Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ հաշվին է ԱԺ-ի սպառած վառելիքի չափն էականորեն կրճատվել

Հունիս 09,2020 14:01

ԱԺ-ն սպասարկող մեքենաների վառելիքի ծախսը նախորդ տարի նվազել է 83%-ով: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորվել այս ցուցանիշը: Գալստյանը նշեց, որ 15 մեքենա կրճատվել է. «Նախկինում դրանք տրամադրվում էին ստորաբաժանումների ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահների տեղակալներին: Նոր ժամանակահատվածում ստորաբաժանման ղեկավարները մեքենա, հետեւաբար՝ նաեւ վառելիք, չունեն: Այսինքն, առաջին խնայողությունն ունեցել ենք ավտոպարկի կրճատման հաշվին»:

Գալստյանի փոխանցմամբ՝ էականորեն կրճատվել է նաեւ արդեն իսկ առկա ծառայողական մեքենաների վառելիքի չափը. «Այն տրամադրվում է վարած կիլոմետրաժի չափով: Իսկապես, չափաքանակներն էականորեն կրճատվել են, իսկ այս տարի էլի կրճատել ենք: Բացի այդ, վառելիքի օգտագործման հանդեպ հստակ վերահսկողություն կա: 2017թ.-ին վառելիքի չափը եղել է մոտ 270 000 լիտր, 2018թ.-ին՝ 190 000, եւ 2019թ.-ին՝ 109 000 լիտր: Գործուղումների տեւողության, հյուրանոցների ամրագրման եւ տոմսերի ձեռքբերման առնչությամբ եւս մեծ վերահսկողություն կա, ինչի հաշվին խնայողություններ ունենք»:

Արտակ Մանուկյանը հարցրեց՝ ժամանակը չէ՞ էլեկտրամոբիլներ օգտագործելու: Տիգրան Գալստյանը պատասխանեց. «Մտածել եմ, լավ կլիներ, որ ունենայինք: Որոշակի բարելավումներից հետո հարցը պետք է դիտարկել, մինչեւ այդ, առաջնային հարցեր կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930