Լրահոս
Օրվա լրահոսը

Վարակի նոր օջախներ․ Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքստ» տեքստիլ ֆաբրիկաների գործունեությունը դադարեցվեց

Հունիս 09,2020 13:51

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող երկու ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ»-ում, հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդ բավական մեծ թվով աշխատակիցներ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն (լուսանկարում) Aravot.am-ին տեղեկացրեց, որ երկու ֆաբրիկաներում էլ երկու առաջնային դեպքեր են հայտնաբերվել, որից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը իրականացրել է կոնտակտավորների շրջանակի հետազոտում և մեծ ծավալի թեստավորում։

«Երկու տեղերում էլ ունենք 20-ից ավելի վարակվածներ, երկուսի գործունեությունն էլ այս պահին դադարեցված է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նաև առաջնային պահպանության օղակները բոլոր դիմողների հետ աշխատում են, աշխատանքները շարունակական են։ Դեռ չենք ստացել տվյալներ այն մասին, թե եղե՞լ են մարդիկ, որոնք տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, բայց մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումներ, բնականաբար, բոլորին տրվում են, որոնք այս գործընթացով անցնում են, իրենց ընտանիքի անդամներին», -ասաց մարզպետը։

Մեր հարցին՝ այդ երկու կառույցներում պահպանված եղե՞լ են սահմանված նորմերը, մարզպետը պատասխանեց․ «Գյումրու բոլոր հիմնարկներ այցելել է նաև աշխատանքի և առողջության տեսչական մարմինը, իրենք ուսումնասիրել են, տվել են համապատասխան եզրակացություններ, խորհրդատվություն են իրականացրել նաև աշխատակազմի հետ, բայց հիվանդության սպեցիֆիկան է, որ մարդկային մեծ կուտակումներ ունեցող աշխատանքային միջավայրում իրենք ուղղակիորեն ուղիղ թիրախներ են վիրուսի տարածման համար»։

Ի դեպ, Գյումրու «Չուլոչնի» կոչվող կառույցի տարածքում, որտեղ գտնվում է «Սվետտեքստ» տեքստիլ ֆաբրիկան, գործում են բազմաթիվ այլ կառույցներ։ Այնտեղ է գտնվում նաև ջինսեր արտադրող «Ռ․ Զաքարյան» ՍՊԸ-ն, որը բնականոն աշխատում է, այնտեղ հիվանդության որևէ դեպք արձանագրված չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930