Մեղադրանք է առաջադրվել բլոգեր Սերգեյ Տիխոնովսկիին, որը պատրաստվում էր առաջադրվել Բելառուսի նախագահական ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Վեսնա» չգրանցված իրավապաշտպան կազմակերպությունը, հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում Տիխանովսկին և նրա համախոհները, իրավապահ մարմինները նույնիսկ հարազատներին ոչինչ չեն ասել: Իսկ փաստաբաններից ստորագրություն են վերցրել՝ գործի մանրամասները չբարձրաձայնելու համար:
«Կոմերսանտ» ռուսական պարբերականն էլ գրում է, որ բլոգերը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է՝ իր նպատակն է Բելառուսում «հայկական սցենարով» հեղափոխություն իրագործել: «Ցանկանում ենք, որ ամեն ինչ խաղաղ լինի: Բելառուսները երազում են, որ ամեն ինչ տեղի ունենա այնպես, ինչպես Հայաստանում: Եթե ընտրությունները կեղծեն, ցույց կլինի»,-ասել էր բլոգերը, որը փորձում էր առաջադրվել նախագահի պաշտոնի համար, բայց չի կարողացել, քանի որ վարչական կալանքում է գտնվել:
Ներկայումս Բելառուսում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն նրա առաջադրմանը: Իսկ Տիխանովսկին կրկին ձերբակալվել է, ՆԳՆ-ն խուզարկություն է անցկացրել նրա մոր առանձնատանը, որտեղ հայտնաբերվել է 900 հազար ԱՄՆ դոլար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ