Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների կողմից վերջերս հիմնադրված «Թիմ» ՍՊԸ-ն մտադիր է գնել «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը:
Հեռահաղորդակցության օպերատորը, որը հանրությանն առավել հայտնի է իր «Բիլայն» ապրանքանիշով, հունիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀԾԿՀ-ից՝ նշելով, որ «Վեոն Արմենիան» դիմել է հանձնաժողով՝ խնդրելով տալ համաձայնություն իր 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու «Թիմ» ՍՊԸ-ին:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, սակայն «Վեոն Արմենիա» ընկերությունից հնարավոր գործարքի մասին որեւէ տեղեկություն չհայտնեցին՝ նշելով, որ նման հարցերը մեկնաբանվում են իրենց գլխամասային գրասենյակի՝ «Վեոն» ընկերության կողմից, որը գտնվում է Ամստերդամում:
Գլխավոր գրասենյակի պաշտոնական կայքում ընկերությունը հաստատել է լուրը, որ այս պահին «Թիմ» ընկերության հետ բանակցում են հնարավոր գործարքի շուրջ: Սակայն, նշված է, որ քննարկումները անպայման չէ, որ պետք է ավարտվեն վաճառքով։
Թե՛ «Թիմ» ընկերությունը թե՛ «Վեոն Արմենիան» դիմել են նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ):
Aravot.am-ի հետ զրույցում այս մասին հաստատեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հարցը կուսումնասիրվի 90-օրյա ժամկետում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ՏՄՊՊՀ-ն որոշում էր կայացրել վերսկսել եւ կարճել «Վեոն Արմենիա» եւ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
Նախորդ դիմումով «Վեոն Արմենիան» պայմանավորվածություն էր ձեռք բերել իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու: Սակայն այս գործարքի շուրջ զարգացումներն այլ ուղղությամբ ընթացան եւ, արդյունքում, գործարքը չեղյալ հայտարարվեց:
Հիշեցնենք, որ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմի» բաժնետերերից են, որոնց պատկանում են ընկերության 6 տոկոս բաժնետոմսերը։ Եղբայրներից մեկը զբաղեցնում էր նաեւ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն այս տարվա ապրիլի 10-ին հրաժարական ներկայացրեց՝ խոշոր բաժնետերերի հետ ունեցած անհամաձայնության պատճառաբանությամբ, ինչի արդյունքում էլ եղբայրները հիմնեցին «Թիմ» ընկերությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ