ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանից պատգամավորներից մեկը հետաքրքրվեց՝ նախագահը Գյումրիին բավականին ուշադրություն է դարձրել, անձնական միջոցներով էլ է ներդրումներ արել, ինչո՞վ է պայմանավորված այդ ուշադրությունը:
Տարասյանը փաստեց. «Այո, Արմեն Սարգսյանը մեծ ուշադրություն է դարձնում Գյումրիի զարգացմանը: Կան տեսահոլովակներ, որոնցում դեռեւս 1990-ականներին, լինելով վարչապետ, Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ պատմամշակութային-զբոսաշրջային տարածքների զարգացումը կարեւոր է»:
Տարասյանը նշեց. «Չեմ կարող ասել, թե ինչու է նա հենց Գյումրիին խորքային ուշադրություն դարձնում, բայց ակնհայտ է, որ Գյումրին արհավիրքից հետո վերականգնվելու եւ բնակիչներին հետ կանչելու անհրաժեշտություն ունի: Գյումրիի ժառանգությունը կորցնել չի կարելի, այն պետք է զարգացնել»:
Տարասյանը նաեւ հայտնեց, որ նախագահն ուշադիր է մարզերի զարգացման ծրագրերի հանդեպ. «Որոշ ծրագրեր քննարկման փուլում են Տավուշի եւ Լոռիի առնչությամբ: Նախագահի աշխատակազմն ուշադիր է սահմանամերձ գոտիների հանդեպ, հատկապես՝ երեխաների: Համաչափ զարգացումը տնտեսության զարգացման երաշխիքներից է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ