Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընդդիմություն»՝ կորոնավիրուսային ժանտախտի ժամանակ

Հունիս 09,2020 22:00

«Մենք գիտեինք, թե սա արդեն հատակն է, բայց ներքեւից մեկը թակեց»։
Ստանիսլավ Եժի Լեց, լեհ գրող-երգիծաբան

Մինչ պետությունը եւ հասարակությունը հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում պայքարում են ահեղ համավարակի դեմ, որն ամեն օր մարդկային կյանքեր է խլում, երբ «պառկած» է տնտեսությունը, խարխլվել է միջազգային համագործակցության բնականոն ընթացքը, տրամաբանական պետք է լիներ ցանկացած բանական էակի համար, որ օրվա թիվ մեկ հրամայականն է՝ օր առաջ «պառկեցնել» համաճարակային կորը, վերաաշխուժացնել տնտեսությունը, վերականգնել առանց այն էլ սահմանների պարագծի երեք քարորդով շրջափակված եւ պատերազմի ամենօրյա վտանգի ներքո ապրող պետության միջազգային հաղորդակցությունը։ Սակայն պարզվեց, որ անհրաժեշտություն կա վերաարձանագրել մի քանի մինչ այդ աքսիոմատիկ թվացող ճշմարտությունները։

Եվ ուրեմն, պարզվում է, որ Հայաստանում «քաղաքական ուժեր» կան, որոնք կարող են հյուսիսկորեականին կամ ադրբեջանականին մոտ ծեսով, սպիտակ կտորով պատված ռեստորանային աթոռների վրա նստած, հավաքույթին իրենց թույլ տալ հայտարարել, որ այս ծանրագույն բեռն ուսերին վերցրած կառավարության «ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է հրաժարական տա»։ Պարզվում է, որ «քաղաքական ուժեր» էլ կան, որոնք «պահանջում են վարչապետի հրաժարականը», կան մերձքաղաքական ինչ-որ շրջանակներ, որոնք ոգեշնչում եւ ուղղորդում են համավարակի դեմ ուղղված միջոցառումների վարկաբեկման թունավոր եւ ագրեսիվ քարոզչությունը՝ «վիրուսին մի՛ հավատացեք», «դիմակ մի՛ դրեք», «բանկերի դիմաց գծած քառակուսիների մեջ մի՛ կանգնեք» եւ այլն, եւ այդպես շարունակ։

Իհարկե, Հայաստանն ազատ երկիր է, եւ մարդիկ ազատ են տարբեր բովանդակության եւ որակի հայտարարություններ անել եւ տարածել, նաեւ համարել, որ հենց իրենք են, որ համարժեք են ստեղծված իրավիճակին, կարող են պահանջել՝ ինչ խելքներին փչի։ Բայց ուրիշ մարդիկ եւս ազատ են հարցնելու՝ իսկ դո՞ւք ով եք, եւ որքա՞ն է ձեր այդ «պահանջի» քաշը, քանի՞, ասենք, ռուսական կոպեկ այն արժե։ Եվ եթե «նորմալ» քաղաքական իրադրության պարագայում նման «քաղաքական» սուբյեկտների «քաղաքական» վարքը կարող էր գնահատվել պարզապես որպես թույլ ինտելեկտի ագրեսիվ առկայծում եւ քաղաքական ինքնասպանություն, իսկ նորահայտ սուբյեկտների պարագայում՝ որպես մեռելածինների դասին պատկանելու արձանագրում, ապա ստեղծված իրավիճակում սա այնքան էլ «անմեղ» խաղ չէ։ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմում նրանք ի ցույց են դրել իրենց կողմնորոշումը՝ որտեղ են նրանք եւ ուր են «կրակում»։

Այս տեղեկատվական գրոհի ոգեշնչողներն իրենց այսքան ինքնավստահ չէին զգա, եթե հեղափոխական թիմն իր օրակարգի կարեւորագույն ուղղությունները փակուղի չմտցներ իրավիճակային եւ անհետեւողական կիսաորոշումներով, եթե դատական իշխանության, Սահմանադրական դատարանի «տանիքը» չթողներ նրանց գլխավերեւում, երկու տարի իրա վրայից գցելով չկրկներ «դատական համակարգն անկախ է» հերթապահ բացատրություն-«մահանան», ուռճացած եւ անդյուրաշարժ պետական ապարատն ու «հոգնած» իրավապահ համակարգը չվերածեր մի հնդկական կովի եւ չսահմանափակվեր սոսկ «գայլերի գլխին Ավետարան կարդալով», ինքն իրեն համոզելով, թե դրանով նրանց «փոխվելու շանս է տրվել»։

Ի՞նչ են ուզում նրանք, ժողովրդականություն եւ ձայներ հաջորդ ընտրությունների՞ն։ Այդ դեպքում նրանք պիտի հակառակ վարքը դրսեւորեին, հետեւաբար նրանց ուզածը միանգամայն այլ է։ Նրանք պայքարում են ոչ թե իշխանության ու կառավարության, կամ նույնիսկ հեղափոխության հռչակումների դեմ, այլ նրանք հարվածներ են հասցնում պետությանը, սասանելով նրա հիմքերը։ Նման տեղեկատվական գրոհի հաջողության դեպքում հետեւում է պետական հեղաշրջումը կամ պետության դե-ֆակտո լուծարումը, ինչի ականատեսը մենք եղանք 1998-99-ին, որից հետո երկիրը հանձնվեց Ադրբեջանի կոմսոմոլի «շկոլան» անցած կոնտինգենտի եւ տեղական խուժանի տիրապետությանը։ Նրանք էլ էին արտաքին ուժերին ներկայանում որպես «հարաբերություններ բարելավողներ», մասնաբաժիններ խոստանալով, եւ շտապում խոստումները գերակատարել, որի հետեւանքները մինչ օրս կախված են պետության պարանոցին՝ տարբեր գազպրոմների տեսքով։

Այս զազրախոս սոցիոպատների, պետական մտածողությունից զուրկ խաչագողերի, գռեհիկ նյութապաշտների քաղաքականացված ցանցը ոչինչ չի խնայելու ցանկացած իշխանության թեւերից կախված մնալու համար, եթե այդ իշխանությունն իրենց գրպանում չէ։ Բայց նրանց պետություն պետք չէ, նրանց պետք է «լեգիտիմ» թալան, ինչով նրանք զբաղված են եղել երկու եւ ավելի տասնամյակ, դրա «տակ» մանրադրամի վերածելով եւ ապականելով բոլոր հասկացություններն, ինչպիսին են՝ ինքնիշխանությունը, բանակը, Արցախը, պատերազմն ու խաղաղությունը, նույնիսկ պարզ մարդկայնությունը եւ ընկերությունը։ Պետությունը քսան տարի շարունակ զավթած, այն հանցագործության գործիքի վերածած ուժերի ուզածը մեկն է.վերազավթել պետությունը, եւ նրանց թվացել է, թե իրենց «աստեղային ժամը» մոտեցել է։

Սակայն, «Ընդդիմություն» կորոնավիրուսային ժանտախտի ժամանակ»՝ անտաղանդ ներկայացում-հատուկ օպերացիան մեկ արարով հաստատապես happy end չի խոստանում դրա բեմադրիչներին, քանզի նրանք մի պարզ բան հաշվի չեն առնում.պետության քաղաքական շահառուն հասարակությունն է, այլ ոչ թե մերժված կարգերի եւ դրանց մարգինալացված մնացուկների շահերը եւ մեռելածին օրակարգերը սպասարկող խմբակները։

Անկասկած, Հայաստանը վաղ թե ուշ այս մի արհավիրքն էլ է հաղթահարելու, եւ շատ կարեւոր է արձանագրել եւ մտապահել, թե ով ինչ էր անում համավարակի այս ծանր օրերին, անկախ նրանից, թե կառավարության ո՞ր որոշմանն են կողմ կամ դեմ, որ քայլից են գոհ կամ դժգոհ։ Մենք այսօր հիշելու եւ վաղը հիշեցնելու շատ բան ունենք։ Մնացած բաների մասին կխոսենք համավարակից հետո, սկսած այն երանելի օրվանից, երբ ամենօրյա ամփոփագրի «նոր դեպքեր» տողում կտեսնենք զրոն։ Իսկ առայժմ՝ առողջություն բոլորին, եւ բոլո՛րս՝ ընդդեմ համավարակի։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Սա չի վերաբերվում Ազգային ժողովին, որի պարտքն է օր առաջ ձերբազատե՛լ հարկատուներին՝ ներկայիս կազմով Սահմանադրական դատարանին վարձատրելու փաստից բխող ամենօրյա նյութական եւ հատկապես՝ բարոյական վնասից, եւ դատական համակարգում խորը եւ որակյալ վեթինգի՝ հասկանալի ռազմավարություն եւ գործողությունների ժամանակացույց ներկայացնել՝ անհասկանալի եւ կասկածելի բացատրությունների փոխարեն։

«Առավոտ» օրաթերթ
09.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Ադրբեջանի կոմսոմոլի շկոլա անցած արցախցիները ջախջախեցին Ադրբեջանին։
    Իսկ հայկական կոմսոմոլի շկոլա անցած ոմանք դարձած եվրոպական կոմսոմոլներ։

    Ավարտել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ)
    Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, ՔԴԵԴ (անգլ.՝ Yerevan School of Political Studies, YSPS), Երևանում գործող կրթական հաստատություն, որի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության տարածումը
    Դպրոցը հիմնադրվել է 2005 թվականին: Հիմնադրումից ի վեր այն պատրաստել է ավելի քան 350 երիտասարդ առաջնորդների/կոմսոմոլների))/

  2. SAS says:

    Պարոն Մեհրաբյան, ժանտախտը և համաճարակը տարբեր բաներ են: Քանի որ Դուք ռուսական կրթություն ունեք, ապա թարգմանեմ Ձեզ համար. ժանտախտ = чума(чёрная смерть), համաճարակ = эпидемия, пандемия. Ամեն մի ժանտախտ՝ համաճարակ է, հակառակը՝ ոչ:
    Իսկ «կորոնավիրուսային ժանտախտ»-ը՝ անհեթեթություն է: Դուք հոդվածից հոդված կրկնում եք սույն արտահայտությունը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/06/09/1116569/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/06/09/1116569/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930