Ինչպես հայտնել էինք, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին ակնարկել էր, որ նա քաղաքական հայտարարություններ է անում, ինչին ի պատասխան Ղազարյանն ասել էր՝ Հովակիմյանն իրականում իր գործընկերոջը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին է քողարկված ձեւով քննադատում, որովհետեւ վերջինս մինչեւ պատգամավոր ընտրվելը ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից նշանակված:
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց. «Այո, պարոն Ղազարյան, ձեզնից ավելի շատ ժամանակահատված եմ անցկացրել ՍԴ-ում, եւ 2003-2018թթ. դատական ծառայության տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել: Որեւէ անգամ չեմ «թռել» որեւէ աստիճան, եւ գլխավոր մասնագետից շարունակել եմ մինչեւ աշխատակազմի ղեկավար: Այդ տարիներին ես շատ բան եմ սովորել: Չհասկացա, թե ինչու ինձ անդրադարձաք, որովհետեւ իմ քաղաքական գործունեությունը սկսվել է այն ժամանակ, երբ վարչական պաշտոն՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոն եմ ստանձնել, ինչը թույլ է տվել անդամակցել կուսակցությանը»:
Վլադիմիր Վարդանյանը նշեց՝ 2018թ.-ին, տեղյակ պահելով ՍԴ ղեկավարությանը, մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, առաջադրվել որպես թեկնածու, իր հաշվին գնացել արձակուրդ, իսկ ծառայողական մեքենան հանձնել՝ որեւէ շահարկման համար տեղ չթողնելու նպատակով. «Կադրերի ղեկավարից կարող եք ճշտել, եթե իհարկե աշխատանքից չեք ազատել, որովհետեւ վերջին երկու տարում նախկիններից ազատվելն օրինաչափություն էր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ