Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովել օրինապահ քաղաքացիների առողջ ապրելու իրավունքը. «Քաղաքական լիգայի» կոչը՝ իշխանություններին

Հունիս 09,2020 15:10

Այժմ, երբ բազմաթիվ երկրներ սկսել են հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և ապաքինվել, Հայաստանում համավարակն ահագնանում է՝ վերածվելով համաճարակի: Մեկ միլիոն բնակչին ընկնող վարակակիրների և մահվան դեպքերի ցուցանիշներով մեր երկիրը վտանգավոր առաջանցիկ դիրքեր է զբաղեցում:

«Քաղաքական լիգան» ցավով արձանագրում է, որ իրավիճակը Հայաստանում խիստ տագնապալից է: Համաճարակը դարձել է ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական մարտահրավեր Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Վարակի տարածման հենց սկզբից ՀՀ իշխանությունները, արտակարգ դրության սահմանափակումներով, հիմնականում կարողացան վերահսկել վարակի շղթայական տարածումը: Սահմանափակումներից հետո, երբ անհրաժեշտ էր հանրային վայրերում կանխարգելող անհատական միջոցների պարտադիր օգտագործումը՝ սանիտարական դիմակների, ձեռնոցների կրումը, սոցիալական տարածության պահպանումը, գրանցվում են վարակի տարածման  աննախադեպ  բարձր ցուցանիշներ:

Իշխանությունը դժվարությամբ է կարողանում վերահսկել իրավիճակը:  Պայքարը նման համաճարակի դեմ պահանջում է ողջ հասարակության, պետության ուժերի կենտրոնացում:

Միջազգային փորձը վկայում է, որ պատվաստանյութի բացակայության այս բարդ իրավիճակում, պայքարի հիմնական ձևն անհատական միջոցների պարտադիր օգտագործումն է և դրա վերահսկումը, առողջապահական հիգիենայի կանոնների խստագույն պահպանումը: Այս հանգամանքն արդյունավետ է գործել ողջ աշխարհի համար, և Հայաստանը չի կարող բացառություն կազմել:

Կարծես այս պարզագույն տրամաբանական հետևությունը պետք է ուղեցույց լիներ ՀՀ քաղաքացիների և իշխանությունների համար, սակայն վիճակագրությունն այլ բան է փաստում:

Օրինապահ, կարգապահ, պատասխանատու, գիտակից քաղաքացիները պահպանում են հակահամաճարակային վարքի կանոնները՝ դրանով իսկ իրենց նպաստը բերելով այս դաժան պայքարում:

Սակայն վարակի ցուցանիշների այս աղետալի վիճակում ՀՀ քաղաքացիների մի ստվար մաս մերժում է նման մոտեցումը՝ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը: Նրանք ամենուր են՝ փողոցում, խանութներում, տրանսպորտում, աշխատավայրերում: Հաճախ նման պահվածքն անթաքույց խրախուսվում է որպես պայքարի միջոց գործող իշխանություններին դեմ: Նման անպատասխանատու, ամբարտավան  և օրինախախտ քաղաքացիները նաև կազմակերպում են բազմամարդ միջոցառումներ, ինչը խստագույնս հակացուցված է համավարակի ժամանակ: Ակնհայտ է, որ նման ցածր ինքնագիտակցություն ունեցողներն են նաև ստեղծում վարակի տարածման միջավայր: Մինչդեռ  տարրական տրամաբանությունը հուշում է, որ համաճարակի դեմ պայքարը համընդհանուր խնդիր է:

Իշխանությունները փորձեցին երկչոտ քայլեր կիրառել նման մարդկանց հանդեպ, սակայն ապարդյուն: Պետական համապատասխան մարմինները բացառապես պաշտպանական  դիրքերում են նման քաղաքացիների  դեմ պայքարում:

Ելնելով  վերոնշյալից՝ «Քաղաքական լիգան» արձանագրում է՝

Հասարակության մեջ անթաքույց գործում են մարդիկ, որոնք արհամարհում են հանրային կյանքի նորմերը՝ ցինիկաբար ոտնահարելով հանրության մյուս անդամների՝ առողջ ապրելու անօտարելի  սահմանադրական իրավունքը:
Նրանք օժանդակում են վարակի տարածմանը և  վնասում հանրային  առողջությանը՝  կատարելով օրենքով պատժելի արարք:
Իշխանությունները չեն կարողանում պաշտպանել քաղաքացիների առողջապահական իրավունքները:

«Քաղաքական լիգան» իշխանություններին կոչ է անում ՝

ձեռնարկել խստագույն միջոցներ հանրային առողջապահական նորմերի պահպանման  ուղղությամբ,
ապահովել օրինապահ քաղաքացիների առողջ ապրելու իրավունքը,
օրենքի ուժով խստագույնս պատժել առողջապահական նորմերը խախտող քաղաքացիներին:

Համավարակի դեմ պայքարն ահագնացող մարտահրավեր է թե՛ ներկա իշխանությունների, թե՛ հասարակության համար, սակայն իրավիճակի պատասխանատվությունը  կրում է իշխանությունը:

Քաղաքական լիգա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930