Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը

Հունիս 09,2020 13:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միասին կվերլուծեն այս ընթացքում իրականացված գործունեությունը և կգան ընդհանուր եզրակացությունների:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է: «Վերջին 3 ամիսներին ոստիկանությունը շատ ծանր, անդադար աշխատանք է կատարել, որի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել, և ընկալումներ են փոխվել: Բայց առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ հասկանալի է, որ իսկապես ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա: Շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ցանկանում եմ ասել, որ նրա ամենաառաջին խնդիրը համարում եմ ոստիկանությանն այդ էներգիան հաղորդելը և նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ, ավելի ճիշտ, հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Հույս ունենք և համոզված ենք, որ համավարակը ժամանակավոր է, և մենք այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ»:

Անդրադառնալով ոստիկանության գործառույթներին՝ վարչապետը նշել է, որ դրանք առանցքային են ՀՀ-ում իրավակարգի և մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության անվտանգության պահպանության առումով: «Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից՝ ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգա, պետք է նրան ընկալի որպես յուրայինի, մերձավորի, ում աներկբա, առանց կասկածելու կարելի է դիմել սեփական՝ իրավունքի և անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու առումով: Սա մեծագույն խնդիրն է, որը պետք է լուծենք», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և նկատել՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ բարդություններ է ունեցել, և չկա այն լուծելու շատ ճշգրիտ բանաձև. երբեմն եղել է, որ պատկառանքը եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի և նեգատիվ այլ զգացումների հետ, երբեմն դրականն այնքան շատ է եղել, որ զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել: «Սա պահանջում է երկարատև, հետևողական աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված, և, պարոն Ղազարյան, Ձեր խնդիրն է՝ այդ աշխատանքը կատարել:  Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, և ոստիկանության գործունեությունը, դրա որակն ուղիղ կապվում է երկրի ղեկավարի և քաղաքացու հարաբերությունների հետ: ՀՀ ոստիկանությունն առնչություն ունի ամենամեծ թվով մարդկանց հետ, և յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, ով շփվում է ժողովրդի, քաղաքացու, այդ թվում՝ հանցագործների և իրավախախտների հետ: Հանցագործներն այդ շփման ընթացքում պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, օրինապահ քաղաքացիները՝ թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն: Համոզված եմ, որ ունենք բավարար կամք և հետևողականություն՝ այս խնդրի լուծման հետևից մինչև վերջ գնալու համար»:

Անդրադառնալով 2018թ. վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո իր՝ ուժային կառույցների կայունության պահպանման հետ կապված դիրքորոշմանը՝ վարչապետը նշել է, որ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցները ևս ստացել են նոր Հայաստանի իրողություններին, արժեքներին և նպատակներին դիրքավորվելու հնարավորություն, և պետք է հասկանալ, թե այդ հնարավորությունն ով ինչպես է օգտագործել: «Ես վերջերս էլի մի առիթով հիշեցի Նոր կտակարանի հայտնի Տասը մնասի առակը՝ երբ տրվում է հնարավորությունը, և գալիս է այդ հնարավորությունների արդյունքներն ամփոփելու ժամանակը: Ցանկանում եմ ուղիղ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր օգտագործել են այդ հնարավորությունը և տվել են կոնկրետ արդյունքներ, պետք է տեսնեն, որ ՀՀ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, գնահատված լինելու, խրախուսման բոլորովին նոր սկզբունքներ են գործում: Չկա ծանոթ, ընկեր, բարեկամ, թիկունք, առանց թիկունք: Կա աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն, և բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են այս ճանապարհով, պետք է իրենց գնահատված զգան, բոլոր այն մարդիկ, ովքեր քամահրական վերաբերմունք են ցուցաբերել այս ճանապարհին, պետք է գնան իրենց ճանապարհով: Նրանք այլևս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում», – ասել է վարչապետը և հավելել, որ նաև պետք է զգույշ և ճշգրիտ լինել՝ թացը չորի հետ չխառնելու համար. վերջնական արդյունքը պետք է լինի ՀՀ ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ՀՀ ժողովրդի, Արցախի Հանրապետության, մեր ազգի և ապագայի:

Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս առումով ոստիկանության ծառայության որակի արագ, նկատելի բարելավման վրա՝ կարևորելով կատարված աշխատանքների և գույքագրված պրոբլեմների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը:

Նախկին ոստիկանապետը երախտագիտություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ ծառայությունն իրականացրել է մեծ պատվով և պատասխանատվությամբ:

Նորանշանակ ոստիկանապետը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր վստահության համար, հավաստիացրել է, որ լավագույնս կկատարի կառույցի առաջ դրված խնդիրները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930