Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Նախարարը բացատրում է, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով հիվանդների բուժման մեծ թիվը

Հունիս 09,2020 16:30

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդացության 350 նոր դեպք, եւ 352 առողջացած, առողջացած քաղաքացիների թիվը գնալով աճում է, ի տարբերություն տաս օր առաջվա դեպքերի: Այս մասին այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա բացատրեց, թե ինչով է պայմանավորված առողջացածների թվի աճը:

Թորոսյանը նշեց՝ մայիս ամսվա կեսերին որոշում կայացվեց անախտանիշ կամ թեթեւ ախտանիշեր ունեցող քաղաքացիներին տեղափոխել տնային խնամքի, հսկողության եւ այլեւս հյուրանոցներում չպահել. «Այդպես մոտ հազար հոգի դուրս է գրվել, նրանք համակարգում չեն նշվել որպես առողջացածներ, նրանք գնացին 14 օրյա ինքնամեկուսացման՝ իրենց տներում, պոլիկլինիկաների բժիշկների հսկողության տակ, որպեսզի նրանց համարեին բուժված: Այդ օրերին մենք բուժված էինք արձանագրում հիվանդանոցներից դուրս գրված եւ կրկնակի բացասական թեստավորում անցած քաղաքացիներին: Այդ 14 օրը մոտենալուն զուգընթաց, առողջության առաջնային պահպանման օղակները ֆիքսում են այդ 14 օրյա ավարտն ու քաղաքացիների բուժման, առողջացման հանգամանքը: Նույնը արվում է նոր դեպքերում, որոնք հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում ի սկզբանե, այլ բուժվում են տանը: Հետեւաբար, սա ռազմավարության փոփոխության արդյունքն էր, ոչ թե ճեղքում՝ այս հակահամաճարակային կամ բուժական գործընթացի»:

Թորոսյանը նշեց՝ այն, ինչ ասում է, չի նշանակում, որ քաղաքացիները զգոնությունը պետք է կորցնեն, պետք է շարունակել պաշտպանիչ բոլոր միջոցառումները՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, ձեռքերը պարբերաբար լվանալ եւ ախտահանիչ միջոցներ կիրառել. «Մենք էլ՝ բուժական միջոցառումները շարունակենք: Մենք չպետք է թուլանանք այսօրվա ցուցանիշով, պետք է հետեւել մի քանի օրերի արդյունքներին: Թեկուզ շատ տրիվիալ ու հոգնեցուցիչ հնչող այդ կանոնները մեզ թույլ են տալու հարաբերականորեն նորմալ ու չլարված ապրել մինչեւ վիրուսը նահանջի կամ պատվաստանյութ հայտնաբերվի, կամ դեղորայքային բուժում»:

Այս պահին,ըստ նախարարի, ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը մեծ է. «Մենք նոր ծավալների շնորհիվ դեռ կարողանում ենք քաղաքացիներին հոգ տանել, բայց դա չի նշանակում, որ նորից պետք է թուլանանք ու վարքագծային նախորդ վիճակին վերադառնանք»:

Նախարարն ասաց՝ պատրաստ եղեք, վաղը բուժվածների մեծ թիվ է լինելու, բայց նրանք տանն են, հարաբերական թեթեւ կամ անախտանիշ քաղաքացիներն են. «Նրանց մեջ կան ծանր, երկարատեւ բուժումից հետո հիվանդանոցներից դուրս գրվածները, բայց մեծ տոկոս չեն: Այլ տարբերակ չունեինք այս թիվը ֆիքսելու, որովհետեւ տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում, նրանք համարվում են բուժված 14-օրյա իրենց հսկողությունը լրանալուն պես, եթե հոսպիտալացման կարիք չի լինում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930