Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձնից առաջ այդ պաշտոնում Վլադիմիր Վարդանյանն էր». ՍԴ աշխատակազմի ղեկավարի պատասխանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Հունիս 09,2020 14:50

«Դուք քանիցս քաղաքական հայտարարություններով եւ ենթատեքստ պարունակող գրառումներով եք հանդես գալիս: Այն փաստը, որ դուք շարունակում եք պաշտոնավարել, խոսո՞ւմ է այն մասին, որ տարածում եք ձեր ղեկավարի՝ ՍԴ նախագահի եւ ՍԴ անդամների մեծամասնության մոտեցումները, այսինքն՝ անում եք այն, ինչ ձեզանից ակնկալում են»,-ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Եղավ իրավիճակ, երբ ՍԴ նախագահի հարցազրույց հրապարակվեց, հետո՝ այն հերքվեց, հանվեց, ինչ-որ պատմություն…ի վերջո, չեղավ ապացույց առ այն, որ ՍԴ նախագահի հետ այդ հարցազրույցը չի եղել: Ի պաշտոնե կարո՞ղ եք ասել, թե դա ինչ պատմություն էր: Այդ հարցազրույցի տեսակետները դուք էլ եք արտահայտել, ինչո՞ւ հրաժարվեցիք դրանից»,-հարցրեց Հովակիմյանը:

Ի պատասխան Էդգար Ղազարյանն ուշագրավ դիտարկում արեց. «ՍԴ աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ձեր գործընկերոջը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին անուղղակի քննադատելու հարցում չեմ հասկանում, թե ինչու եք ինձ թիրախավորում, որովհետեւ ինձանից առաջ այդ պաշտոնում եղել է Վլադիմիր Վարդանյանը՝ Հրայր Թովմասյանի որոշմամբ: «Իմ քայլը» դաշինքի ցուցակով նա առաջադրվել է պատգամավոր, մասնակցել քարոզարշավին: Քաղաքական գործունեությամբ զբաղվելու ավելի ինտենսիվ ռեժիմ, քան պատգամավորի թեկնածու առաջադրվելը, չեմ պատկերացնում: Եթե ուզում եք քննադատել ձեր գործընկերոջը, խնդրում եմ դա ուղղակի անել եւ ինձ չմիջնորդավորել»:

Ապա Էդգար Ղազարյանը նշեց, որ հանրային ծառայությանն առնչվող օրենքով՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վարչական է, ինչը քաղաքական դիրքորոշումների սահմանափակում չի ենթադրում. «Ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում քաղաքական դիրքորոշումներ արտահայտելուց, ավելի շատ քաղաքացիական դիրքորոշում եմ արտահայտում եւ ինձ ազատ եմ զգում: Միշտ ասել եմ իմ տեսակետը: Ես ՍԴ-ի տեսակետն արտահայտելու իրավունք չունեմ, իսկ ՍԴ դատավորներն անկուսակցականներ են եւ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում»:

Ինչ վերաբերում է հարցազրույցին, Ղազարյանը նշեց, որ այն հրապարակվել է 168.am-ում. «Կայքն ինքն է պարզաբանել, որ նման բան չի եղել, իսկ Հրայր Թովմասյանը հարցազրույց տալու հարցում կաշկանդված չէ»:

Վահագն Հովակիմյանը նկատեց՝ չի հրապարակվել այլ անձի հետ զրույցի ձայնագրությունը, որը կփաստեր, որ զրույցը Հրայր Թովմասյանի հետ չի եղել:

Ապա Հովակիմյանը շարունակեց. «Դուք հաստատեցիք, որ քաղաքական հայտարարություններով հանդես եք գալիս՝ մատնանշելով Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման ընթացքը: Հարցիս իմաստը հետեւյալն է՝ ՍԴ ղեկավարությունը պետք է կիսի ձեր մոտեցումները, որպեսզի դուք ծավալեք այդ գործունեությունը: Նրանք այլ մոտեցում ունեն, իսկ դուք ընդդիմանո՞ւմ եք: ՍԴ նախագահն ու անդամների մի մասը ձեր հանրային գործունեության մասին ի՞նչ կարծիք ունեն»:

Էդգար Ղազարյանը նկատեց՝ Վահագն Հովակիմյանն օբյեկտիվ պատճառներով իր նախորդ՝ սպառիչ պատասխանն ամբողջությամբ չի յուրացրել՝ գուցե օբյեկտիվ պատճառներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930