշխատել, ինչպես բժիշկն է ասում, մոռացել էր որդու՝ դպրոցն ավարտելու օրը. «Այդ օրը ես աշխատում  էի, զանգ տվեց տղայիս դպրոցի ուսմասվարն ու ասաց՝ շնորհավորում եմ, տղադ ավարտեց: Ես սկսեցի արտասվել, որովհետեւ ամոթի զգացում ունեցա, մոռացել էի, որ իմ տղան ավարտում է հիմնական դպրոցը, ամաչեցի, որ ծնողը կարող է մոռանալ այդ օրը, չեմ կարողացել որդուս զանգել,  նամակ եմ գրել, եթե զանգեի՝ լաց էի լինելու, չէի ուզում երեխաս հուզմունքս նկատեր»: Ընտանիքից հեռու ապրելու մեջ բժիշկը դրական բան էլ է նկատում՝ երեխաներն ինքնուրույն են դարձել. «Մեծացել են, առաջ ամեն փոքր բանը խորհրդակցում էին,  հարցնում, հիմա՝ չէ: Ուրախ եմ, որ ինքնուրույն են դարձել»:

Բժիշկն ասում է՝ կորոնավիրուսին հնարավոր է հաղթահարել միայն համախմբված. «Եթե ամենքն առանձին-առանձին մնան, հիվանդությունը յուրաքանչյուրիս կկլանի, պետք բոլորս միասին հետեւենք կանոններին, համախմբվենք այնպես, ինչպես ազգը համախմբվում է թշնամու դեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930