Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Ամիրյան. Որպես հետևանք ունենալու ենք ամուսնալուծությունների թվաքանակի աճ, հոգեբանական ծանր սթրեսի ենթարկված երեխաներ

Հունիս 09,2020 13:44

Դեռևս 2017թ. ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Այսօր Հայաստանի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հիմնավորմամբ, որ անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով: Կարևոր է նշել, որ e-draft էլեկտրոնային հարթակում քննարկման դրված, վերոնշյալ օրինագծին կողմ է քվեարկել ընդամենը 19 %-ը, իսկ դեմ՝ 81%-ը։ 2017թ. օրենքի ընդունման ժամանակ, պաշտոնապես, իր բացասական դիրքորոշումն էր հայտնել և գրավոր կառավարությանն էր դիմել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նախարարության կողմից առաջարկվող օրենքի նախագծի փոփոխությունների մասին բազմաթիվ բացասական արձագանքներ կան մասնագիտական խմբերի, կազմակերպությունների և անհատների կողմից: Առաջարկվող փոփոխություններին բացասական եզրակացություն է տվել նաև ոստիկանությունը։ Ի օգուտ փոփոխությունների հանդես են եկել հասարակական կազմակերպություններ և անհատներ, որոնք, մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ իրավունքների պաշտպաններ, և եկեղեցուն կոչ են անում չմիջամտել իրենց բարոյական նորմերին: Սա կասկած է առաջացնում, որ այս ամենի տակ կարող է լինել թաքնված նպատակ: Այս կառույցների կողմից խրախուսվող և կազմակերպվող միջոցառումների ժամանակ հնչեցվում են՝ «ո՛չ պետությանը, ո՛չ սահմաններին» և նմանատիպ բովանդակությամբ կոչեր, և որ պետությունն իրական մտահոգություն է ամեն մի մտածող մարդու համար և կասկած է հայտնվում՝ արդյո՞ք, պետք է ունենալ ուժեղ պետություն: Այսպիսի գործողություններ հակապետական են և թուլացնում են մեր պետության հիմքերը, սպառնում ազգային անվտանգությանը:

Նախարարությունը առաջարկում է հետևյալ փոփոխությունները.

1.Օրենքի վերնագրից հանել «և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ձևակերպումը եւ դրա հետ կապված ընթացակարգը վերացնել, իսկ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման» բառերը: Փաստացի նախարարությունը չի կարևորում ընտանիքի ինստիտուտը, պայմաններ և միջոցներ չի առաջարկում ընտանիքի համերաշխության և հաշտեցման համար: Ընտանիքում համերաշխության վերականգնման քաղաքականության վերացմամբ փոխվում է պետության որդեգրած համեմատաբար ընտանիքակենտրոն մոտեցումը: Որպես հետևանք ունենալու ենք ամուսնալուծությունների թվաքանակի աճ, հոգեբանական ծանր սթրեսի ենթարկված երեխաներ: Հարկավոր է մշակել ընտանիքի ամրապնդման ազգային հայեցակարգ: Օրենքները պետք է նպաստեն ընտանիքի պահպանմանն ու ամրապնդմանը: Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:

2.Հոդված 3. 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտանիքում բռնություն է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև»: Հաջորդ հոդվածը սահմանում է զուգընկեր հասկացությունը: «Հոդած. 5. զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Ընտանիքը սահմանադրորեն բացառապես տղամարդու և կնոջ կամավոր միություն է: Առաջարկվող փոփոխություններով ընտանիք կարող է համարվել նաև նույնասեռ անձանց միությունը։ Առաջարկությունները հակասում են ՀՀ սահմանադրության 35-րդ հոդվածին, հակասահմանադրական են: Նմանօրինակ ձևակերպում և տերմին հանդիպում ենք նաև Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածում, որի Բ կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև: Փորձ է արվում օրենսդրական փոփոխությունների միջոցով երկրի օրենսդրության մեջ ներառել խնդրահարույց Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները: Հիշենք, որ Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության, իսկ 2018 թվականի հուլիսի 27-ին Բուլղարիան այդ կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական, հիմք ընդունելով Բուլղարիայի սահմանադրությամբ ամրագրված՝ ընտանիքը բացառապես կնոջ և տղամարդու կամավոր միություն է դրույթը: Հանրության կողմից սա ընկալվում է որպես ավանդական ընտանիքի հիմքի խարխլում, և վիրավորական է այն պնդումը, որ մեր երկրում հանրությունը հանդուրժող է ընտանիքում բռնությունը նկատմամբ: Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը, ոչ թե սեռական կողմնորոշումներով պայմանավորված անձանց ցանկացած միություն: Ընտանեկան արժեքներից են ձևավորվում հասարակության և պետության արժեքները:

3.Նախարարությունը օրենքի 8-րդ հոդվածից առաջարկել է հանել հետևյալ դրույթը՝ «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի»: Նախագիծն ընդունելու դեպքում ծնողներ ունեցող երեխաները կտեղավորվեն ապաստարանում առանց ծնողների: Մինչդեռ գործող օրենքով առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ կարող է երեխան տեղավորվել ապաստարանում: Ի՞նչն նպատակը ունի այս փոփոխությունը, արդյո՞ք նպատակը միայն ֆինանսական միջոցների խնայողությունն է, և եթե այո, արդյո՞ք արդարացված է այդ հիմնավորումը, արդյո՞ք մենակ մնալը երեխայի համար բազմակի հոգեբանական հարված չէ: Արդյո՞ք նպատակը երեխային ծնողներից կտրելը չէ: Ապաստարանները մարդասիրական եւ բարեսիրական բնույթ ունեն։ Ուստի դրանք չեն կարող լինել շահույթ հետապնդող կազմակերպություններ։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է առեւտրային կազմակերպություններին տալ ապաստարաններ հիմնադրելու իրավունք, ինչը հղի է այս կարևոր սոցիալական գործառույթի առևտրայնացմամբ: Նախատեսված է ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցություն 150 հազար դրամ մեկ անձի համար: Կարելի է պատկերացնել տարատեսակ կոռուպցիոն ռիսկերը՝ պայմանավորված կոնկրետ ՀԿ-ների շահագրգռվածությամբ, որոնք գումար են ստանում դեպքերի քանակով, և հետաքրքրվածություն ունեն դրանց շատացման հարցում։ Այս նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է, և ամբողջովին համահունչ է կոնվենցիային: Փոփոխությունները, օգտագործվող տերմինաբանությունը բխում է հենց կոնվենցիայից՝ միտված խարխլելու հայ ավանդական ընտանիքը, ներմուծելու միասեռական ընտանիքի գաղափարը: Անընդունելի են, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների քողի տակ, ազգային ինքնության հիմքերը խարխլող, ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը, օրենսդրական փոփոխությունները: Մարդու իրավունքների պաշտպանությունը գերակա է ճանաչվում հանրային իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Առաջին հայացքից դրական ընկալվող մարդկանց իրավահավասարության այս գաղափարն օգտագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սեռական այլ կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Ընտանիքի ինստիտուտը քանդելով, քանդում են պետության հիմքերը և հասարակության անվտանգությունը: Դարեր շարունակ հայկական ընտանիքը եղել է ազգային արժեքներն ու ավանդույթները պահպանող, սերունդներին փոխանցող ինքնատիպ միջավայր: Ամուր ընտանիքների շնորհիվ են կարողանում գոյատևել ազգեր, հասարակություններ և պետություններ: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը: Սա հաշվի առնելով, պահանջում ենք իշխանություններից՝ հարգել հանրության մեծամասնության՝ 81 տոկոսի բացասական կարծիքը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ և շրջանառությունից հանել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Միաժամանակ, դիմում ենք նաև հանրությանը՝ իրավաբաններին, իրավապաշտպաններին, հասարակական, պետական և քաղաքական գործիչներին, հասարակական կազմակերպություններին, հաշվի առնել օրինագծի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները և իրենց բողոքի ձայնը բարձրացնել առաջարկվող փոփոխությունները օրենքում ամրագրելու դեմ:

Նունե ԱՄԻՐՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ,
«Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930