Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՊՀ ռեկտորը՝ ուսանողին պաշտպանության չթույլատրելու մասին. «Օրենք խախտելու ցանկություն չունեմ, վարձը պետք է վճարվի»

Հունիս 09,2020 13:12

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը բուհի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհիներից մեկին, որը ստեղծված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չի կարողացել ամբողջությամբ մուծել ուսման վարձը, արգելել է մասնակցել ավարտական աշխատանքի պաշտպանությանը, այն դեպքում, երբ իր տեղեկություններով, ուսանողուհին մի քանի անգամ խնդրել է, որ իր հետ պարտավորագիր ստորագրվի՝ համապատասխան ժամանակացույցում կուտակած պարտքը մարելու և դրանից հետո դիպլոմը ստանալու համար:

Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց Երվանդ Սերոբյանի հետ, հետաքրքրվեցինք՝ ի վերջո ինչպես լուծվեց խնդիրը:

«Դեկանն ասել է, որ լուծում են փնտրում, իսկ լուծումն այն է, որ ուսանողը պետք է վարձը մուծի եւ նոր մտնի քննության, որովհետեւ կա պայմանագրային պարտավորություն, ինքն ավարտում է բուհը, եւ համապատասխան օրենք կա»,-ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ ուսանողուհու հետ պարտավորագիր ստորագրվի՝ համապատասխան ժամանակացույցում կուտակած պարտքը մարելու և դրանից հետո դիպլոմը ստանալու համար: «Ավարտողների դեպքում նման քայլի չենք գնում, որովհետեւ դա հետո բերում է լուրջ պարտքերի: Հետո աշխատողների հետ էլ ե՞ս պետք է պարտավորագիր ստորագրեմ, որ հետո իրենց աշխատավարձ ու արձակուրդայի՞ն տամ, ո՞նց կլինի: Սա պայմանագրային պարտավորություն է, եւ ուսանողը պարտավոր է կատարել: Մենք այսպես թե այնպես ահագին զիջման ենք գնացել այդ ուսանողի պարագայում, նա նույնիսկ անցյալ տարվանից է պարտք ունեցել, մենք ընդառաջ ենք գնացել: Իր համար միշտ զեղչեր են արվել: Այնպես որ, ոչ մի ուրիշ բան չկա, օրենք է, որ պետք է կատարվի, իսկ օրենքը բոլորի համար է, ես այն խախտելու ցանկություն չունեմ»,-ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Մեր դիտարկմանը, որ կա տեսակետ, որ ուսանողուհու խնդիրը չի լուծվում, քանի որ նա ընդդիմադիր հայացքներ ունի, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչ հայացքներ ունի ուսանողուհին, ուսանողուհին կարող է ունենալ ցանկացած հայացք: Եվ որեւէ մեկը մեր բուհում որեւէ մեկին քաղաքական գործընթացի մեջ ներքաշելու իրավունք չունի, քաղաքական հայացքների համար որեւէ մեկին ինչ-որ ձեւով ճնշելու իրավունք չունի, դա իմ սկզբունքներին հակառակ է: Դա հերյուրանք եմ համարում: Եվ երբ այդ տեսակ են փորձում շահարկել, դա էլ համարում եմ իմ հանդեպ քաղաքական հետապնդում»:

Երվանդ Սերոբյանը հավելեց. «Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ուսանողի վարձի քառասուն տոկոսը բուհը զեղչ է արել, եթե հայացքների համար հետապնդում էինք, ինչպե՞ս ենք զեղչել: Ուսանողուհին այս կիսամյակում զեղչի դիմում չի էլ գրել, բայց մենք ունեինք հովանավոր, եւ իրեն մտցրել ենք հովանավորվողների ցուցակի մեջ: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե այդ ուղղությամբ են խնդիրը տանում, ուրեմն հատուկ քաղաքականացնում են, ստացվում է՝ ով ինչ դժգոհություն ունի, պետք է ասի՝ վայ ես քաղաքական հետապնդմա՞ն եմ ենթարկվում:

Քանի դեռ ես այս բուհի ղեկավարի աթոռն եմ զբաղեցնում, նման բան լինել չի կարող: Մեր շատ դասախոսներ ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց ես այդ մարդկանց հետ գործընկերային հարաբերությունների մեջ եմ, եւ մեր աշխատանքները շատ նորմալ կազմակերպվում են: Մարդը կարող է ունենալ ցանկացած հայացք, ինչի համար նրան ոչ ոք հետապնդելու իրավունք չունի»,-պարզաբանեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը :

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930